ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».- Երեւանի ԹՈՒՄՕ ստեղծարար արհեստագիտութեանց կեդրոնը ընդլայնած է կրթական ծրագիրի հասանելիութիւնը՝ ապահովելով 170 յաւելեալ համակարգիչ եւ կեդրոնին մէջ ընդունելով 2800 պատանիներ, որոնք արձանագրուած էին սպասման ցուցակներու վրայ:
Այժմ նոր ուսանողները եւ անոնց ծնողները կ՛անցնին կողմնորոշիչ հանդիպումներու եւ առաջին՝ նախապատրաստական դասերու փուլը:
«Վերջին տարիներին կենտրոնի գործունէութեան հանդէպ հետաքրքրութեան եւ ծրագրին անդամակցել ցանկացողների թուի կտրուկ աճի արդիւնքում, կենտրոնում գոյացաւ բազմաթիւ պատանիների հերթ: Նոր սարքաւորումները ձեռք բերելով եւ կենտրոնի վարչական տարածքների մի մասը կրթական հարթակի եւ դասընթացների սենեակների վերածելով՝ ԹՈՒՄՕ ն մինչեւ 2017ի աւարտը հնարաւորութիւն տուեց գրանցուած բոլոր երիտասարդներին սկսել իրենց կրթական ուղին: Այսպիսով, այժմ Երեւանի ԹՈՒՄՕ է յաճախում 10,000ից աւելի պատանի, իսկ ամբողջ Հայաստանում եւ Արցախում ծրագրի մէջ ներգրաւուած է մօտ 14,000 ուսանող», գրուած է կեդրոնի հաղորդագրութեան մէջ: