ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Խանլարեանը ասորիների ցեղասպանութեան նահատակների մեծարման միջոցառման ժամանակ զօրակցել է ասորական համայնքին եւ ելոյթ ունենալով նշել, որ ցեղասպանութիւնը մեր երկու՝ հայ եւ ասորի ժողովուրդների ընդհանրական ցաւն է, եւ կարեւորութեամբ յաւելել, որ Հայաստանը հանդիսանում է առաջին երկիրը, ով պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Օսմանական Թուրքիայի կողմից իրականացուած ասորիների ցեղասպանութիւնը:
Իրանահայ պատգամաւորը շարունակելով ցեղասպանութեան թեման՝ յաւելել է, որ մարդկութեան հնագոյն քաղաքակրթութիւններից մէկի՝ ասորի ժողովրդի ցեղասպանութիւնը սկսուել է 18րդ դարասկզբից, շարունակուել է 1915թ. Հայոց Ցեղասպանութեանը զուգահեռ եւ շարունակւում է առ այսօր՝ Մոսուլում, Նինուէում եւ ասորական այլ քաղաքներում, ինչպէս նաեւ Հոմսում, Հասակէում եւ Սիրիայի ասորաբնակ այլ շրջաններում, որոնք գտնւում են ահաբեկիչների ճիրանների տակ:
Վերջնիս վրայ կանգ առնելով, Հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նշել է, որ Թուրքիան ցեղասպան երկրների ցուցակում բացառիկ մրցանիշ է գրանցել իր դաժան պատմութեան հաշուին: Նա նշել է, որ Թուրքիայի ձեռամբ աւելի քան հինգ ազգութիւններ ու ցեղախմբեր՝ յանձինս հայերի, յոյների, ասորիների, մակեդոնացիների, բուլղարների, քրդերի եւ ալեւիների ենթարկուել են ցեղասպանութեան, ինչի համար մինչ օրս այդ յանցագործ պետութիւնը պատասխանատւութեան չի ենթարկուել միջազգային ատեանների կողմից:
Նա կարեւորել է պատմական այն փաստը, որ Իրանը, իր աւելի քան չորսհազարամեայ պատմութեան կտրուածքով, երբեք սեփական տարածքներում ապրող ազգութիւնների դէմ կազմակերպուած յանցագործութիւն չի իրականացրել: «Թերեւս հէնց այս պատճառով է, որ Իրանը բոլորից աւելի շատ բարոյական իրաւունք ունի ճանաչելու եւ դատապարտելու այլոց կողմից մարդու դէմ իրականացւած յանցագործութիւնները, ի թիւս այլոց, հայերի եւ ասորիների ցեղասպանութիւնները», ընդգծել է պատգամաւորը:
Դոկտ. Խանլարեանը միջոցառմանը ցուցադրուած տեսանիւթի կապակցութեամբ, որտեղ խօսուել է ԴԱԷՇի կողմից ջարդի ենթարկուած իրաքեան ասորիների փաստերի մասին, եւ այն, որ զոհերի յիշատակը շարունակւում է մնալ առանց յուշարձանի, նշել է, որ Հայոց Ցեղասպանութիւնը յիշատակող Դեր Զորի հայկական եկեղեցին նոյնպէս ԴԱԷՇի ձեռամբ է աւերուել եւ հողին հաւասարեցուել: Նա յոյս յայտնեց, որ կը գայ այն օրը, երբ ասորիներն իրենց պատմական հայրենիքում՝ Ազատ, Անկախ եւ Միացեալ Ասորեստանում, կը կառուցեն ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձաններ:
Արթէօք՝ հին պարսկաստանը նէրկայ Իրանը չէ՞, որը Հայուն պարտադրէց Վարդանանց պատերազմը 60 հազար հայ կտրիճներոըն վրայ?
Վեր յիշէք Սէրօ Խանզադեանի ՞ Արաքսը պխտորւում է ՞