ՊՈԼԻՍ, «Թերթ».- Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ուժը համարուող Ժողովրդա-Հանրապետական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը, մեկնաբանելով ասորական համայնքի օրեր առաջ իշխանութիւնների կողմից բռնի կերպով պետականացուած սրբավայրերի խնդիրը՝ նշել է, որ ասորական համայնքի հետ պատահածը կարող է անդրադառնալ Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնութիւնների վրայ:
«Շատ մտահոգ ենք եւ անհանգստացած», ասել է հայազգի պատգամաւորը՝ շեշտելով, որ Թուրքիան փաստացի խախտել է Լօզանի համաձայնագրի՝ կրօնական փոքրամասնութիւններին վերաբերող յօդուածը, որը վերաբերում է նաեւ հայերին:
Աւելի վաղ, այցելելով Թուրքիայի հարաւ-արեւելքում գտնուող Մարդին քաղաք, որտեղ գտնւում են օրեր առաջ իշխանութիւնների կողմից բռնազաւթուած սրբավայրերը, Սելինա Դողանն իր աջակցութիւնն է յայտնել ասորական համայնքին ու խոստացել հարցը բարձրացնել երկրի ամենավերին ատեաններում:
Սելինա Դողանը մտադիր է հարցը բարձրացնել Թուրքիայի փոխվարչապետ Վէյսի Քայնաքի մօտ եւ յատուկ հանդիպում է պահանջել նրա հետ:
Դողանը նաեւ նկատել է, որ իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան իշխանութեան գալուց ի վեր կրօնական փոքրամասնութիւններին պատկանած՝ այդ թւում եւ ասորական համայնքի գոյքից շատերը յետ են վերադարձուել համայնքներին, սակայն այսօր ասորիների հետ պատահածը ցոյց է տալիս, որ դա միայն Եւրոմիութեան երկրների աչքին «թոզ փչելու» եւ ի դէմս քրիստոնեաների ընտրողներին սիրաշահելու համար էր, որը ժամանակաւոր բնոյթ էր կրում:
Նշենք, որ Լօզանի պայմանագրի առաջին մասի երրորդ բաժինը (յօդուածներ 37-44) ամբողջովին նուիրուած է Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեանը, նրանց ինքնութեան ու ժառանգութեան պահպանմանը:
Լօզանի պայմանագրի 38րդ յօդուածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին մասնաւոր կամ հանրային կեանքում տրւում է հաւատքի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւն: Իսկ պայմանագրի 40րդ յօդուածով նրանց տրւում է կրօնական հաստատութիւններ հիմնելու, գործածելու եւ վերահսկելու իրաւունք:
Լօզանի պայմանագրի 42րդ յօդուածի երրորդ մասով «Թուրքական կառավարութիւնը պարտաւորւում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնութիւնների այլ կրօնական հաստատութիւնները»: Բնականաբար, «լիակատար պահպանութիւնը» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւերելը, այլեւ դրանց ամրացումն ու նորոգումը: