Ամերիկեան փոքրիկ մի քաղաքում ծնուած Մերի Լուիզ Գրաֆամի ազդեցութիւնն անհամեմատ աւելին է, քան որեւէ մէկը կարող էր կանխատեսել: Նա միանձնեայ պատասխանատու էր հազարաւոր հայերի կեանքի փրկութեան եւ նրանց ճակատագիրն ընդմիշտ փոխելու համար: Հայոց Ցեղասպանութեան տարիներին, ամերիկացի միսիոների խիզախ գործունէութիւնն ու անձնազոհութեան հասնող նուիրուածութիւնը վերածուեց լեգենդի, երբ նա Սեբաստիայում (Սուաս) պատսպարեց ու խնամեց բազաթիւ ողջ մնացածների, ինչպէս նաեւ վաւերագրեց շուրջբոլորը տեղի ունեցող սարսափը:
Մէյն նահանգի Մոնսոն քաղաքում 1871թ. Մայիսի 11ին ծնուած Մերի Լուիզ Գրաֆամը 1894ին աւարտել է Օհայոյի Օբերլինի քոլեջը: 1900թ. Գրաֆամի քոյրը՝ Վինոնան, եւ վերջինիս ամուսինը՝ Էռնեստ Քրոքեր Փարթրիջը, որպէս միսիոներ մեկնում են Սեբաստիա՝ այդպիսով նպաստելով Մերիի՝ նոյնպէս այնտեղ մեկնելու շրջադարձային որոշմանը: Որպէս Օտարերկրեայ առաքելութիւնների ամերիկեան լիազօրների խորհրդի (Ամերիկեան խորհուրդ/American Board of Commissioners for Foreign Missions) միսիոներ՝ Գրաֆամը 1901թ. հասնում է Սեբաստիա: Մէկ տարի անց 31 տարեկան Մերին դառնում է Օրիորդաց աւագ վարժարանի տնօրէնը, որտեղ նաեւ դասաւանդում է հանրահաշիւ ու երկրաչափութիւն եւ կազմակերպում գրական ու մշակութային միջոցառումներ: Ի յաւելումն ֆրանսերենի եւ իր մայրենի անգլերէնի՝ Գրաֆամը կարճ ժամանակում վարժ տիրապետում է նաեւ հայերէնին ու թուրքերէնին: Նա աւագ դասարանների ուսուցիչ է աշխատում նաեւ մերձակայ Կիւրին, Տարենտէ, Տեւրիկ (Դիւրիգի) եւ Զարա բնակավայրերում:
20րդ դարի սկզբին Սեբաստիայում Ամերիկեան խորհրդի առաքելութիւնը հասել էր բարձրակէտին: Միսիոներների թիւը կրկնապատկուել էր, իսկ քաղաքի հայկական թաղամասում կառուցուել էր հիւանդանոց ու դպրոց: Նախքան Առաջին Համաշխարհային պատերազմը Սեբաստիայի օրիորդաց վարժարանում սովորում էր 200 աշակերտ:
Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմին միացաւ 1914թ. Նոյեմբերին: Մէկ ամիս անց թուրքական բանակը կովկասեան ճակատում ծանր պարտութիւն կրեց՝ տալով մեծաքանակ զոհեր: Թէպէտ Գրաֆամը հնարաւորութիւն ունէր լքելու երկիրը, սակայն որոշեց մնալ եւ աշխատել որպէս բուժքոյր: Բժիշկների հետ նա ուղեւորուեց Էրզրում (Կարին-Ակունքի-խմբ.)՝ կովկասեան ռազմաճակատ:
Կարմիր մահիկի հոսպիտալում աշխատելիս նա հարիւրաւոր թուրք զինուորների է փրկել տիֆից եւ ցրտահարութիւնից:
Հիւանդանոցում անձնուէր աշխատանքի համար թուրքական կառավարութիւնը 1917թ. նրան պարգեւատրել է «Կարմիր մահիկ» կայսերական շքանշանով: Մինչեւ իր մահը նա շարունակում էր շնորհակալական նամակներ ստանալ թուրք զինուորներից:
Սրտացաւութիւն Եւ Անկասելի Վճռականութիւն
Երբ Գրաֆամը վերադարձաւ Սեբաստիա, կառավարութիւնը հայ բնակչութեանը զանգուածաբար տեղահանելու հրամանն արդէն արձակել էր: Մերի Լուիզին պարզ էր, որ այդ տեղահանութիւնը հայերի համար մահ է նշանակում: Իր սաներին աքսորից փրկելու նպատակով նա անձամբ այցելում է նահանգապետին՝ խնդրելով թոյլ տալ աղջիկներին պահել Սեբաստիայում: Թուրք պաշտօնեան պատճառաբանում է՝ իբր «աղջիկներին ընտանիքներից կտրելու» կարիք չկայ, եւ որ նրանց ճանապարհն «ապահով կը լինի»: Գրաֆամն, այնուամենայնիւ, որոշում է ուղեկցել իր սաներին այդ «ապահով» ուղեւորութեան ընթացքում:
1915թ. Յուլիսի 7ին 3000 հայերից կազմուած երրորդ քարաւանը լքում է Սեբաստիան: Նրանց շարքերում իր 50 աշակերտների հետ էր նաեւ միսիոներ Գրաֆամը: Ամերիկեան խորհրդի գանձապահ Ուիլեամ Փիթին հասցէագրուած նամակում (Մալաթիա, 1915թ. Օգոստոսի 7) նա ականատեսի վկայութեամբ նկարագրում է տեղահանութեան բոլոր սարսափները: Այդ նամակը յետագայում տպագրուել է «American Missionary Herald» պարբերականում (1915թ. Դեկտեմբեր) եւ Լորդ Բրայսի «Կապոյտ Գիրք»ում:
Տեղահանուած հայերի քարաւանը քայլում է յուլիսեան կիզիչ արեւի տակ՝ օրերով մնալով առանց սննդի ու ջրի, ենթարկուելով պարբերաբար կրկնուող յարձակումների եւ կողոպուտի: Այստեղ Գրաֆամը տեսնում է այլ նահանգներից եկող հիւծուած ու թշուառ հայերի նօսրացած քարաւանները եւ այդ ցնցող տեսարանը նկարագրում իր նամակներից մէկում՝ աւարտելով այսպէս. «Նրանց տեսնելիս մարդու սիրտ էր պայթում»:
Գաղթի ճանապարհները ծածկուած էին գերազանցապէս կանանց ու երեխաների դիակներով: Մալաթիայից հիւսիս ընկած Հասանչելեբի բնակավայրից դուրս գալուց շատ չանցած՝ Գրաֆամին տեղափոխում են Մալաթիա: Այս քաղաքը միսիոներուհին նկարագրում է որպէս իսկական դժոխք, եւ այստեղ հայ գաղթականներին վերահաս մահից փրկելու նրա բոլոր ջանքերն ապարդիւն են անցնում: Մալաթիայի գաւառի մութասարիֆը՝ վարչական ղեկավարը, ոչ միայն մերժում է Գրաֆամին, այլեւ նրան արգելում շարունակել ուղեկցել հայ գաղթականներին: «Ես դա կառավարութեան կողմից կատարուած մեծագոյն սխալ եմ համարում, քանի որ թէպէտ հայերի ներկայիս դրութեան սարսափները բաւարար են, սակայն կեղծ հաղորդումներն այնքան շատ են, որ ականատեսի կողմից ներկայացուող հաղորդումն արժէքաւոր կը լինէր, եթէ ես կարողանայի ուղեկցել ողջ ճանապարհին», գրում է Մերին:
Աւելի ուշ նա կարողացաւ եւս մի նամակ ուղարկել Փիթին: Թուրքիայի ներքին նահանգներում հայ բնակչութեան դէմ գործուած վայրագութիւնները նկարագրող այդ նամակը Կոստանդնուպոլսում Միացեալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն 1915թ. Սեպտեմբերի 13ին ուղարկում է ԱՄՆ Պետդէպարտամենտ:
1915թ. Օգոստոսի կէսերին Մերի Լուիզը, որն արդէն հիւծուած ու թշուառ մի գաղթականի տեսք ունէր, վերադառնում է Սեբաստիա, որտեղ գրեթէ հայ չէր մնացել արդէն: «Այդ ժամանակ ես կմախք էի դարձել եւ ինքս գաղթականի տեսք ունէի: Կիսախելագար վիճակում էի, եւ ինձ մենակ թողնել չէր կարելի: Բայց յանձնուել եւս չէի կարող… քանի որ այդ ժամանակ քաղաք սկսեցին հասնել Մարզուանից ու այլ բնակավայրերից տեղահանուած հայերի քարաւանները», գրում է նա:
Գրաֆամն այնքան սեւեռուած էր Սեբաստիայում հաւաքուող գաղթականներին խնամելու խնդրի վրայ, որ սեփական առողջութեան շեշտակի վատթարացումն անգամ նրան հետ չպահեց հայ ժողովրդի մնացեալ բեկորները փրկելու գործից:
Սեբաստիա վերադառնալուց շատ չանցած՝ տեղական իշխանութիւնների պահանջով նա գլխաւորում է հայ մանուկների համար բացուած շուէյցարական որբանոցը: Կարճ ժամանակում նա ստանձնում է հարիւրաւոր հայ որբերի խնամակալութիւնը: Անձնազոհ ամերիկուհին ոչ միայն հաւաքում ու ապաստան է տալիս որբացած երեխաներին, այլեւ թաքցնում է 8-14 տարեկան հայ աղջիկներին, որոնց առեւանգել ու տարել էին մուսուլմանական հարեմներ: Նա կարողանում է նրանց մի մասին մի քանի լիրայով հետ գնել թուրք տէրերից:
Մերի Լուիզը սովեալ, հիւանդ ու ցնցոտիների մէջ կորած գաղթականներին սնունդ, հագուստ եւ դեղորայք է մատակարարում՝ օգնելով նաեւ, որ 200 հայ կին կարողանայ աշխատանքի անցնել տեղի ֆաբրիկայում: Սա յարուցում է թուրքերի զայրոյթը, սակայն Գրաֆամը պատճառաբանում է, որ «նրանք աշխատում են թուրքական կառավարութեան համար», եւ հարթում է խնդիրը: Այսպիսով, նա փոքրաթիւ կանանց կարողանում է փրկել մահից: Նախքան 1918թ. զինադադարը Գրաֆամը պատսպարում է Ցեղասպանութիւնը վերապրած մօտ հազար հայերի եւ ինչ-որ իմաստով դառնում նրանց կեանքի անձնական երաշխաւորը: Պատերազմի աւարտին նրա անունն արդէն լեգենդ էր: 1919թ. գարնանը, երբ միսիոներ եւ Ամերիկեան խորհրդի գործադիր քարտուղար æէյմս Բարթոնը Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց ամերիկեան կոմիտէի ներկայացուցիչների հետ ժամանում է Սեբաստիա, նրանց մի հայ է դիմաւորում: Ի պատասխան Բարտօնի հարցին, թէ քանի հայ է այժմ ապրում Սեբաստիայում, նա պատասխանում է. «Սեբաստիայում բոլորն ապահով են: Միսս Գրաֆամն այստեղ է, եւ թուրքերը վախենում են նրանից»: Զինադադարից յետոյ հայ գաղթականներն ու Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց ամերիկեան կոմիտէի աշխատողները վերադառնում են Սեբաստիա: 1919-1921թթ. նահանգը վերակենդանանում է: Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյցը 1100 հայ մանուկների համար բացում է երկսեռ որբանոց, իսկ Մերի Լուիզը համակարգում է յետ-պատերազմեան մարդասիրական օգնութիւնը՝ նախաձեռնելով կօշիկի նորոգման արհեստանոցների, դարբնոցների ու խանութների հիմնադրման աշխատանքներ: Սեբաստիայի հայերի պահապան հրեշտակ այս կինը նաեւ գլխաւորում է Ամերիկեան նպաստամատոյցի տեղական միաւորը: Նրա՝ այդ ժամանակահատուածի գործունէութիւնը վաւերագրել է Աշխէն Աւագեանը. «1918թ. Գրաֆամն ստանում է Արամեան վարժարանի շէնքը, որը թուրքական իշխանութիւնները վերածել էին հիւանդանոցի եւ լրջօրէն վնասել: Գրաֆամն այն դարձնում է որբանոց: Նա յետ է պահանջում նաեւ Հոգդարի ամերիկեան քոլեջի մասնաշէնքերը, որոնք ապաստարան են դառնում փրկուած ու ազատագրուած հազարաւոր հայ որբերի ու երիտասարդների համար»: Դժբախտաբար, այս ամէնը կազմակերպելուց ու իրականացնելուց ընդամէնը մի քանի տարի անց՝ 1921թ. Օգոստոսի 17-ին, Մերի Լուիզ Գրաֆամը վախճանուել է կրծքի քաղցկեղից՝ անաւարտ թողնելով իր կեանքի գործը:
– Նիւթի պատմական հաւաստիութիւնն ստուգուած է 100 LIVES նախաձեռնութեան հետազօտական խմբի կողմից:
Auroraprize.com
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Լոս Անճելըսի Իրանահայ Միութիւն
—————————–
Դոկտ.
Տիրան
եւ Շաքէ
Արոյեան
——————————
Ron
&
Goharik
Gabriel
————————————————————