«ԹԵՐԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈՅ ԽՕՍՆԱԿ ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԱՆԻ ԱՐԱՄԻ
Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը «Թեր»չի հետ զրոյցում ասաց, որ գոյութիւն չունի Արցախի հակամարտութեան կարգաւորման «Լաւրովի պլան», գոյութիւն ունեն ընդհանրական մօտեցումներ, որոնց նոյնպէս վերապահօրէն պէտք է փաստաթուղթ անուանել: Դա հակամարտող կողմերի մօտեցումների հանրագումարն է, բայց դեռեւս վերջնական որեւէ փաստաթուղթ չկայ, որովհետեւ այստեղ գործում է կոնսենսուսի (համաձայնութեան-Խմբ.) սկզբունքը, այսինքն՝ համաձայնեցուած չէ ոչինչ, երբ համաձայնեցուած չէ ամէն ինչ: Նրա խօսքով՝ նոյնիսկ, եթէ մի փոքր մասով կայ անհամաձայնութիւն, ապա չի կարելի փաստել, որ կայ առաջընթաց:
ԱՆԻ ԱՐԱՄԻ.- Պարո՛ն Բաբայեան, Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարար Սերգէյ Լաւրովն իր հարցազրոյցներից մէկում ասել է, թէ Բաքուն եւ Երեւանը զգալիօրէն մօտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում դիրքորոշումները, եւ կարգաւորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցուած են: Հայկական ու ադրբեջանական կողմն ի՞նչ հարցերում են համաձայնութեան եկել:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Լաւրովը նաեւ ասել է, որ գրեթէ բոլոր հարցերը կարգաւորուած են, բացի 1-2 հարցից, որոնք իրականում ամենադժուարն են, ժամանակատարն ու աշխատատարն են, եւ սա իրօք այսպէս է: Ի վերջոյ, եթէ Արցախեան հիմնախնդիրը համապարփակ ձեւով դիտարկենք, ապա կայ 2 կարեւորագոյն հարց՝ սահմանների հարցը եւ կարգավիճակի, իսկ մնացեալ հարցերն ածանցեալ են այս երկուսին: Հետեւաբար, երբ ասում ենք՝ կայ 2-3 հարց, հէնց սրանց մասին ենք խօսում, քանի առանց այս սկզբունքային հարցերի լուծման հնարաւոր չէ հակամարտութեան կարգաւորման ճանապարհով գնալ: Բնական է, որ հայկական ու ադրբեջանական կողմերն այս հարցերում ունեն շատ իրարամերժ մօտեցումներ, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր դիրքորոշումը, չի փոխել ոչ մի բան իր մօտեցումների մէջ եւ վերջնանպատակը տեսնում է խորհրդային հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնման տարբերակով: Իսկ Ադրբեջանի նման դիրքորոշման եւ ներկայիս իրավիճակի պայմաններում ակնկալել որեւէ առաջընթաց, կարծում եմ, վաղաժամ է:
ԱՆԻ ԱՐԱՄԻ.- Ստացւում է, որ Արցախի հակամարտութեան շուրջ բանակցութիւնները դոփում են նոյն տեղո՞ւմ, նոյնիսկ գերտէրութեան ներկայացուցիչները նախկինում եղած փաստերն են արձանագրում եւ նոր բան չեն ասում:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Երբ մենք խօսում ենք հակամարտութեան կարգաւորման մասին, պէտք է այն դիտարկենք 2 հարթութեան մէջ. առաջինը՝ բուն կարգաւորում, այսինքն՝ բանակցութիւններում առաջընթաց մինչեւ վերջնական հանգուցալուծում, երկրորդը՝ կայունութեան եւ խաղաղութեան պահպանում է, որը նոյնպէս շատ բարդ է, որի ուղղութեամբ նոյնպէս աշխատում են գերտէրութիւնները եւ Մինսկի խմբի համանախագահները: Հիմա, քանի որ կողմերի միջեւ ընդհանուր յայտարարի նախադրեալներ չկան, ամենակարեւոր ուղղութիւնը շարունակում է մնալ կայունութեան եւ խաղաղութեան պահպանումը տարածաշրջանում:
ԱՆԻ ԱՐԱՄԻ.- Շատ է խօսւում լաւրովեան փաստաթղթի մասին: Ծանօ՞թ էք այդ փաստաթղթին եւ համաձա՞յն էք առաջարկուող լուծումներին:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Նման փաստաթուղթ գոյութիւն չունի, գոյութիւն ունեն ընդհանրական մօտեցումներ, որոնց նոյնպէս վերապահօրէն պէտք է փաստաթուղթ անուանել: Դա հակամարտող կողմերի մօտեցումների հանրագումարն է, բայց դեռեւս վերջնական որեւէ փաստաթուղթ չկայ, որովհետեւ այստեղ գործում է կոնսենսուսի սկզբունքը, այսինքն՝ համաձայնեցուած չէ ոչինչ, երբ համաձայնեցուած չէ ամէն ինչ: Նոյնիսկ, եթէ մի փոքր մասով կայ անհամաձայնութիւն, ապա չի կարելի փաստել, որ կայ առաջընթաց:
ԱՆԻ ԱՐԱՄԻ.- Այս պահին բանակցութիւններն ընթանում են Մադրիդեան փաստաթղթի շուրջ: Հնարաւոր համարո՞ւմ էք, որ նոր փաստաթուղթ կազմուի՝ հաշուի առնելով այն, որ հայաստանեան խորհրդարանական ընտրութիւններում Մադրիդեան սկզբունքներն առաջ տանող ուժը պարտուեց:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Ընդհանրապէս, որպէսզի բանակցութիւններում առաջընթաց գրանցուի, մի շարք նախադրեալներ պէտք է լինեն: Առաջինը՝ պէտք է վերականգնուի բանակցութիւնների լիարժէք ձեւաչափը, որն այս պահին կարգաւորուած չէ, այսինքն՝ Արցախը որպէս լիարժէք կողմ չի մասնակցում բանակցային գործընթացին: Ի վերջոյ պէտք է վերանայել ռեւանշիստական (պատերազմի իբրեւ արդիւնք կորսնցուցած հողերը վերադարձնելու վրէժխնդրական մօտեցում-Խմբ.) ցանկացած փորձ, այսինքն՝ չլինի վերադարձ անցեալին: Եթէ գերնպատակ է մօտեցումը, թէ կը վերականգնուի Ադրբեջանի խորհրդային հանրապետութիւնը, ապա սա որեւէ ապագայ չունի:
ԱՆԻ ԱՐԱՄԻ.- Օրերս նաեւ Ղազախստանի նախագահն է յայտարարել, թէ Արցախի հիմնախնդիրը պէտք է խաղաղ կարգաւորման ճանապարհ ունենայ, իսկ մինչ այս նա միշտ աչքի է ընկել իր ադրբեջանամէտ պահուածքով: Հնարաւո՞ր է՝այս երկիրն էլ է ցանկանում միջամտել կարգաւորման գործընթացին:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Ղազախստանը երբեք չի թաքցրել իր ադրբեջանամէտ պահուածքը: Այստեղ միակ դրականն այն է, որ նա նոյնպէս արձանագրում է խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը: Ներկայ պահին Ղազախստանը որեւէ կերպ չի կարող միջամտել բանակցային գործընթացին:
ԱՆԻ ԱՐԱՄԻ.- Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրկին ակտիւացել էր: Դիտարկելով յարձակման ուղղութիւնները, կիրառուող զէնքերը՝ նոր ու խոշոր յարձակման նախապատրաստման փորձ տեսնո՞ւմ էք:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Զինադադարի ռեժիմի խախտումներից դժուար է հասկանալ, որովհետեւ նրանք տարբեր տիպի զինատեսակներ են օգտագործում, քանի որ նրանք այդ ծանր զինատեսակներ էլ են օգտագործում, սա փաստ է: Սակայն, եթէ չօգտագործեն էլ, սա դեռ չի նշանակի, որ նրանք հրաժարուել են իրենց մտադրութիւնից, իրենք իրենց ծրագիրը չեն էլ թաքցնում:
Նոյնիսկ Մեհրիբան Ալիեւան, թէպէտ առաջին փոխնախագահ է, բայց նրան ասենք՝ տիկին նախագահը, լինելով կինարմատ, միեւնոյն է, շարունակում է ապակառուցողական ոճով կարգախօսները, հանդէս է գալիս հողերի ազատագրման պահանջով եւ այլն: Այդ պետութիւնն իր էութեամբ՝ լինելով ֆաշիստական, կլանային (ցեղախմբային-Խմբ.), բռնապետական՝ չի կարող ունենալ կառուցողական մօտեցում: Քանի դեռ Ադրբեջանի մօտ չկայ պետականամէտ մօտեցում, նրանից այլ որակներ հնարաւոր չէ սպասել: