ՏԱՐՕՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը քննում է իսրայէլական Aeronautics Defense Systems (ADS) ընկերութեան ներկայացուցիչների հնարաւոր մասնակցութիւնը հայկական դիրքին մահապարտ ԱԹՍով հարուածին: Հարցաքննուելու են անօդաչուի կիրառմանը ներկայ եղած անձինք: Այս մասին Օգոստոսի 14ին յայտնել է իսրայէլական «Մաարիւ» պարբերականի կայքը:
Իսրայէլի ՊՆից նշել են, որ յոյս ունեն քննութիւնն աւարտել շուրջ մէկ շաբաթուայ ընթացքում (յօդուածը հրապարակուել է Օգոստոսի 14ին-«Ռազմինֆօ»): Հետաքննութիւնն իրականացնում է Իսրայէլի ՊՆ ավտանգութեան դեպարտամենտը (բաժանմունքը-Խմբ.) (Malmab), որը նաեւ պատասխանատու է ռազմարդիւնաբերութեան եւ ՊՆում անվտանգութեան պահպանման համար:
Իսրայէլի խորհրդարանի (Քնեսէթ) պատգամաւոր, պետական վերահսկման, էթիկայի (բարոյականութեան-Խմբ.) յանձնաժողովների անդամ, պաշտպանութեան եւ արտաքին գործերի հարցերով յանձնաժողովի անդամի պաշտօնակատար, Իսրայէլի բանակի պաշտօնաթող գեներալ-մայոր Էյալ Բեն Ռովենը (Eyal Ben Reuven) նշել է, որ եթէ հաստատուի, որ ADS-ի ներկայացուցիչը ներգրաւուել է հարուածի իրագործմանն, ապա դա բաւականին լուրջ խնդիր է, եւ հակասում է Իսրայէլի ՊՆ դիրքորոշմանը ու կարող է անիմաստ միջազգային խնդիրների յանգեցնել:
Մէկ այլ խորհրդարանական՝ Թամար Զանդբերգն (Tamar Zandberg), իր հերթին, դիմել է Իսրայէլի պաշտպանութեան նախարարին՝ նշելով, որ կատարուածն ընկերութեան արտօնագրի կոպիտ խախտում է, որը խօսում է Իսրայէլի կողմից զէնքի արտահանման հարցում արգելքների մասին օրէնքի խախտման մասին: Նա նաեւ նշել է, որ «Իսրայէլի համար բարեկամական երկիր Հայաստանի դէմ գրոհներում կիրառուելու նպատակով ԱԹՍ-ների վաճառքը… պէտք է դադարեցուի»:
Համաձայն յօդուածի՝ Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեանը միջադէպի մասին յայտնել է իսրայէլական մէկ այլ ընկերութեան՝ Wireless Avionics-ի սեփականատէր Ալոն Վալլախը (Alon Wallach): Նա նշել է, որ տեղեկութիւնը ստացել է վստահելի աղբիւրներից եւ «որպէս լաւ քաղաքացի դրանք յանձնել է պաշտպանութեան նախարարութեանը՝ ուսումնասիրելու համար»: Նա աւելացրել է, որ ամենեւին էլ Aeronautics Defense Systems ընկերութեան մրցակիցը չէ եւ ոչ էլ այդ ընկերութեան մրցակիցների անունից է հանդէս գալիս:
Դատելով Wireless Avionics ընկերութեան կայքում հրապարակուած տուեալներից՝ այն, ի թիւս այլ արտադրանքների, զբաղւում է նաեւ անօդաչու թռչող սարքերի աւիոնիկայի (օդանաւերու վերաբերող-Խմբ.) մասերի արտադրութեամբ: Այս ընկերութիւնը համագործակցում է իսրայէլական մէկ այլ՝ Israel Aerospace Industries (IAI) ընկերութեան հետ, որն արդէն զբաղւում է անօդաչուների արտադրութեամբ եւ վաճառքով: Ադրբեջանին ԱԹՍների հիմնական մատակարարն Aeronautics Defense Systems-ն է, իսկ IAI-ն, մինչ օրս յայտնի տուեալներով, Ադրբեջանին վաճառել է միայն Harop մահապարտ ԱԹՍներ:
Յիշեցնենք, որ Օգոստոսի 13ին իսրայէլական նոյն «Մաարիւ» պարբերականը յայտնել էր, որ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող ADS ընկերութեան պատուիրակութեանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍն հայկական դիրքերի դէմ «փորձարկել»: Անօդաչուների իսրայէլցի օպերատորները, չնայած իրենց պատուիրակութեան ղեկավարների ճնշմանը, հրաժարուել են, ինչից յետոյ հէնց պատուիրակութեան ղեկավարներն են անօդաչուները թռիչքի պատրաստել եւ ուղղել հայկական դիրքերի վրայ:
Իսրայէլական ADS ընկերութիւնից հերքել էին իրենց ներկայացուցիչների մասնակցութիւնը հարուածին՝ նշելով, որ անօդաչուն կիրառել է գնորդ կողմը (Ադրբեջանը): Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը կամ պետական մէկ այլ պատկան մարմին առայժմ միջադէպին չի արձագանքել: «Ազատութիւն» ռադիօկայանի ադրբեջաներէն ծառայութիւնը Օգոստոսի 14ին նշել էր, որ կ՛աշխատեն որեւէ մեկնաբանութիւն ստանալ, սակայն մինչ օրս նորութիւն չկայ:
Ադրբեջանական կողմից միջադէպին անդրադարձել է «Ազերի Դիֆենս» մասնագիտացուած պարբերականի գլխաւոր խմբագիր Ռաշադ Սուլեյսմանովը՝ «Մաարիւ»ի հրապարակումն անուանելով «ինչ-որ երրորդ կողմի գործ»: Նրա պնդմամբ Ադրբեջանում Orbiter տեսակի անօդաչուներ վաղուց են օգտագործում, եւ այն ԱԹՍն, որի մասին նշուել էր Օգոստոսի 13ի յօդուածում, դժուար թէ կառավարման խնդիրներ առաջացնէր ադրբեջանցի մասնագէտների մօտ:
«ՌԱԶՄԻՆՖՕ»