ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ
Գնդապետ Գեղամ Գաբրիէլեանի հրամանատարութեամբ գործող զօրամասում ենք: Անձնակազմը շարուած է առաւօտեան հերթափոխի: Զօրամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալեանը, օրուայ կարգացուցակով առաջնորդուելով, հրահանգաւորում է ստորաբաժանումների ղեկավարներին: Օրը Կիրակի է, յագեցած է տարաբնոյթ միջոցառումներով, մրցոյթներով: Աւարտին ի մի կը բերուեն բոլոր արդիւնքները, եւ յաղթողները զօրամասի հրամանատարի հրամանով կը խրախուսուեն տարբեր պարգեւներով՝ ազատ արձակման թերթիկներ, պատուոգրեր…
«Զինուորի առօրեան պէտք է հետաքրքիր ու բովանդակալից լինի, որ ծանրաբեռնուած պարապմունքներից յետոյ լիարժէք հանգստանան, լիցքաթափուեն: Անձնակազմի հետ տարուող աշխատանքներում շեշտն առաջին հերթին դրւում է անձի դրական յատկանիշների, վարքագծի օրինակելի կողմերի վրայ: Ծառայութեան են գալիս տարբեր խառնուածքի, տարբեր դաստիարակութեան, կրթական տարբեր մակարդակների զինուորներ, եւ բանակում սպան է ուղղորդում զինուորի գիտակցական, զգայական աշխարհը, ու անչափ կարեւոր է սպայի դերը. սպան գիտելիքով հարուստ պէտք է լինի, գիտակցի իր պատասխանատուութիւնը, մէկտեղի, համախմբի իր բոլոր հնարաւորութիւնները եւ մշտապէս կատարելագործի մասնագիտական որակներն ու ունակութիւնները: Աշխատանքների արդիւնաւէտութիւնն էլ ապահովելու համար երբեք չպէտք է բաւարարուել ձեռքբերածով, անհրաժեշտ է անընդհատ եւ համակարգուած աշխատանք տանել անձնակազմի իւրաքանչիւր օղակում եւ առաջ շարժուել ժամանակի հրամայականով, ամէն ժամն ու վայրկեանը նպատակային օգտագործել», նշում է փոխգնդապետ Քամալեանը ու շարունակում. «Արուեստի դպրոցների հետ ենք կապ հաստատել, մեր զինուորները մասնակցում են «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղին, ազգագրական երգի-պարի համոյթները յաճախ են հանդէս գալիս զօրամասում: Ամէն ինչ՝ անգամ երգ, պար, ֆիլմի դիտում, ինքնանպատակ չէ, ամէն կերպ պէտք է հարստացնել զինծառայողների գիտելիքները, մշակոյթով «ներազդել» զինուորի ենթագիտակցութեան վրայ, խթանել ռազմահայրենասիրական դաստիարակութիւնը:
Արա Քամալեանը բոլորովին վերջերս է նշանակուել այս զօրամասում:
«Դպրոցական տարիներին երազում էի բժիշկ դառնալ», անկեղծանում է փոխգնդապետը, «Փոքր տարիքում առողջական լուրջ խնդիրներ եմ ունեցել, ու մի հրաշալի բժշկուհի փրկել է կեանքս: Բժշկուհու կեանք պարգեւող կերպարն ինձ այնչափ էր ոգեւորել, որ ուզում էի յատկապէս մանկաբոյժ դառնալ, մարդկային կեանքեր փրկել… դպրոցը որոշել էի գերազանց աւարտել, որ նպատակս առանց դժուարութիւնների իրագործէի…»։
Արա Քամալեանը գերազանց գնահատականներով աւարտել է դպրոցը, բայց…
«Արդէն 24 տարի զինուորական համազգեստ եմ կրում», ժպտում է փոխգնդապետը:
Ժամանակներն ուրիշ էին, ժամանակն այլ թելադրանք ունէր. 1992թ. Յուլիսի 28ին ծննդավայրը՝ Ճարտարը, մեծածաւալ յարձակման ենթարկուեց, գիւղը եօթ կորուստ ունեցաւ, Արայի հայրը, որ գիւղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից էր, զոհուեց… թշնամու ճանապարհը փակելը հրամայական էր:
1993թ. Սեպտեմբերից զինուորագրուեց… Ականանետային դասակի հրամանատար էր, մարտկոցի աւագ սպայ, յետոյ՝ դիվիզիոնի հրամանատար, 2013թ.՝ պաշտպանականի հրամանատարի տեղակալ, այս տարուայ Օգոստոսից էլ նշանակուել է այս զօրամասում:
«Զինուորականի մասնագիտութիւնն էլ ինչ-որ առումով նման է բժշկի մասնագիտութեանը». փորձում եմ համեմատութեան եզրեր գտնել. «Դեռ մի բան էլ աւելին՝ զինուորականը ոչ թէ մի մարդու կեանք է փրկում, այլ՝ հազարաւորների, ամբողջ ժողովրդի անվտանգութիւնն է ապահովում։ Սպան ենթակայի մէջ պէտք է տեսնի իր զաւակին, զինուորին վերաբերուի այնպէս, ինչպէս կը վերաբերուի իր սեփական զաւակին, խստութիւնն էլ չի բացառւում, երեխայի հանդէպ էլ ես խիստ ու պահանջկոտ, կարծում եմ՝ զինուորը հասկանում է խստութեան տակ թաքնուած սրտացաւութիւնը ու չի նեղանում…»
Փոխգնդապետը հինգ երեխայի հայր է:
Շրջում եմ զօրամասում, ամէնուր մարզական միջոցառումներ են. մի տեղ պարանի ձգում է, մի այլ տեղ շաշկի, շախմատ են խաղում: Շախմատ խաղացող տղաներից մէկի ռուսերէն խօսուածքը գրաւում է ուշադրութիւնս: Ալբերտ Խանդանեանը երկար տարիներ Մոսկուայում է ապրել, վերջերս է վերադարձել Ռուսաստանից՝ ծառայելու նպատակով: Արմատներով Սեւան քաղաքից է:
«Կարօտել էի Սեւանը՝ օրուայ մէջ փոփոխուող իմ հազարագոյն լիճը», արդէն հայերէն անկեղծանում է երիտասարդը ու ոգեւորուած նկարագրում-ներկայացնում է Գեղամայ գեղեցկուհու բոլոր գոյներն ու նրբերանգները տարուայ տարբեր եղանակներին ու ժամերին, յետոյ լրացնում է՝ հայրենիքը միայն հեռուից չեն սիրում, եկել եմ ծառայելու: Ալբերտի շախմատի խաղընկերը՝ Արծրուն Մեսրոպեանը, որ մինչ այդ ժպիտով ունկնդրում էր ընկերոջ պատկերաւոր նկարագրութիւնը, հաստատում է՝ իրօք, մեզնից իւրաքանչիւրը պիտի կարեւորի իր դերը հայրենիքն ամուր պահելու գործում: Ի դէպ՝ Արծրունի աւագ եղբայրը՝ Արամայիսը, ապրիլեան քառօրեայ պատերազմի մասնակից է:
Շախմատիստ տղաներին բոլոր մարտերում միայն ու միայն յաղթանակներ մաղթելով՝ լսարանից դուրս եմ գալիս:
Հաճելի եղանակ է: Զինուորները հաւաքուել են տաղաւարում ու զրուցում են: Ծանօթանում եմ, որպիսութիւնից հարցնում:
«Ընդամէնը մի քանի ամիս առաջ քաղաքացիականում էի, հիմա ամէն ինչ զինուորական կարգուկանոնով է՝ ուտել, քնել, հանգստանալ, պարապել զինուորական ժամանակացոյցով՝ սովորական զինուորի առօրեայ», բանակային կեանքը համառօտ ներկայացնում է տղաներից մէկը՝ Վահէ Յակոբեանը, ապա նկատելով ձեռքիս ձայնագրիչը՝ նկատելիօրէն աշխուժանում է.
«Ես էլ «Արմէնպրես»ի լրագրող եմ, մասնագիտութեան բերումով բանակային կեանքը քիչ չեմ լուսաբանել, եղել եմ տարբեր զօրամասերում, զրուցել հայրենի եզերքն ամուր ու անառիկ պահող զինուորների հետ, հիմա ես եմ զինուորական կեանքի առանցքում: Ուզում եմ թերթում անպայման գրէք՝ մեր վաշտը, զօրամասը շատ լաւն է: Տղերքն էլ նուիրումով ծառայում են: Ազատ ժամանակ կարդում եմ, զօրամասի գրադարանում գրքերի պակաս չկայ, ամէն ժանրի գիրք էլ կը գտնէք, Դոստոեւսկու «Կարամազով Եղբայրներն» եմ վերցրել ընթերցելու», շարունակում է Վահէն ու հաւելում. «Նօթատետրումս էլ գրառումներ, նշումներ եմ կատարում, փորձում եմ ներկայացնել բանակային առօրեան… Ծառայութիւնից յետոյ դարձեալ իմ գործին կը լինեմ, հաւատացէք, արդէն կարօտել եմ…»։
Զրոյցից պարզւում է, որ զօրամասում էլի լրագրող կայ, աւելին՝ խմբագիր. Յովհաննէս Վարդանեանը ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան է աւարտել, համալսարանի «Վարդանանք» պարբերաթերթի գլխաւոր խմբագիրն է:
«Մասնագիտական ունակութիւններով կ՛աշխատեմ օգտակար լինել զօրամասին»,ասում է Յովհաննէսը: «Նոր միջավայր, նոր ընկերներ, բանակային ընկերութիւն… ծառայողական կեանքն իր բոլոր առանձնայատկութիւններով կը խուժի իմ ստեղծագործական տիրոյթ: Որոշել եմ վէպ գրել բանակի մասին, իրապատում վէպ: Ծառայութիւնից յետոյ շարունակելու եմ մասնագիտանալ հեռուստատեսութեան ոլորտում:
«Ազատ ժամանակ ես էլ փորձում եմ բանաստեղծութիւններ գրել, ապրումներս թղթին յանձնել», շարքային Գրիգոր Խաչումեանը միանում է զրոյցին ու արտասանում.
