Սառա Քորնինգը ծնուել է 1872թ. Եարմութից (հարաւ-արեւելեան Կանադա) 8 կմ. հեռաւորութեան վրայ գտնուող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրուել է ամերիկեան Կարմիր Խաչին եւ որպէս կամաւոր՝ ուղեւորուել Օսմանեան կայսրութիւն՝ օգնութեան ձեռք մեկնելու թուրքական կոտորածներից մազապուրծ բազմաթիւ հայ փախստականներին եւ որբերին: Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse եւ այլն) բազմիցս անդրադարձել էր հայկական կոտորածներին:
1922թ. անդամագրուելով Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կազմակերպութեանը, Սառան մեկնում է Զմիւռնիա:
1922թ. Սեպտեմբերին, քեմալական զօրքերը ներխուժում են Զմիւռնիա, որը հիմնականում բնակեցուած էր փախստականներով: Սառան յիշում է. «Տարածքը լցուած էր բազմաթիւ հիւանդ գաղթականներով եւ մենք նրանց խնամելու համար կլինիկա բացեցինք, բայց այն շուտով զինուորականները փակեցին»:
Այդ ժամանակ քաղաքում էին գտնւում ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլեւ այստեղ ապաստանած հազարաւոր հայ գաղթականներ, որոնց մէջ մեծ թիւ էին կազմում որբերը: Սեպտեմբերի 13ին քեմալականները հրդեհեցին «գեաւուր Իզմիրը», որին զոհ գնաց 100,000-150,000 քրիստոնեայ բնակչութիւն: Քաղաքում մեծ խուճապ բարձրացաւ. հրդեհից փրկուած քրիստոնեաները ապաստան էին որոնում եւրոպական եւ ամերիկեան հիւպատոսարաններում: Դէպի ծով նրանց տարհանումն իրականացնում էին միջազգային հումանիտար կազմակերպութիւնները՝ Կարմիր Խաչը, Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցը եւ այլն:
Յայտնուելով իրադարձութիւների կիզակէտում՝ Սառա Քորնինգը գերմարդկային ջանքերի շնորհիւ Զմիւռնիայում հաւաքագրում է հիմնականում իգական սեռի մինչեւ 12 տարեկան շուրջ 5000 հայ, նաեւ յոյն երեխաներ, որոնց ամերիկեան ռազմանաւերով տեղափոխում են Յունաստան: Այստեղ նա հիմնում է որբանոց՝ իր սաներին կրթելով եւ դաստիարակելով որպէս իրական քրիստոնեաների:
1923թ. Յունաստանի Գէորգ 2րդ թագաւորը նրան պաշտօնապէս հրաւիրելով թագաւորական պալատ՝ պարգեւատրեց «Փրկչի արծաթէ խա»չ շքանշանով (Յունաստանի պետական բարձրագոյն պարգեւով): Այս շքանշանով պարգեւատրւում են հայրենիքի հանդէպ կատարած յատուկ ծառայութիւնների համար յոյն զինուորական եւ քաղաքացիական անձինք, նաեւ Յունաստանի համար յատուկ ծառայութիւններ մատուցած օտարերկրացիները:
1924թ. նա մեկնում է Թուրքիա՝ զբաղուելով ուսուցչական գործունէութեամբ: Թոշակի անցնելով՝ Սառա Քորնինգը վերադարձաւ Չեգոգին՝ հայրենի բնակավայր, որտեղ ապրեց մինչեւ կեանքի վերջը՝ 1969թ.: Նա մահացաւ 97 տարեկան հասակում, իր կեանքը նուիրելով երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործին: Նրա տապանաքարին փորագրուած է. «Ապրեց ուրիշներին ծառայելու համար»:
Սառա Քորնինգի իրականացրած մարդասիրական գործունէութեան վերաբերեալ որոշ տուեալներ պահպանւում են Եարմութի տարածքային թանգարանում եւ Քորնինգների ընտանեկան արխիւում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Zaven & Sonia
Akian
& Family
————————
In Memory of my parents
Hampartsoum and Ovsanna Chitjian
Sara Chitjian
——————————
Ընկ. Կարպիս
եւ ընկհ. Մայտա Պէզճեան
եւ զաւակները
Կը զօրակցինք Հայաստանի
եւ Սուրիոյ Հերոս Հայութեան
——————————-
Ի Յիշատակ Բոլոր
Այն Անմեղ Հայերուն, Որոնք Վայրագօրէն Սպաննուեցան ՀՐԷՇ Թուրքին Կողմէ:
ԱԶՆԻՒ
ՍԱՊՈՒՆՃԵԱՆ
——————————
Ի Յիշատակ մեր մայրերուն՝
Ովսաննա Մուրատեանի
եւ Մարի Ճիհանեանի
Արսէն եւ Լիոնէ
Սոնա եւ Արսէն կրտսեր
Մուրատեաններ