Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է գրող, հումորիստ, դերասան եւ ռեժիսոր Վահէ Պէրպէրեանի կեանքի պատմութիւնը, որը սերտօրէն կապուած է Հայոց Ցեղասպանութեան ու Ցեղասպանութիւնից յետոյ Սփիւռքի հայութեան կենսակերպի, ապրած ներքին խնդիրների ու տարած պայքարի հետ:
auroraprize.com կայքի «100 Կեանք» նախագծի շրջանակում Վահէ Պէրպէրեանի հարցազրոյցը թուրքական կայքը թարգմանել եւ ներկայացրել է ամբողջութեամբ՝ օգտագործելով ցեղասպանութիւն բառն առանց չակերտների:
Պէրպէրեանի՝ թուրքական մամուլում յայտնուած կեանքի պատմութիւնը ներկայացնում ենք ստորեւ.
«Վահէի հայրը՝ Րաֆֆին, մէկ տարեկան էր, երբ իր մօր հետ յայտնուեց Դեր Զօրի անապատում: Մինչեւ Լիբանանի մայրաքաղաք Բէյրութ հասնելը նրանք հաստատուել էին Հալէպում, որտեղ էլ ծնուել-մեծացել է Վահէն: Վահէ Պէրպէրեանի մօրական կողմի բոլոր ազգականները կոտորուել են Ցեղասպանութեան ժամանակ:
Բազմաթիւ հայ ընտանիքներ խուսափել են իրենց երեխաներին պատմել Ցեղասպանութեան ժամանակ իրենց ապրած սարսափների մասին, սակայն Վահէի ծնողներն այդ ընտանիքների թուին չէին պատկանում:
Վահէի տատը պատմել է, որ ճարահատեալ գաղթի ճանապարհին փորձել է երեք անգամ սպանել ձեռքին եղած փոքրիկին՝ Վահէի հօրը, սակայն չի կարողացել դա անել, քանի որ Եփրատ գետն արդէն չափից շատ էր լցուած դիերով:
«Ինձ ասացին՝ եթէ մոռանաս, ուրեմն մեզ դաւաճանած կը լինես: Երկար ժամանակ ես ինձ իսկապէս մեղաւոր էի զգում, թէեւ չէի արել մի բան, որի համար պէտք է մեղաւոր զգայի», յիշում է Պէրպէրեանը:
Նա համարձակօրէն խօսում է նաեւ հաւաքական ցաւի ու դրա՝ իր ու շատերի հոգեկան առողջութեան վրայ ունեցած ազդեցութեան մասին:
«Ընդհանրապէս շատ երջանիկ մարդ չեմ: Հակուած եմ սթրեսների, դեպրեսիայի: Իրականում հումորի աշխարհում իմ փնտռտուքները դրա հետ են կապուած: Եթէ երջանիկ լինէի՝ հումորի կարիք կը զգայի՞», նշում է Վահէ Պէրպէրեանը, որի կատակների տեքստերը լսելով՝ պարզ է դառնում, որ Ցեղասպանութեան կամ պատերազմների գաղթականների շրջանում նա միակ մարդը չէ, ով կախուածութիւն ունի հումորից:
Պէրպէրեանը 17 տարեկանում լքում է Բէյրութն ու տեղափոխւում Եւրոպա, այնուհետեւ կրկին վերադառնում Լիբանան:
Լիբանանում քաղաքացիական պատերազմի առաջին տարիների վկան դարձած Վահէն յետագայում ստիպուած է լինում գաղթել ԱՄՆ: Սակայն այստեղ էլ ապահովութեան զգացումը երկար չի տեւում: Նա հիւանդանում է միզապարկի քաղցկեղով ու ստիպուած լինում բազմաթիւ վիրահատութիւնների ենթարկուել:
Խօսելով իր մասնագիտական ու կեանքի ուղու ընտրութեան հարցում ընտանիքի, Ցեղասպանութեան ու հայ լինելու գործօնի ազդեցութեան մասին՝ Վահէն նշում է. «Գլխումս մի լոյս վառուեց, եւ ես հասկացայ, որ պէտք է փոխեմ գործերի ընթացքը: Պէտք է տարբեր մօտեցում գտնել: Հայ լինելը կապ չունի կեանքի համար պատերազմող մարտիկ լինելու հետ եւ այլն… Հայ լինելը սեքսուալ է, հայ լինելը գեղեցիկ բան է, հայ լինելը զուարճալի է եւ, ի վերջոյ, գլուխ գովելու բան է: Ի հարկէ, դժուար է, մեր ուսերին 1.5 միլիոն մարդ է նստած (նկատի ունի Ցեղասպանութեան զոհերին-«Թեր»չ), ու այսպէս աշխատում ենք առաջ գնալ… իհարկէ, շատ դժուար է…»:
«ԹԵՐԹ», auroraprize.com