«Կեանքս էլ կը տամ, որ պաշտպանեմ
Մեր երկիրը հայրենի,
Հիմա արդէն ես եմ զինուոր
Պաշտպանը մեր մայր հողի,
Ու պատրաստ եմ կռուել արի
Յանուն մեր սուրբ, թանկ հողի,
Յանուն զոհուած զինուորների,
Յանուն նրանց վեհ գործի…»
«Ծառայութիւնն ինձ համար պատիւ է, իրաւունք եւ հնարաւորութիւն ծառայելու երկրին, ժողովրդին: Գիտակցում ես, որ ծառայում ես քո հարազատների, քո ծնողների համար, նաեւ նրանց, ովքեր հէնց այսօր, հէնց այս պահին ծնող դարձան, լոյս աշխարհ եկած մանկիկների խաղաղ ու անհոգ մանկութեան համար ես ծառայում», ասում է Գրիգորը:
Պարզւում է՝ զօրամասը շնորհալիների պակաս չունի՝ Սերգէյ Ալեքսանեանն էլ երաժշտական քոլեջի վոկալ բաժինն է աւարտել, սիրում է երգել, յատկապէս հայրենասիրական երգեր:
«Այստեղ միջոցառումներ յաճախակի են կազմակերպւում: Տարբեր շնորհներով օժտուած տղաներ կան, բոլորն էլ իրենց ունակութիւններով, իրենց ուժերով աշխատում են լցնել զօրամասային կեանքը: Ես էլ քանդակագործութեամբ եմ զբաղուել, հիմնականում եկեղեցիներ եմ քանդակել», ներկայանում է Էրիկ Թամազեանը, «Պետական տնտեսագիտական համալսարանից եմ զօրակոչուել: Մեր մշակութային կեանքը լիարժէք է: Թող մեր ծնողները չանհանգստանան, ամէն ինչ լաւ է: Ծառայութիւնն էլ իր հունով գնում է: Ազատ ժամերին զրուցում ենք, մեզնից աւագները դիրքերից են պատմում, հազար խորհուրդ տալիս, շեշտում են ամենակարեւորը՝ անվտանգութեան կանոնները խստօրէն պահպանելը: Բանակում ամենատպաւորիչն այն է, երբ շարահրապարակում երդւում ես քո ժողովրդի, քո երկրի, քո եկեղեցու առաջ ու բարձրանում ես դիրքեր: Վերամբարձ բոլոր ֆրազները փոշիանում են այնտեղ, ու հասկանում ես՝ դիրքում կանգնած մէկ րոպէն աւելին է, քան չոր ասֆալտի վրայ հայրենիքը սիրելու մասին հազարաւոր խոստումները… Ու հասկանում ես նաեւ, որ մոլորակի ամենաթանկ հողակտորի՝ հայրենիքի մի փոքրիկ մասնիկ դու ես պաշտպանում, ու հայրենիքի մի փոքրիկ կտոր ամուր ու անառիկ է հէնց քո շնորհիւ…»
Այս գեղեցիկ ձեւակերպումների հեղինակն էլ Շաւարշ Զոհրաբեանն է: Ուսանել է պոլիտեխնիկական համալսարանում, մագիստրատուրան էլ աւարտել է Բրագանսայի (Պորտուգալիա) պոլիտեխնիկականում եւ զօրակոչուել բանակ: Ծառայութիւնն սկսել է ուսումնական զօրամասից, ստացել կապի ջոկի հրամանատարի որակաւորում:
«Ապրիլեան պատերազմի ժամանակ ես դրսում էի, օտար հողում: Ուրիշ զգացողութիւն է, երբ քո հայրենիքում ես, բոլորովին ուրիշ, երբ քո հակառակորդ երկրի ներկայացուցիչների հետ նոյն լսարանում նստած ես ու ներկայացնում ես քո երկիրը: Արդէն ծառայութեան մէջ էի, դիրքերում, երբ մերոնք նամակ էին ստացել, որ ես Պորտուգալիայում տարուայ լաւագոյն ուսանող եմ ճանաչուել, իսկ այդ նամակը ուղարկուել էր այդ տարուայ բոլոր 2500 ուսանողներին, որոնց մէջ թուրքեր եւ ադրբեջանցիներ շատ կային… թշնամուդ հետ պէտք է մրցակցես ու յաղթես նաեւ գիտելիքով…»։
Կիրթ, զարգացած, բազմաշնորհ մեր այս տղաների ապագայ յաջողութիւնների, նուաճումների մասին, վստահ եմ, դեռ կը գրուի ու կը խօսուի: Իսկ հիմա… մեծագոյն պատասխանատուութեամբ ու նուիրումով նրանք կատարում են զինուորի իրենց առաքելութիւնը՝ ամուր ու անառիկ են պահում մոլորակի ամենաթանկ հողակտորը՝ Հայրենիքը…
Լուսանկարը՝ Հեղինակի