Թուրքալեզու Mezopotamyaa-jansi.com քրդական լրատուական գործակալութիւնն անդրադարձել է Աֆրինում մնացած վերջին հայի՝ Յարութ Գէորգի պատմութեանը, որը նաեւ Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերի յետնորդներից է, հաղորդում է «Ակունք»ը:
Աղբիւրի համաձայն՝ արդէն 19 օր է, ինչ շարունակւում է Աֆրինի գործողութիւնը: Այստեղ մնացած միակ հայը՝ Յարութ Գէորգը, այս գործողութեան հետեւանքով վերստին յիշում է Մեծ Եղեռնը: 61 տարեկան Յարութ Գէորգի ընտանիքը Ցեղասպանութիւնից յետոյ տեղափոխուել է նախ Էզազ, ապա՝ Հալէպ: 50 տարի առաջ Աֆրին փոխադրուած Գէորգը մասնագիտութեամբ դարբին է: Նա 4 զաւակ ունի:
Յարութ Գէորգը գործակալութեան թղթակցի հետ զրոյցում մասնաւորապէս ասել է. «Ես Այնթափի հայերից եմ: 1915թ. ենք այնտեղից աքսորուել: Ցեղասպանութեան ժամանակ եկանք Հալէպ, աւելի ուշ տեղափոխուեցինք Աֆրին: Ինձ հետ բազմաթիւ հայ ընտանիքներ կային: Նրանց մեծ մասը զոհուեց, մի մասն էլ պատերազմի հետեւանքով արտագաղթեց: Աֆրինում միայն ես եմ մնացել: Այստեղ բնակուող միւս բոլոր ժողովուրդների հետ միասին տէր ենք կանգնում մեր քաղաքին: Թուրքիան 100 տարի է, ինչ շարունակում է իր յարձակումները: Ինչպէս որ այն ժամանակ է կանանց ու երեխաներին սպանում, հիմա էլ է նոյն բանն անում: Ցեղասպանութիւնը մի դար յետոյ վերստին գտաւ մեզ»:
Գէորգը Թուրքիայից պահանջելով վերջ տալ այդ յարձակումներին՝ նաեւ ընդգծել է, որ Աֆրինը միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, եւ յաւելել է. «Այլեւս հերի՛ք է: Արիւն մի՛ հեղէք: Մարդկանց վրայ մի՛ յարձակուէք: Աֆրինը Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր: Ինչո՞ւ էք ձգտում աւիրել մարդկանց ապաստարանը դարձած այս քաղաքը»:
Հարցազրոյցի վերջում Գէորգը նաեւ մի քանի խօսք է ասել իր մայրենիով՝ հայերէնով, ապա նշել. «Մենք մեր հայրենի տնից-տեղից աքսորուեցինք Թուրքիայում: Եկանք այստեղ: Հիմա ջանում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս պատերազմն ու յարձակումները դադարեցուեն: Թող բոլորը անսան մեր ձայնը: Մեր կոչն ուղղուած է աշխարհի բոլոր ժողովուրդներին»:
Թարգմանեց՝
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