ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Հայաստանում տեղի է ունեցել Դաշնակցութեան մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը, որի ընթացքում քննարկուել են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական քարոզչութեանը հակազդելու վերաբերեալ մի շարք հարցեր:
Երկուշաբթի օր՝ համաժողովի վերջին օրը, մասնակիցներն իրենց քննարկումներն անցկացրել են՝ հանդիպելով հայաստանեան լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ: Ներկայ էր նաեւ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանը:
ՀՅԴ Բիւրոյի հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Արտակ Սարգսեանը նշեց, որ Հայաստանում են ՀՅԴ լրատուամիջոցների պատասխանատուներ աշխարհի 12 երկրներից: «Քննարկում էինք ոչ միայն ներկուսակցական խնդիրները քարոզչական ճակատում, այլեւ ընդհանուր՝ մեր համազգային խնդիրները, որ ունենք արտաքին եւ ներքին հարթակներում», ասաց նա:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղուան Վարդանեանն էլ ափսոսանք յայտնեց, որ Հայաստանում չի եղել եւ չի կարողացել մասնակցել դաշնակցական մամուլի հերթական խորհրդաժողովին: «Իրօք, այս խորհրդաժողովները, որ պարբերական են, երկու տարին մէկ արուածն ամփոփելու եւ նոր հորիզոններ գնալու լաւ առիթ են: Ուրախութեամբ տեսնում եմ, որ նաեւ դաշնակցական մամուլի ներկայացուցիչների սերնդափոխութիւնն է ակնյայտ. երիտասարդութիւնը կամաց իր տեղն է գրաւում, եւ վստահ եմ, որ խորհրդաժողովը ծառայել է իր բուն նպատակին», ասաց նա:
Անդրադառնալով խորհրդաժողովի մասնակիցների՝ հայաստանեան լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Վարդանեանը նշեց, որ այն շատ կարեւոր է: «Սա այն դաշտն է, որտեղ անջրպետներ, բաժանումներ չկան: Դուք իշխանութիւն էք, դուք իշխանութեան մի համակարգ էք, եւ պիտի կարողանանք միասնաբար լուծել այն խնդիրները, որոնք կան մեր հասարակութեան, պետականութեան, Սփիւռքի, Արցախի առջեւ՝ համատեղ, միմեանց աջակցելով, լրացնելով: Բնական է՝ մօտեցումները տարբեր են, ամէն մէկը նայում է իրականութեանն իր աշտարակից, բայց այս դաշտում համախոհութիւնը, համագործակցութիւնը շատ կարեւոր է: Ուրախ կը լինեմ, որ այսօրուայ անմիջական շփումներից յետոյ ուղղակի կապեր հաստատուեն մեր տարբեր լրատուամիջոցների միջեւ, ամէնօրեայ շփումներ լինեն, իրար փոխանցէք գաղափարներ եւ կարողանաք մեր երկիրը, հասարակութիւնն աւելի լաւը դարձնել», ընդգծեց նա:
Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանն ասաց, որ, ընտրուելով այդ կառոյցի նախագահ, ելոյթում նշել է Սփիւռքի մամուլի կարեւորութիւնը: «Առաջին հերթին կարեւորում եմ պրոֆեսիոնալ առումով: Մենք տարբեր երկրներում ենք աշխատում, եւ մեզ համար շատ կարեւոր է փորձի փոխանակումը պրոֆեսիոնալ մակարդակում: Յունիսի սկզբին միութիւնում տեղի կ՛ունենայ արտահերթ համագումար, որի ընթացքում կը ներկայացուի նոր կանոնադրութիւնը: Այդտեղ մի առանձին հատուած պէտք է լինի սփիւռքեան մամուլի հետ համագործակցութեան վերաբերեալ», տեղեկացրեց նա, ապա նշեց, որ Սփիւռք էլ կ՛ուղարկեն, որպէսզի ծանօթանան եւ առաջարկներ ներկայացնեն յունիսեան համագումարին:
Սէյրանեանը նաեւ կոչ արեց, որպէսզի ՀՅԴ սփիւռքեան մամուլի ներկայացուցիչներն էլ անդամակցեն Հայաստանի ժուռնալիստների միութեանը: