ԵՐԵՒԱՆ.- «Ազատութիւն» ռատիօկայանի աշխատակից Կարինէ Սիմոնեան կը տեղակացնէ, թէ արտադրական երբեմնի հզօր կարողութիւներ ունեցող Թումանեան քաղաքին մէջ այժմ գիւղի մը չափ բնակչութիւն մնացած է: «Լոռիի մարզի այս բնակավայրի վերջին տարիներին բնակիչների թիւը գրեթէ կրկնակի նուազել է: Քաղաքի հրակայուն նիւթերի գործարանում ժամանակին 700 մարդ է աշխատել: Այսօր ահռելի, բայց քարուքանդ մասնաշէնքերով այդ գործարանն ընդամէնը 20 աշխատատեղ ունի», կը պատմէ Սիմոնեան:
Թումանեանի դպրոցը անցեալին աւելի քան 1000 աշակերներ կը յաճախէին. անոնց թիւը այժմ գրեթէ 10 անգամով պակսած է: «11ամեայ Ռաշիդն ասում է, թէ իրենց դասարանում 6 աշակերտ կայ: Անցած տարիներին համադասարանցիների թիւն աւելի է պակասել. «հիմնականում Ռուսաստան են գնացել»: Կայծակն արդէն 25 տարի թումանեանցիներին Վանաձոր է տեղափոխում ու հետ բերում: Ասում է՝ այսօր յատուկենտ ուղեւորներով է մարզկենտրոն հասնում, գնացողներն էլ հիմնականում բանկերի հետ գործ ունեցողներն են», կը գրէ Սիմոնեան։ «Սաղ Հայաստանն ինչի՞ վրայ ա հիմնուած՝ բանկերի, մուծումներ անելու, վարկ վերցնելու, ստիպուած են, բա ի՞նչ անեն, սոված-ծարաւ մարդիկ են», կ՛ըսէ Կայծակը:
Երկու տարի առաջ Թումանեան քաղաքին հետ միաւորուեցան շրջանի վեց համայնքները: Քաղաքի 35 միլիոն դրամի չափով պիւտճէն աւելի քան երեք անգամով աւելցաւ: «Խոշորացումից յետոյ որոշ խնդիրներ լուծուել են՝ աղբահանութիւն են կազմակերպել, գիւղական բնակավայրերում մանկապարտէզներ են բացել, ճանապարհների որոշ հատուածներ են բարելաւել, բայց բնակիչների ակնկալած աշխատատեղերի հարցն առայժմ չեն կարողացել լուծել», կը յայտնէ 20 տարուան քաղաքապետ Լեւոն Զաւարեան՝ աւելցնելով. «Դա Հայաստանի ընդհանուր արդիւնաբերութեան զարգացման հետ կապուած: Եթէ արդիւնաբերութիւնը սկսի զարգանալ, Թումանեանը հաստատ կը զարգանայ, քանի որ էն, ինչ-որ էստեղ ժամանակին արտադրուել է, պահանջարկ ունի հիմնականում արդիւնաբերութեան մէջ»։