ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Սահմանամերձ ու սահմանապահ Թալիշում էլ զգացուել է Ամանորի շունչը:
Արդէն մօտ երկու տարի է անցել ապրիլեան քառօրեայ պատերազմից: Արդէն երկու տարի է, ինչ թալիշցիներից շատերն ապրում են հայրենի օջախներից հեռու, ոմանք՝ Ալաշանում, շատերը՝ Արցախի այլ բնակավայրերում եւ անգամ Արցախից դուրս: Ապրիլեան պատերազմի օրերին հիմնայատակ աւերուած գիւղը, սակայն, Ամանորին կրկին կենդանութիւն է առնում: Մի աներեւոյթ ուժ թալիշցիներին քաշում, բերում է հայրենի գիւղ: Այս տարին էլ բացառութիւն չեղաւ:
Նոր տարին Թալիշը դիմաւորել է մանկական երգ ու պարով, ամենաբարի ցանկութիւններով ու նուէրների առատութեամբ: Արցախի իշխանութիւններն ապահովել են Թալիշում անվտանգ տօները: Փոքրիկներին այցելել են հեքիաթների հերոսները, Ձմեռ պապն ու Կաղանդ պապը: «Ձմեռ պապին տեսնելը, Ձիւնանուշի հետ պարելը, նուէր ստանալը նրանց համար արդէն ամէն ինչ է: Օրը շատ հետաքրքիր էր, գեղեցիկ, յագեցած եւ իմաստալից բոլորի համար», ասում է թալիշցի մանկավարժ Ֆեդիա Ապրեսեանը:
Արդէն 2րդ տարին է, ինչ տեղահանուած թալիշցիներն Ամանորը տօնելու համար ժամանում են հայրենի գիւղ: Նրանց առաջին հիւրերն էին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը: «Թալիշցիները միշտ էլ հռչակուած են եղել իրենց հիւրասիրութեամբ, սեղանների առատութեամբ: Եւ նման հանդիպումներն, ինչ որ տեղ, կարծում եմ, լրացնում են այն պակասը, որ կայ, որ մենք նախկինում մեծ շուքով, մեծ տրամադրութեամբ տօնել ենք Նոր տարին: Հեռու չէ այն պահը, որ իւրաքանչիւր թալիշցի իր հարազատ օջախում հնարաւորութիւն կ՛ունենայ վայելելու նոր տարին դիմաւորելու բերկրանքը», լաւատեսութիւնը չի թաքցնում Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսեանը:
Ամանորը Թալիշում առաւել ուրախ տրամադրութեամբ անցկացնելու համար բաւական մեծ աշխատանք է իրականացրել նաեւ Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը: Նախարար Սերգէյ Շահվերդեանն էլ Ամանորի առթիւ Թալիշ մեկնած բարձրաստիճան պաշտօնեաների պատուիրակութեան կազմում էր: Խոստանում է. Թալիշում 2018ին մշակութային միջոցառումներ են անցկացնելու՝ աւելի մարդաշատ, աւելի աշխոյժ. «Մենք միշտ էլ ձգտում ենք լինել այնտեղ, որտեղ մեր կարիքը շատ աւելի է զգացւում: Մենք պիտի շարունակենք Մարտակերտի շրջանին, յատկապէս Թալիշին ու Մատաղիսին, մեծ ուշադրութիւն ու մշակութային կեանքն աւելի բազմազան դարձնել»: Տօներից յետոյ շարունակուելու է գիւղի վերակառուցման ծրագիրը: Թալիշը կ՛ունենայ ժամանակակից չափանիշներին համապատասխան մշակոյթի տուն, համայնքային կենտրոն, դպրոց, մանկապարտէզ, հանդիսութիւնների սրահ: Աշխատանքների մի մասն արդէն իսկ աւարտին է հասցուած: Հասարակական նշանակութեան կառոյցների մի մասն արդէն պատրաստ է: Ենթակառուցուածքները պատրաստ են: Մեկնարկել է առանձնատների կառուցումը: Նախագահ Սահակեանը վստահեցնում է. ռազմավարական ծրագրերը շարունակուելու եւ ամբողջութեամբ իրագործուելու են: «Այդ համոզմունքն է, որ ուղեկցել է մեզ՝ յաղթահարելու 2017 թուականի դժուարութիւնները: Մենք արդէն իսկ լուծել ենք բազմաթիւ խնդիրներ եւ այդ նոյն համոզմունքով ստեղծելու ենք աւելի բարենպաստ պայմաններ յաջորդ մեր յաջողութիւններն արձանագրելու համար», թալիշցիների հետ հանդիպմանն ընդգծել է Արցախի նախագահը: Սեփական տանիքի փոխարէն՝ բաց ու խաղաղ երկնքի տակ, բայց հայրենի գիւղում, անսպառ լաւատեսութեամբ ու տօնական սեղանների շուրջ թալիշցիները նշել են Ամանորը՝ վստահ, որ 2018ը լինելու է վերադարձի տարի: Գարնան հետ կրկին կ՛ակտիւանան (կ՛աշխուժանան-Խմբ.) գիւղի վերականգնման աշխատանքները, եւ դա՝ նաեւ թալիշցիներից շատերի անմիջական մասնակցութեամբ:
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»