ԲԱՔՈՒ.- Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv կայքը յօդուած է հրապարակել IFact.ge կայքից, որը պատմում է այն մասին, թէ ինչպէս են հարիւրաւոր մարդիկ Աղդամի շրջանում հարցաքննուել՝ իբր Հայաստանի յատուկ ծառայութիւնների հետ համագործակցելու համար:
Այն մասին, թէ ինչպէս են մի հովիւ եւ նրա հօտը խճճուեցին մի հետաքննութեան մէջ, որի ընթացքում հարիւրաւոր ադրբեջանցիներ են հարցաքննուել եւ որոշ դէպքերում մեղադրուել դաւաճանութեան մէջ: Այս ամէնը IFact.ge-ի հետ զրոյցում փորձում է բացատրել նախկին մի զինուորական, որը հարցաքննուել է եւ յետագայում տեղափոխուել:
Մայիսի 7ին հրապարակուած յայտարարութիւնը շփոթեցրեց ողջ երկրին.
«Հաւաքուած նիւթի հիման վրայ՝ Ադրբեջանի զինուորական դատախազութիւնը Քրէական օրէնսգրքի 274րդ յօդուածով դաւաճանութեան եւ այլ փաստերի վերաբերեալ քրէական գործ է յարուցել: Ստեղծուել է դատախազութեան, պաշտպանութեան նախարարութեան, ՆԳՆի եւ Պետական անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներից կազմուած քննչական-օպերատիւ խումբ, ընթանում է նախաքննութիւն», ասուած է գլխաւոր դատախազութեան, պաշտպանութեան նախարարութեան, ներքին գործերի նախարարութեան եւ պետական անվտանգութեան ծառայութեան կողմից տարածուած համատեղ յայտարարութեան մէջ:
IFact.ge-ի հետ զրուցած զինուորի խօսքով՝ հարցաքննուել կամ ձերբակալուել են շուրջ 400 ադրբեջանցի զինծառայողներ եւ քաղաքացիներ, որոնք իբր դաւեր են նիւթել/համագործակցել Հայաստանի յատուկ ծառայութիւնների հետ: Նրանք մեղադրւում են գումարի դիմաց պետական անվտանգութեանը սպառնացող գաղտնի ռազմական տեղեկատուութեան փոխանցելու մէջ:
42 անձի ձերբակալման մասին ԶԼՄների նախնական հրապարակումներից յետոյ նախագահի աշխատակազմը հրամայեց, որ միջադէպի վերաբերեալ բոլոր նորութիւնները, բացի պաշտօնական յայտարարութիւնից, հեռացուեն կայքերից:
Հովուի հետ միջադէպը տեղի է ունեցել շփման գծին մօտ գտնուող Աղդամի շրջանում:
Զինծառայողը նկարագրում է, թէ ինչ է տեղի ունեցել. «Վաղ առաւօտեան լսեցինք, որ մէկին բռնել են պահակակէտում: Բայց դա զինուոր չէր, այլ մի հովիւ: Նա ասաց, որ իր ոչխարներին է արածեցնում: Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»:
Զինծառայողի խօսքով՝ հրամանատարը մէկ ոչխար է վերցրել, յետոյ զինուորներին հրամայել հանգիստ թողնել հովուին ու մնացած ոչխարներին: Զինուորները վիճել են հրամանատարի հետ՝ ասելով, որ Հայաստանի սահմանապահները, տեսնելով, թէ որտեղ են գնում ոչխարները, կ՛իմանան այդ կէտերում ականների բացակայութեան մասին: Նրանք հրամանատարին ասացին, որ այդ կերպ վերջինս վտանգի տակ է դնում իր զինուորներին:
«Հայ զինուորները չեն կրակի հովուի վրայ, քանի որ նա եւ նրա ոչխարները լաւ տեղեկութիւն են իրենց տալիս: Սահմանին ամէն ինչ կարող է հանդիսանալ հետախուզական տեղեկատուութիւն»:
Թշնամու հետ համագործակցելու մեղադրանքները հաղորդւում են մօտակայ զօրամասի հրամանատարին, եւ արագօրէն հետաքննութիւն է սկսւում: Հարցաքննուել են հարիւրաւոր զինուորներ եւ քաղաքացիներ: Ոմանք ազատ են արձակուել, միւսները դեռ սպասում են դատավարութեանը:
«Հարցաքննուել են սահմանին տեղակայուած բոլոր զինուորները», պատմում է զինուորը, աւելացնելով, որ «Բոլորը կասկածում էին միմեանց, հրամանատարներն ու զինուորները, որովհետեւ ոչ ոք չգիտէր, թէ ինչ է կատարւում: Սեւ դիմակներով մարդիկ մեզ գոռալով հարցաքննում էին»:
Պայմանագրային զինծառայողներին իրենց սպաներն ասել են, որ կը տեղափոխուեն սահմանից աւելի քան 100 կմ. հեռու զօրամասեր: Փոխարէնը շատերին ազատեցին բանակից: Պատճառն իբր ֆիզիկական քննութիւնը չանցնելն էր, չնայած նրանք արդէն իսկ ծառայում էին:
Պայմանագրային զինծառայողները ստորագրում են եռամեայ պայմանագրեր: Զինուորական ծառայութեան մասին օրէնքի 77րդ յօդուածի համաձայն՝ եթէ պայմանագիրը դադարեցուի, զինուորն իրաւունք ունի ստանալ երկու ամսուայ աշխատավարձ: Սակայն նրանց ոչինչ չեն վճարել: Շատերը փոխարէնը տուն վերադարձան բանակից հեռացուած լինելու խարանով:
«Մարզերում բոլորը գիտեն միմեանց», ասում է զինուորը, աւելացնելով, որ «Բանակից հեռացուելուց յետոյ ոչ ոք չի ուզում վարձել քեզ: Պատմում եմ այս մասին, որովհետեւ մարդիկ այլեւս մեզ (զինուորներին) չեն վստահում: 2016թ. Ապրիլից յետոյ մարդիկ մեզ շատ էին յարգում, հիմա էլ չեն ուզում տեսնել մեզ»:
Տեղական իշխանութեան ներկայացուցչի խօսքով՝ դաւաճանութեան մասին խօսակցութիւնները արագ են տարածւում. «Պատկերացրէք, որ առաւօտեան արթնանում էք եւ լսում, որ ձեր հարեւաններից շատերն աշխատում են հայերի համար: Դուք սկսում էք կասկածել բոլորին: Տեղացիները սարսափած էին այդ պատմութիւններից: Մարդիկ, որոնց երկար ժամանակ գիտէիք, մարդիկ, որոնց տեսնում էք ամէն օր, մեղադրւում են Հայաստանի համար աշխատելու մէջ: Շատ մարդիկ ձերբակալուեցին», ասում է նա:
Մեղադրեալներից մէկը՝ Մեհման Հուսէյնով անունով, մահացել է քննիչի կողմից ծեծի ենթարկուելով: Նրա հարազատները ցանկանում էին թաղել նրան հօր կողքին, սակայն գիւղացիների ընդդիմութեամբ՝ նրան թաղեցին գերեզմանատան սահմաններից դուրս:
Ներկայացուցչի խօսքով՝ Չամանլի գիւղից ձերբակալուել է մի հովիւ, որին մեղադրում են Ադրբեջանի ռազմական հաղորդակցութեան ցանցեր թափանցելու գործում հայերին օգնելու համար: Քննիչները պնդում են, որ նրա տանը յայտնաբերուել է 10,000 դոլար: Տեղեկացւում է, որ նոյն գիւղում ձերբակալուել է մի բժիշկ՝ իր դստեր եւ եղբօր հետ, ինչպէս նաեւ մի զինծառայողի ընկերուհի, որին մեղադրում են հայկական հետախուզութեան համար աշխատելու մէջ:
Տեղափոխուած զինծառայողը զրուցել է ճակատում գտնուող զինուորների հետ. «Ոչինչ չի փոխուել: Հովիւները շարունակում են արածեցնել իրենց ոչխարներին»: