ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Կինոյի ոլորտում հայ-իրանական առաջին լիարժէք արտադրութիւնը համարուող եւ Արցախում նկարահանուած իրանահայ կինոբեմադրիչ Անահիտ Աբադի «Եւա» գեղարուեստական ֆիլմը ցուցադրուելու է Միլ Վալիի 40րդ միջազգային փառատօնի «Համաշխարհային կինօ» անուանակարգում:
Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրութիւն: Կինօնկարը նկարահանուել է «Հայաստանի ազգային կինօկենտրոն»ի եւ «Ֆարաբի» կինօհիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ:
Ֆիլմը դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմութիւնը: Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ: Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան։
«Եւա»ն Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ-խաղարկային ֆիլմն է, որի նկարահանումները սկսուել են 2014 թուականին Հայաստանում եւ Արցախում:
Կինօնկարում նկարահանուել են Նարինէ Գրիգորեանը, Շանթ Յարութիւնեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսեանը, Սերգէյ Թովմասեանը, Վրէժ Քասունին, Տիգրան Դաւթեանը, Նանոր Պետրոսեանը, Էլէնա Ադամեանը, Մարատ Դաւթեանը եւ ուրիշներ:
«Եւա»ն Սեպտեմբերի 24ից ցուցադրուել է Երեւանի երեք կինօթատրոններում եւ համաձայն Հայկական ազգային կինօակադեմիայի որոշման այս տարի Հայաստանը ներկայացնելու է Ամերիկեան կինօակադեմիայի՝ «Օսկար» ամէնամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անուանակարգում:
«Եւա»ն աւելի վաղ ցուցադրուել է Կանադայի Մոնթրէալ քաղաքի միջազգային կինօփառատօնում, իսկ Նոյեմբերի 23ին Իրանի կողմից մասնակցելու է Ասիա-Փասիֆիկ կինօմրցանակաբաշխութեանը (Asia Pacific Screen Awards):
Միլ Վալիի կինօփառատօնի պաշտօնական կայքը «Եւա»ի մասին գրում է. «Նարինէ Գրիգորեանի հզօր դերակատարութեամբ եւ կինոյի օգնութեամբ գեղեցկօրէն նկարագրելով Հայաստանի վիճայարոյց ղարաբաղեան տարածաշրջանը, որտեղ պարսկական, թուրքական եւ ռուսական մշակոյթները հանդիպում ու բախուում են միմեանց, Անահիտ Աբադի առաջին ստեղծագործութիւնը պատկերում է սահմանային մի քաղաքի դիմագիծն իր բոլոր գաղտնիքներով ու ետ-պատերազմեան շրջանի հետեւանքներով»:
Մինչեւ առաջին լիամետրաժ ֆիլմի նկարահանումն Անահիտ Աբադը մասնակցել է Հայաստանում եւ Իրանում նկարահանուած տարբեր կինօնախագծերի: Ռեժիսորի առաջին հանդիպումը կինոյի հետ շատ վաղ է տեղի ունեցել: Անահիտը դեռ 14-15 տարեկանում կինոյի մասին յօդուածներ է գրել Իրանի հայկական «Ալիք» թերթում: Սակայն, իրական կինոյի հետ կապը եւ տեսախցիկի հետ աշխատանքը սկսուել է ուսանողութեան շրջանում՝ 1992 թուականից: Համագործակցել է Իրանի կինոյի մի շարք հեղինակաւոր ռեժիսորների, այդ թուում՝ Վարուժ Քարիմ Մասիհիի, Բահրամ Բէյզայիի, Ալիռեզա Դաւուդնեժադի, Աբոլֆազլ Ջալիլիի, Ռասուլ Սադր Ամելիի եւ Ահմեդռեզա Դարվիշի հետ:
Անահիտ Աբադի «Եւա»ն Հոկտեմբերի 9ին եւ 10ին ցուցադրուելու է «Century Larkspur 3» եւ «Rafael 2» կինօթատրոններում:
Ֆիլմի մասին տեղեկություններ ստանալու եւ տոմսեր գնելու համար կարելի է դիմել փառատօնի պաշտօնական կայքի՝ https://www.mvff.com հասցէով: