Ամրան այս ժամանակահատուածը հանգստի մեկնելու ամենայարմար շրջանն է: Անգամ սոցիալական ցանցերում է արձակուրդային վիճակ՝ հանգստի մեկնած քաղաքացիները ներբեռնում են լուսանկարներ, գրառումներ կատարում, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների հանգստից սուղ տեղեկութիւններ կան: Մենք փորձեցինք պարզել, թէ ե՞րբ է արձակուրդ գնալու վարչապետը, ո՞ւր: Նախարարներից ով է արդէն մեկնել հանգստանալու, ով՝ դեռ ոչ:
Վարչապետ Կարէն Կարապետեանի արձակուրդ գնալու մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի խօսնակը նշեց, որ օրակարգում նման հարց չկայ, վարչապետը սովորական ռեժիմով աշխատում է: Նա չբացառեց, որ Կարէն Կարապետեանը հնարաւոր է ընդհանրապէս արձակուրդ չգնայ: Պարզւում է՝ կառավարութիւնում իրենց ղեկավարի նման արձակուրդի հարցում չկողմնորոշուածներ շատ կան: Օրինակ՝ տեղեկութիւն չկայ, թէ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրեանը ե՞րբ է մեկնելու հանգստի: Չկողմնորոշուածների ցանկը լրացնում են նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատուական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը, արտակարգ իրավիճակների նախարար Դաւիթ Տօնոյեանը, մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը, առողջապահութեան նախարար Լեւոն Ալթունեանը, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Հրաչեայ Ռոստոմեանը, արդարադատութեան նախարար Դաւիթ Յարութիւնեանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանը, էներգետիկ ենթակառուցուածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկեանը, պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:
Կան նախարարներ, որոնք որոշել են, թէ երբ են մեկնելու հանգստի, որոշներն էլ արդէն վայելում են, կարելի է ասել, իրենց վաստակած հանգիստը: Գիւղատնտեսութեան նախարար Իգնատի Առաքելեանն ամրանը չի մեկնելու արձակուրդ, ինչպէս ինքը նշեց՝ հաւանաբար, կը մեկնի աշնան վերջում կամ ձմռան սկզբում: Ողջ տարին տքնաջան աշխատելուց «յոգնած» նախարարներից արձակուրդ են մեկնել կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, որն այսօրուանից է արձակուրդում: Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչէ Գաբրիելեանը հանգստից կը վերադառնայ Յուլիսի 31ին: Տարիներին եւ վարչապետերի փոփոխութեանը դիմակայած սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն էլ Յուլիսի 31ից կը մեկնի հանգստի՝ երկու շաբաթով:
Բնապահպանութեան նախարար Արծուիկ Մինասեանը թէեւ այսօրուանից երկշաբաթեայ արձակուրդում է, սակայն զոհել է իր հանգիստը եւ չնախատեսուած այցով մեկնել Դիլիջան: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանը եւս արձակուրդում է, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամեանը հանգստի կը մեկնի Օգոստոսի 4-18ն ընկած ժամանակահատուածում:
«ՀՐԱՊԱՐԱԿ»