2017թ. Յունիսի 29ին, «Քադոգան Հոլ հանրայայտ» համերգասրահում, Լոնդոնի «Ֆենիքս» նուագախմբի նուագակցութեամբ, մենահամերգով հանդէս եկաւ միջազգային մրցոյթների դափնեկիր, տաղանդաշատ հայ ջութակահարուհի Անի Բատիկեանը: Համերգի թեման էր «Արեւելեան Եւրոպայի արուեստը եւ ազգային երաժշտութիւնը», իսկ երեկոն համալրուել էր այնպիսի ստեղծագործութիւններով, որոնք նպատակ ունէին պատկերելու ազգային պարերից եւ արուեստից ոգեշնչուած կոմպոզիտորների աշխատանքները:
Համերգի ծրագիրը ներառում էր լեհ կոմպոզիտոր Վիթոլդ Լիւտոսլաւկու «Փոքր Սիւի»չը, որի հիմքում հարաւային Լեհաստանի պարային մեղեդիներն են, անուհետեւ Արամ Խաչատրեանի կոնցերտը՝ ջութակի եւ նուագախմբի համար, որում առկայ են հայկական ազգային մեղեդիների թեմատիկ տարրեր, ինչպէս նաեւ Մուսորգսկու «Գեղանկարները Ցուցահանդէսում» գործը՝ Ռաւելի փոխադրմամբ:
Համերգի ընթացքում տեղի ունեցաւ նաեւ Անի Բատիկեանի ամուսնու, կոմպոզիտոր Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործութեան պրեմիերան, որի ոգեշնչման աղբիւրն էր մեծանուն ծովանկարիչ Յովհանես Այվազովսկու «Իններորդ Ալիք» յայտնի նկարը: Այն նուիրուած էր գեղանկարչի 200ամեակին, ինչն այս տարի նշւում է ողջ աշխարհում:
Բատիկեանի կողմից Խաչատրեանի ջութակի կոնցերտի կատարումը տպաւորիչ էր եւ անթերի. այն ի ցոյց դրեց Անիի անզուգական հմտութիւնները, հիասքանչ եւ խորունկ ջութակահարի կատարողական արուեստն իր ողջ հմայքով:
Համերգի ողջ ընթացքում, Անին կլանել էր հանդիսատեսի ուշադրութիւնը՝ զմայելով իր հիասքանչ կատարմամբ եւ Մոնտանեանա ջութակի քաղցր հնչիւններով, որը, ի դէպ, արժէ մօտ 900,000 ֆունտ ստերլինգ եւ տրամադրուել էր Ingles & Hayday, Sotheby-ի աճուրդի ջութակի մասնագէտների կողմից:
Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործութիւնը, որը գրուած է ռուսական ռոմանտիկ ոճով եւ պարունակում է հայկական տարրեր, գեղեցիկ կերպով մատուցեց Այվազովսկու նկարի պատմութիւնը՝ հանդիսատեսին տանելով մի ճամբորդութեան, որտեղ հանդարտ ալիքները վերածւում էին փոթորկի եւ նաւաստիները բախւում էին հարուածող ալիքներին:
Սիմֆոնիկ օրկեստրը ազդեցիկ կերպով ներկայացրեց գործի գունեղ երանգները եւ ջութակի արտայայտիչ գեղեցկութիւնը: Այվազովսկու ամենայայտնի գեղանկարն այժմ ունի իրեն նուիրուած երաժշտական ստեղծագործութիւն: Հանդիսատեսը գերագոյն հաճոյք ստացաւ՝ ունկնդրելով այս ստեղծագործութիւնը, իսկ կոմպոզիտորն իր գործի կատարման աւարտին բեմ բարձրացաւ՝ միանալով իր տիկնոջը:
1924թ. հիմնուած «Լոնդոնի Ֆենիքս» նուագախումբը հմտութեամբ եւ մեծ խանդավառութեամբ ելոյթ ունեցաւ դիրիժոր Փարիկեանի ղեկավարութեամբ: Միջոցառման կազմակերպիչն ու հովանաւորն էր Թէքէեան մշակութային միութեան լոնդոնեան մասնաճիւղը: