ԱԻԴԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Գայիանէ Մահսէրէճեանն այն եզակի կանանցից է, որն աշխատում է Սաուդեան Արաբիայի մայրաքաղաքում մետրոյի շինարարութիւնում: Երեւանում ծնուած, սակայն, Բէյրութում մեծացած Գայիանէն «Նիուզ»ին տուած հարցազրոյցում յիշում է իր լիբանանեան երիտասարդութեան, տարբեր երկրներում աշխատանքի եւ փորձի մասին:
«Ծնողներս հանդիպել են, երբ հայրս Բէյրութից եկել էր Երեւան սովորելու Երեւանում: Սիրահարուել են, ամուսնացել, համալսարանն աւարտելուց յետոյ հայրս այստեղ աշխատանք չէր կարողանում գտնել, երեք տարի անց ստիպուած էր Բէյրութ վերադառնալ: Մենք էլ պիտի գնայինք, բայց պատերազմը սկսուեց, միայն հօրս գնալուց երկու տարի անց մենք կարողացանք Բէյրութ մեկնել: Երբ գնացինք, ես արդէն 6 տարեկան էի, պատերազմ էր… երբ պատերազմն աւարտուեց, ես ընդունուեցի համալսարան ինժեներութեան բաժինը, ինչը նշանակում էր՝ ընտանիքս ամէն զոհողութեան պէտք է գնար իմ ուսման համար:
Պարտականութիւններ ունէի ընտանիքիս նկատմամբ, հայրս գրեթէ չէր աշխատում, եղբայրս բանակում էր, ես պէտք է տունը պահէի, փոքր եղբայրս էլ ինձ զաւակի պէս էր, պիտի պահէի: Ես արդէն 32 տարեկան էի, բաւականին մեծ էի Եւրոպա գնալու համար: Մեկնեցի Քաթար, օդանաւակայանում սկսեցի աշխատել: Այնտեղ ինժեներ էի աշխատում, 1.5 տարի աշխատել եմ այնտեղ:
Քաթարից մեկնեցի Աբու Դաբի, որտեղ նաւահանգիստը սկսեցինք կառուցել, նախագիծը մենք ենք արել, կարելի է ասել՝ կեանքն ինձ տարաւ Աբու Դաբի: 1 տարի 8 ամիս էլ այնտեղ եմ աշխատել, փորձս կամաց-կամաց աւելանում էր, գործս էլ լաւագոյնս էի կատարում: Մի անգամ ինձ զանգեցին, թէ աշխատանքի առաջարկ ունեն ինձ համար: Վեր կացանք ու ընկերուհիներով մեկնեցինք Դուբայ այդ աշխատանքի յետեւից: Ինձ այնտեղ ասացին, որ աշխարհի լաւագոյն ընկերութիւններից մէկն ինձ աշխատանքի է հրաւիրում, գնացի, ծանօթացայ ու որոշեցի մնալ: Բիզնես կենտրոն էինք նախագծելու:
Օմանը շատ գեղեցիկ երկիր է: Ինչ որ ունէինք Դուբայում, տարանք Օման: Հետաքրքիր էր փորձն Օմանում, օմանցիները շատ օրիգինալ են, ընկերասէր, հիւրընկալ: Շատ են ուրախանում, որ իրենց երկրում ես աշխատում, մի նոր բան ես բերում իրենց երկիր: Երբ որ Բէյրութ էի գնում, տեղս չէի գտնում, հայ ես՝ հայ, լիբանանցի ես՝ լիբանանցի: Մարդ իր օրէնքներին պիտի հետեւի, ուրիշ օրէնքներ ես չեմ իմանում:
Վերջին անգամ Հայաստան էի եկել 2014թ.ին՝ հայկական անձնագիր վերցնելու: Այս անգամ յատուկ արձակուրդ եմ վերցրել ու եկել Երեւան: Շատ կ՛ուզէի այստեղ նոր բան անել, որովհետեւ զարգացման մեծ ներուժ ունի:
Ես հին Երեւանն եմ սիրում, երբ նախորդ անգամ եկայ, Հիւսիսային պողոտան նոր էր կառուցւում, հիմա արդէն մոլ էլ կայ այնտեղ: Շատ երկրներում եմ եղել, բայց Երեւանը եզակի գեղեցկութիւն ունի, հինն ու նորը միաձուլուած են: Կ՛ուզէի, որ բարձրայարկ շէնքեր չլինեն, 3-4 յարկանի շէնքերը մնային, ֆրանսիական ոճով շէնքերն աւելի շատ լինեն: Օրինակ, Դուբայում այսքան գեղեցիկ շէնքեր չկան, Երեւանում հին շէնքերի մէջ աւելի հոգի կայ: Պէտք է գովազդել մեր մայրաքաղաքը, որ աւելի շատ զբօսաշրջիկներ գան»: