ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ
ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ.- Կիրակի, 11 Փետրուար 2018ին, կ. ե. ժամը 1ին, յաւարտ Ս. պատարագի, ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի» Տէր Ղազարեան» սրահում տեղի ունեցաւ եկեղեցւոյ դաստիարակչական յանձնախբի կազմակերպած դասախօսութիւնը՝ նուիրուած «Սալմաստի ժառանգութիւնը՝ արուեստին, մշակոյթին եւ պատմութեան» նիւթին: Ձեռնարկին մաս էր կազմում Սալմաստ ժառանգական միութիւնը: Դասախօսն էր դոկտ. Մարքօ Պրամպիլլա: Ձեռնարկը կազմուած էր չորս բաժիններից՝ ասմունք, դասախօսութիւն, հիւրասիրութիւն եւ տեսաերիզի ցուցադրութիւն: Հիւրասիրութեան ընթացքում ճաշակուեցին Սալմաստի ճաշեր, իսկ տեսաերիզում ցուցադրուեցին Սալմաստի վայրերից տեսարաններ եւ հարցազրոյցներ Սալմաստում հայ բնակիչներից մի քանիսի հետ՝ պատրաստուած Շիրակ Խօճայեանի կողմից, 2016 թուականի աշնան Պարսկաստանի Ատրպատական նահանգը այցելութեան ընթացքին:
Եկեղեցիի դաստիարակչական յանձնախմբի պատասխանատու Վահէ Հայրիկեանը նախ բեմ հրաւիրեց Սալմաստի ժառանգական միութեան փոխատենապետ Էդիկ Հայրապետեանին՝ արտասանելու Սալմաստի Մահրամ գիւղի նախկին բնակիչ Հայկ Բաղդասարեանի Սալմաստի ոճով գրած բանաստեղծութիւնը: Ապա Վահէ Հայրիկեանը ամբիոն հրաւիրեց հիւր դասախօս Մարքօ Պրամպիլլային, որ մասնագէտ է ճարտարապետութեան պատմութեան, ի մասնաւորի՝ հայկական եւ իսլամական ճարտարապետութեանց:
«Ո՞ւր է Սալմաստը, չգիտենք: Միայն գիտենք, որ Սալմաստի ամբողջ շրջանը գտնւում է Պարսկաստանի հիւսիս-արեւմտեան շրջանի Ուրմիոյ լճի կողքին»: Այսպիսով իր դասախօսութիւնը սկսեց ճարտարապետ Մարքօ Պրամպիլլան:
50,000 տարուայ բնակչութեան պատմութիւն ունեցել է Սալմաստի շրջանը, եւ 10,000 տարի Քրիստոսից առաջ այնտեղ գտնւում էին գիւղեր եւ գիւղաքաղաքներ ու որոշ պեղումներից յայտնաբերուած իրեր, որոնք գտնւում են Ուրմիոյ թանգարանում, այդ են վկայում:
Ուրարտական շրջանում (9րդ-6րդ դարերին) Քրստոսից առաջ, Բագրատունեաց շրջանին (10րդ դար) եւ Տիգրան Մեծի ժամանակ Սալմաստի շրջանը եղել է հայկական տիրապետութեան տակ եւ հազարաւոր դարեր բնակեցուած է հայ բնակչութեամբ:
Սալմաստ անունը ի յայտ է եկել 9րդ եւ 10րդ իսլամական քարթոգրաֆ քարտէսներում եւ այդ ցուցադրում է այդ շրջանի նշանակութիւնը այն ժամանակաշրջանի ընթացքում:
Պատմագրութեան մէջ նշւում է, որ Սալմաստում 200ից աւելի զուտ հայկական գիւղեր եւ աւաններ են եղել, որ դարերի ընթացքում հայաթափուել են եւ փոխարինուել քիւրդերի, սիւննի թուրքերի եւ ասորիների: Հայկական հին գիւղերից են եղել Փայաջուկը (Րաֆֆու ծննդավայրը), Մահլարը, Հին Քաղաքը, Հաւթվանը, Ղալասարը, Սառնան, Սաւրան, Սարամերիկը, Ախտախանը, Կզլզանը եւ Վարդանը: Հայ բնակչութեան փոքր մասը վաճառականութեամբ, ապա մի այլ մասը՝ որպէս արհեստաւոր, եւ մեծամասնութիւնը գիւղատնտեսութեամբ էր զբաղուած: Շրջանի կրթօջախները թոյլ էին եւ ուսուցիչները քիչ: Սալմաստի շրջանը լի է տափակ դաշտերով, պտղատու (խնձորի) ծառերով եւ լեռներով: Զօլա եւ Դենիկ գետերը անցել են այս շրջանից: Ցեխով եւ կաւով կառուցուած տները չեն ունեցել դիմակայութիւն յաղթահարելու բնութեան չարիքները, ինչպիսին երկրաշարժները եւ այլն:
Պատմայուշարձաններով եւ յայտնի քանդակագործութեամբ լի է Սալմաստի ամբողջ շրջանը: Կիսաքանդ բերդեր, ջրամբարներ, եկեղեցիներ, մշակութային կոթողներ, որոնց մեծ մասը պատկանում է հայութեանը: Յայտնի քանդակներից է՝ Տրդատ 2րդ թագաւորը Սասանեանների հետ հաշտեցման պայմանագիր կնքելու պահին, Հայաստանի արքայական նշանը յանձնման ժամանակ: Մի այլ քանդակում նկարագրուած է Վահան Մամիկոնեանը՝ Խոյ քաղաքում պայմանագրի կնքման ժամանակ Սասանեանների հետ, իր կալուածները այնտեղ պահելու համար: Անդրանիկ զօրավարը այստեղ է կռուել Օսմանեան բանակի դէմ եւ յաջողել նրանց յետ շպրտել: Մեր պատմութեան ազատագրական պայքարը այստեղից է ծնուել եւ սնուել:
Սալմաստի շրջանում եւ ընդհանրապէս Պարսկաստանի Ատրպատական նահանգում կարելի է գտնել մի քանի հազուագիւտ դասական եւ քարէ կառուցուած հայկական եկեղեցիներ, որոնց շարքին են Ս. Թադէի վանքը եւ Ս. Ստեփանոսը: Նաեւ կարելի է գտնել մի եկեղեցի Թաւրիզում, որ կառուցուած է աղիւսով, իսկ գմբէթը մզկիթի մինարէթի նման է, բայց ունենալով զուտ հայկական եկեղեցու յատակագիծ:
Սալմաստի շրջաններում նշմարելի են նաեւ զանազան մանրաքարերից, փայտից եւ կաւից կառուցուած տափակ տանիքով հայկական եկեղեցիներ, որոնց կիսակամար գմբէթները կը գտնուեն տափակ տանիքի տակ եւ դրսից որեւէ կերպ նշմարելի չէր եկեղեցի լինելու պարագան: Նաեւ շրջանում նշմարելի են կաթողիկէ եւ ասորական որոշ եկեղեցիներ: Յատկանշական են նաեւ Խոյի շրջանի 14րդ դարի գերեզմանները:
1828 թուականի Թուրքմենչայի պայմանագրի եւ Առաջին Համաշխարհային պատերազմի հետեւանքով Սալմաստի գիւղերից մօտաւորապէս 35,000 հայ բնակիչներ գաղթել են այդ թուերին դէպի նախկին Սովետական Հայաստան եւ ապաստանել այնտեղ:
Այսօր Ուրմիոյ եւ Թաւրիզ քաղաքի հայ բնակչութեան թիւը Պարսկաստանի Ատրպատական նահանգում կարելի է միայն հաշուել երկու հազար, իսկ այս նահանգի մէջ գտնուող Սալմաստ շրջանը ամբողջութեամբ հայաթափ դարձած է, իր մէջ ունենալով միայն 4-5 հայ ընտանիքներ:
Առ ի գիտութիւն՝ ներկայում Պարսկաստանի Թաւրիզ քաղաքի համալսարանում, Իտալիայի Փոլիթեքնիք համալսարանում, UCLA համալսարանում եւ Հայաստանի Պետական համալսարանում դասաւանդում են դասընթացքներ Սալմաստի մասին եւ նրանք, ովքեր հետաքրքրուած են UCLA համալսարանի մէջ ընթացող Ապրիլ, 2018 թուականից սկսեալ դասընթացքներով, կարող են կապուել Սալմաստ ժառանգական միութեան գրասենեակին՝ (818) 940-0058 թուով: