ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Մենք արդէն գրել էինք այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունէութիւնն Ադրբեջանի իշխանութիւնների համար վաղուց արդէն քննադատութեան առարկայ է դարձել: Սակայն իւրատեսակ օրինաչափութիւն է դարձել նաեւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ միջնորդների վրայ յարձակումների սաստկացումը նրանց հերթական տարածաշրջանային այցից յետոյ: Այս տեսանկիւնից բացառութիւն չկազմեց նաեւ համանախագահների՝ Յունիսի 10-19ը կատարած վերջին այցը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, որի ընթացքում կայացան նրանց հանդիպումներն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան բոլոր երեք կողմերի բարձրագոյն ղեկավարութեան հետ:
Միջնորդների պատուիրակութիւնը հազիւ էր լքել տարածաշրջանը, երբ նրանց հասցէին Ադրբեջանի կողմից դարձեալ կոշտ քննադատութիւն տեղաց, ընդ որում, միաժամանակ մի քանի ուղղութիւններով. Մինսկի խմբի դէմ արշաւին միացան ոչ միայն ԶԼՄները, այլեւ խորհրդարանի ու կառավարութեան ներկայացուցիչները: Այսպէս, Ադրբեջանի խորհրդարանի միջազգային յարաբերութիւնների եւ միջխորհրդարանական կապերի յանձնախմբի նախագահ Սամեդ Սէիդովը յայտարարել է, որ համանախագահները «պէտք է կոնկրետացնեն եւ հրապարակեն ճշմարտութիւնը, չթաքցնեն իրականութիւնը»: Իսկ իրականութիւնը, Սէիդովի տեսանկիւնից, այն է, որ «Հայաստանն օկուպացնում է ադրբեջանական հողերը», եւ «եթէ ԵԱՀԿ Մինսկի խումբը բարձրաձայնի այդ իրողութիւնները, ապա հակամարտութիւնը կը լուծուի»: Մինսկի խմբի համանախագահների գործունէութեան իր գնահատականներում աւելի հեռուն գնաց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, ով, քամահրելով դիւանագիտական էթիկայի տարրական նորմերը, յայտարարել է, թէ միջնորդների համար «պէտք է ամօթ լինի այն, որ արդէն 20 տարի նրանք այցելում են տարածաշրջան, բայց որեւէ արդիւնքի չեն հասել»: Այս երկու վայ-գործիչների հետ ներդաշնակ՝ երկրորդեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, ով իր խօսքերին որոշ ծանրութիւն ու համոզչութիւն հաղորդելու նպատակով ամբոխավարական ոճով վկայակոչեց ադրբեջանական սոցիումին. «Համանախագահների այցերը տարածաշրջան հասարակական բողոք են յարուցում»: Հետաքրքիր է՝ այդ երբուանի՞ց է ալիեւեան ռեժիմն ականջալուր լինում հասարակական կարծիքին: Բայց՝ սա իմիջիայլոց:
Մենք յատուկ ուշադրութիւն չենք դարձնի պաշտօնական Բաքուի ներկայացուցիչների բողոքի ձեւի վրայ, այլ կանգ կ՛առնենք դրա էութեան վրայ: Հաշուի առնելով կարգաւորման գործընթացում տիրող ներկայիս պատային իրավիճակը, ստիպուած ենք յայտնի «ո՞վ է մեղաւոր» եւ «ի՞նչ անել» հարցերը տալ: Բնականաբար, ոչ ոք չէր էլ սպասում, որ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը թոյլ կը տար որոշակի չափով մերձեցնել հակամարտութեան լուծումը:
Կարգաւորման գործընթացը կայուն կերպով տեղապտոյտ է տալիս, սակայն դրանում ամենաքիչը հէնց միջնորդներն են մեղաւոր, ովքեր ստեղծուած պայմաններում անում են իրենցից կախուածը՝ լիարժէք բանակցութիւնների վերսկսման համար: Այլ հարց է, որ նրանց բոլոր ջանքերը գործնականում բախւում են Ադրբեջանի մաքսիմալիստական, ուստիեւ՝ ոչ իրատեսական դիրքորոշման խուլ պատին, մի երկրի, որը գործում է «կամ՝ ամէն ինչ, կամ՝ պատերազմ» սկզբունքով: Սկզբունք, որն անընդունելի է թէ՛ Հայաստանի ու Արցախի, թէ՛ Մինսկի խմբի համանախագահութեան համար: Ուրեմն ո՞վ է մեղաւոր միջազգային մոդերատորների աշխատանքի անարդիւնաւէտութեան մէջ, եթէ ոչ Բաքուն ինքը:
Վերյիշենք Բաքուի իշխանութիւնների որոշ քայլեր, որոնք ուղղուած էին միջազգային միջնորդների, մասնաւորապէս՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արգելափակմանը.
– Ադրբեջանի կողմից հիմնախնդիրը բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելու իր պարտաւորութեան չկատարում, որը նա ստանձնել էր դեռեւս 1992թ.՝ ԵԱՀԿ մտնելիս.
– Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու եւ հակամարտութեան քննարկումը միջազգային այլ ատեաններ տեղափոխելու յամառ փորձեր.
– ԵԱՀԿի բիւջէի վրայ վետօ դնելը, որը նախատեսում էր շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման եւ ներդրման ֆինանսաւորում.
– Շփման գծում իրավիճակի մոնիտորինգի վերը նշուած մեխանիզմի ներդրման մասին վիեննեան եւ սանկտպետերբուրգեան անցեալ տարուայ համաձայնութիւնների կատարումից հրաժարում.
– Առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու եւ զինուած սադրանքները դադարեցնելու համանախագահների կոչերի անտեսում.
– Հրադադարի ռեժիմի մշտական խախտում՝ առաջնագծում զինուած դիվերսիաների (խոտորեցման զինեալ փարձակում-Խմբ.) տեսքով, որոնք Բաքուի համար ծառայում են որպէս Հայաստանի, Արցախի եւ հէնց Մինսկի խմբի համանախագահների վրայ ճնշում գործադրելու գործիք.
– Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան էութեան ու միջնորդների խաղաղարար առաջարկութիւնների եւ ղարաբաղեան կարգաւորման համատեքստում միջազգային իրաւունքի իսկ խեղաթիւրում:
Ինչպէս տեսնում ենք, ունենք Ադրբեջանի հակամիջոցների բաւականին լայն տեսականի՝ ուղղուած Մինսկի խմբի միջնորդական ջանքերի տորպեդահարմանը (խափանման-Խմբ.): Բայց չէ՞ որ հիմնախնդիրը լուծողները ոչ թէ նրա համանախագահներն են, այլ հակամարտութեան կողմերը, իսկ միջնորդները փորձում են պայմաններ ստեղծել լիարժէք ձեւաչափով բանակցութիւնների համար, ինչին խանգարում է ալիեւեան ներկայիս կառավարող ռեժիմը: Այդ դէպքում ումի՞ց է դժգոհ Բաքուն: Չէ՞ որ նրա խօսքերն ու գործերը բացայայտ կերպով հակասում են իրար: Այլ խօսքով, գործողութիւնները ոչ մի կերպ չեն համաձայնեցւում տրամաբանութեան հետ. մի կողմից, Ադրբեջանը խաթարում է Մինսկի խմբի գործունէութիւնը, միւս կողմից‘ նրան մեղադրում անգործունէութեան մէջ: Նման իրավիճակում «ի՞նչ անել» հարցի պատասխանը բխում է ինքնիրեն. կարծում ենք, Ռուսաստանը, ԱՄՆն եւ Ֆրանսիան՝ որպէս Մինսկի խմբի համանախագահող երկրներ, պէտք է խստացնեն իրենց դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ եւ նրան ստիպեն, ի վերջոյ, կատարել ինչպէս խմբի խաղաղարար յանձնարարականները, այնպէս էլ սեփական յանձնառութիւնները: Այլ ելք պաշտօնական Բաքուն պարզապէս չի թողել: