«ԱՌԱՒՕՏ»
Մարտի 2ին նախագահ ընտրուեց Արմէն Սարգսեանը, որը վայելում է այդ շրջանակների աջակցութիւնը: Երրորդ նախագահն իր այդ մտադրութեան մասին խօսում էր վաղուց, իսկ չորրորդ նախագահի ընտրութեան հարցն էլ, ըստ էութեան, լուծուած էր առաջադրման պահին: Բայց քաղաքականութեան մէջ իրադարձութիւնների յաջորդականութիւնը կրում է առնուազն խորհրդանշական բնոյթ, իսկ խորքում նաեւ ունի, կարծում եմ, ներքին տրամաբանութիւն:
Սովորաբար ասւում է, որ Արմէն Սարգսեանի առաջադրումը ժեստ էր՝ ուղղուած Արեւմուտքին: Դա ճիշդ է միայն մասամբ: Ընտրուած նախագահը, երկար ժամանակ ապրելով Բրիտանիայում՝ անշուշտ կապուած է արեւմտեան մշակոյթի հետ՝ այդ բառի լայն իմաստով. նկատի ունեմ աշխատանքի կազմակերպումը, շփման ոճը եւ այլն: Բայց, որքան ինձ յայտնի են Արմէն Սարգսեանի կենսագրութեան առանձնայատկութիւնները, նա որոշակի կապեր ունի նաեւ ռուսաստանեան տնտեսական («էներգետիկ») վերնախաւի հետ: Սակայն եթէ խօսենք «ժեստերի» մասին, ապա նման թեկնածութեան առաջադրումն ուղերձ էր նաեւ Սփիւռքին: Յիշո՞ւմ էք, երբ քննարկւում էր նոր Սահմանադրութիւնը, գաղափար կար, որ չորրորդ նախագահն ընտրուելու է նաեւ Սփիւռքի կառոյցների ներկայացուցիչների կողմից: Այնուհետեւ այդ գաղափարից հրաժարուեցին՝ հաւանաբար, այն պատճառով, որ դա տեխնիկապէս շատ դժուար կը լինէր իրականացնել, եւ այդ կառոյցներն իրար հետ վիճելու են, թէ իրենցից ո՛վ իրականում ի՛նչ կշիռ ունի Սփիւռքում: Բայց Արմէն Սարգսեանի թեկնածութեան առաջադրումն ինչ որ չափով մեղմում է այդ դրութիւնը, որովհետեւ նրա «նախընտրական» հանդիպումները Եւրոպայի ու Լիբանանի սփիւռքեան կառոյցների հետ, կարծես թէ, վկայում են, որ 4րդ նախագահի հարցում այդ կառոյցներում հակասութիւններ չկան: Չնայած 26 տարի խօսւում է Սփիւռքի կարեւորութեան մասին, մենք (նկատի ունեմ մեզ բոլորիս՝ աշխարհով սփռուած առնուազն 10 միլիոն հայերիս) դեռեւս չենք գտել համագործակցութեան ալգորիթմը, որն էապէս կը տարբերուէր Սփիւռք-Խորհրդային Հայաստան յարաբերութիւններից. դրանց նշանակութիւնը նոյնպէս չարժէ նսեմացնել՝ պարզապէս անկախ պետութեան պարագան, ինչպէս հասկանում էք, բոլորովին այլ է: Չեմ կարծում, որ վաղն այս հարցում ամէն ինչ կը փոխուի, բայց գուցէ Արմէն Սարգսեանը կը սկսի փնտռել այդ ալգորիթմը: Խօսքը, բնականաբար, աւանդական Սփիւռքի մասին է՝ այն հայրենակիցների, որոնց մի քանի սերունդները հաստատուել են աշխարհի տարբեր երկրներում: Աւելի բարդ է այն հարիւր հազարաւոր մարդկանց խնդիրը, ովքեր Հայաստանից գնացել են վերջին 25 տարուայ ընթացքում եւ, որպէս կանոն, դառնացած են հայրենիքից: Նրանց հետ նոյնպէս պէտք է աշխատել, բայց ինչպէս՝ ես, ճիշդն ասած, չգիտեմ:
Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով` http://www.aravot.am/2018/03/03/940516/