ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Բարեգործական բուժզննութեան շրջանակներում ամերիկահայ բժիշկներն Ալավերդի քաղաքում ընդունել են 400ից աւելի հիւանդի, ինչպէս նաեւ կատարել վիրահատական 8 միջամտութիւն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) մամլոյ ծառայութիւնը:
2017թ. Յունիս-Յուլիս ամիսներին ամերիկահայ բժիշկները մասնագիտական ծառայութիւններ էին մատուցում Արագածոտնի մարզի Արտենի, Արմաւիրի մարզի Քարակերտ եւ Միասնիկեան, Լոռու մարզի Արեւածագ, Թումանեան եւ Ալավերդի եւ Շիրակի մարզի Փանիկ համայնքներում:
«Բոլոր հիւանդներս արդէն գիտեն, որ ամրանը պարտադիր այցելելու եմ Հայաստան», ասում է ամերիկահայ ատամնաբոյժ Շողիկ (Ջոյս) Քուրդեանը:
Շողիկը «Ամերիկահայ Բժիշկների Կազմակերպութեան» (AAHPO) առաքելութեան ղեկավարն է: Երեք տարի է, ինչ կազմակերպութիւնը համագործակցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ՝ անվճար բժշկական ծառայութիւններ մատուցելով Արմաւիրի, Արագածոտնի եւ Լոռու գիւղական համայնքներում: Մասնագէտների թիմում կան գինեկոլոգներ, արիւնաբան-ուռուցքաբան, անօթային վիրաբոյժ, ատամնաբոյժ, հոգեբոյժ, դիետոլոգ, բժշկի օգնական: Այս տարուայ այցի ընթացքում Լիւսի Թովմասեանի, Դեբրա Ֆերմանի, Ադրինէ Գիրիթլեանի, Քարլա Սիմոնեանի ու միւսների հետ աշխատել են տեղացի բժիշկներ, ինչպէս նաեւ հայաստանցի ու ամերիկահայ ուսանող-կամաւորներ:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի առողջապահական ենթածրագրերի ղեկավար Լուսինէ Սահակեանը նկատում է, որ այս ձեւաչափի համագործակցութիւնն անչափ հետաքրքիր է. «COAF-ի բժիշկներ, ամերիկահայ բժիշկներ, տեղացի բժիշկներ. փորձի փոխանակման արտակարգ հնարաւորութիւն է: Նաեւ բացառիկ առիթ է հիւր բժիշկների համար՝ տեսնելու, թէ ինչ պայմաններում են աշխատում տեղի բժիշկները»:
Գիւղական համայնքների բնակիչները գրեթէ չեն հետեւում իրենց առողջութեանը. պատճառը հիմնականում սոցիալական է: Թումանեան համայնքի բնակիչ Սուսաննա Շահվերդեանը նշում է, որ գրեթէ 25 տարի բժշկի չի դիմել, չի ստուգուել: «Գանգատներ ունեմ, բայց հնարաւորութիւն չեմ ունեցել: Ինչ-որ առումով՝ նաեւ ամաչել եմ: Էն, ինչ Հիմնադրամն այ անում մեզ համար, ամէն շնորհակալութիւնից վեր է»:
Բարեգործական բուժզննութեան շրջանակներում ամերիկահայ բժիշկներն ընդունել են 400ից աւելի հիւանդի, ինչպէս նաեւ կատարել վիրահատական 8 միջամտութիւն Ալավերդի քաղաքում:
Բժշկի օգնական Ադրինէ Գիրթիլեանն էլ նշում է, որ շատ է ոգեւորւում, երբ հիմնադրամի շահառու համայնքներում դրական փոփոխութիւններ է նկատում: «Օրինակ, Քարակերտի ամբուլատորիան հաճելիօրէն զարմացրեց. այստեղ լաւ մասնագէտներ են աշխատում, սարքաւորումներ կան: Յուսով եմ, որ մեր կազմակերպութեան ու հիմնադրամի համատեղ աշխատանքը կ՛օգնի գիւղի բնակիչներին ու փոքր-ինչ կը լուծի նրանց առողջական խնդիրները»:
Քարակերտի ամբուլատորիայի տնօրէն, ընտանեկան բժիշկ Աիդա Մուրադեանը համոզուած է, որ ամերիկահայ բժիշկների այցը խիստ օգտակար է համայնքի համար. «Մեր հիւանդներից շատերը նոյնիսկ Երեւան գնալու հնարաւորութիւն չունեն, իսկ այստեղ իրենց արեւմուտքից եկած լաւագոյն բժիշկներն են ընդունում…»: