«Ապառաժ»ի թղթակից Տաթեւիկ Աղաջանեան Արցախի Ասկերան քաղաքէն կը տեղեկագրէ հետեւեալը.
«Օգոստոսի 2ին կայացել է Արցախի Ասկերան քաղաքում 10 օր տեւած պատանեկան ճամբարի փակման արարողութիւնը: Ճամբարի կազմակերպման նախաձեռնութիւնը պատկանում է ՀՅԴ Ամերիկայի Արեւմտեան շրջանի Երիտասարդական միութեանը՝ ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան աջակցութեամբ: Ճամբարի ընդհանուր պատասխանատուԳէորգ Իսկաջեանը «Ապառաժ»ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ ճամբարին մասնակցել է ընդհանուր առմամբ 210 պատանի: Ասկերանի ճամբարը խմբի երկրորդ ճամբարն է, առաջինը կայացել է Գիւմրիում, Արցախից յետոյ մի քանի օրով պիտի գնան Պռոշեան, այնտեղից էլ՝ Ջաւախք: «Ծրագիրը կեանքի ենք կոչել առաջին հերթին, որպէսզի Սփիւռքի երիտասարդները եւ այստեղի երիտասարդները, տեղացիները շփուեն իրար հետ: Սփիւռքի երիտասարդները Հայաստանն ու Արցախը չդիտեն միայն որպէս տուրիստական շրջան, այլ գալով այստեղ ծանօթանան իրենց հայրենակիցների ապրելակերպին, սոցիալ-տնտեսական պայմաններին», նշեց Գէորգ Իսկաջեանը եւ աւելացրեց, որ նպատակներից մէկն էլ Հայաստանի պատանեկան ներուժը մեծացնելն է. «Պատանեկան տարիքի մէջ գտնուող երեխաներին փորձում ենք ծանօթացնել մեր կուսակցութեանը, իդէալներին, պատմութեանը, ապագայի վերաբերեալ մեր ծրագրերին»:
Ինչ վերաբերում է մնացած շրջանների եւ Արցախի պատանիների տարբերութիւններին, ապա, ըստ նրա, բոլոր պատանիներն էլ հայասէր են, բայց Արցախի մէջ հայրենասիրութիւնն աւելի վառ է արտայայտուած, որը ճամբարի պատասխանատուն կապում է պատմութեան, այստեղի առօրեայ կեանքի հետ:
Իսկ ճամբարների արդիւնաւէտութիւնն ակնյայտ է եւ ոչ միայն Արցախի համար:
«Ամերիկայից եկած խմբապետների մէջ էլ ենք արդիւնքներ տեսնում: Ունեցել ենք ճամբարի խմբապետներ, որ ծնուել, մեծացել, սովորել են Ամերիկայում, բայց հիմա ապրում են Հայաստանում: Դա մեզ համար մեծ արդիւնք է», շեշտեց Գէորգ Իսկաջեանը եւ աւելացրեց, որ, ճիշդ է, պատանիների թիւը սպասուածի չափ չի մեծանում, բայց կան արցախցի խմբապետներ, որոնց մի մասը այստեղի ճամբարների նախկին մասնակիցներ են:
«Մեր համար արդիւնքը միայն դաշնակցական պատանի դաստիարակելը չէ, այլ ճամբարականների՝ չափահաս տարիքում իրենց տեղը երկրի ապագայում գտնելը, դէպի լաւը փոփոխութիւներ անելը: Իսկ դրանք երկու տարուայ մէջ չեն կարող տեսանելի լինել»:
Գէորգ Իսկաջեանը կարեւորեց նաեւ խմբապետների եւ պատանիների յետագայ շփումը: Խմբապետները սոց ցանցերով կապի մէջ են լինելու, տեսնելու են պատանիների մեծանալը, նրանց յետագայ կեանքը:
«Մենք ընկերներ ունենք, որոնց հետ առաջին անգամ ճամբարների ժամանակ ենք ծանօթացել եւ մտերիմ ընկերներ ենք դարձել», ըսաւ Իսկաջեանը:
Փակման արարողութեանը պատանիները ներկայացրին ճամբարի ընթացքում սովորած երգերը, պարերը, հանդէս եկան արտասանութիւններով: Բաժանումը յուզիչ էր, բայց նոր հանդիպման ակնկալիքով»: