ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- 2016 թուականի Դեկտեմբերի 21ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով բարձրաստիճան պատուիրակութեան ուղեկցութեամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին Հայաստանում էր: Եւ այս այցի արդիւնքում էր, որ ստորագրուեցին բազմաթիւ փաստաթղթեր, որոնցից այսօր կարեւոր նշանակութեամբ առանձնացաւ դրանցից մէկը:
Նոյն հանդիպման համատեքստում նախագահները կարեւորութեամբ ընդգծեցին երկու պետութիւնների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացման եւ ենթակառուցւածքների զարգացման էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդիւնաբերութեան եւ տնտեսութեան այլ ոլորտներում համագործակցութեան մակարդակի բարձրացման իրագործումը:
Սա անցեալ տարի, իսկ այսօր «Ալիք»ին Իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը տեղեկացրեց պատմական նշանակութեամբ մի կարեւոր օրինագծի հաստատման մասին, որը տրամաբանական շարունակութիւնը կարելի է համարել վերը նշուած հանդիպման:
Այսօր կառավարութեան կողմից Իրանի Իսլ. խորհրդարանի քննարկմանը եւ հաստատմանն է ներկայացուել Իրան-Հայաստան երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան մասին օրինագիծը: Պատգամաւորը կարեւորութեամբ մատնանշեց այն հանգամանքը, որ օրինագիծը վաւերացուել է պատգամաւորների առաւելագոյն ձայների մեծամասնութեամբ, մինչդեռ նախագծին դէմ են քուէարկել ընդամէնը երկու պատգամաւոր:
«Օրինագծին կողմ քուէարկեց պատգամաւորների ճնշող մեծամասնութիւնը, բացի երկու պատգամաւորներ՝ Լահութիից եւ Ղազիփուրից:
Պարոն Լահութին, բնականաբար, խօսեց հարցի առաւել մանրամասներից, իսկ Ղազիփուրը հարցին մօտեցաւ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի դիտանկիւնից եւ փորձեց խօսքը հիմնաւորել Հայաստանի կողմից յարձակումների արդիւնքում զոհուած մանուկի եւ այլ անհիմն օրինակներով: Այսինքն՝ փորձեց զուտ քաղաքական հիմնաւորումներով դէմ քուէարկել այս օրինագծին: Կողմ քուէարկողները եւ խորհրդարանի Տնտեսական յանձնաժողովը ինչպէս նաեւ կառավարութիւնը հիմնաւորեցին եւ կարելի է ասել՝ անտեսեցին այդ մօտեցումը, նշելով, որ սա ռազմավարական նշանակութեան օրինագիծ է եւ մեծ նշանակութիւն ունի Իրանի տնտեսութեան զարգացման համար, քանի որ խօսքը վերաբերում է ոչ միայն Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութեան սերտացմանը, այլ Հայաստանի միջոցով ԵԱՏՄի անդամ պետութիւնների հետ առեւտրաշրջանառութեանը եւ ծաւալներին:
Այսպիսով օրինագիծը ընդունուել է ձայների գերակշռող մեծամասնութեամբ, որը պատմական նշանակութիւն ունի որպէս օրինագիծ՝ Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ Իրանի կապերի սերտացման առումով», եզրափակեց պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: