ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, խօսելով ՏՏ (Information Technology-IT) զարգացման միտումների մասին, վերջերս աւելի ու աւելի յաճախ են շեշտում, որ ապագան արհեստական բանականութեանն է (Artificial Intelligence):
Այդ կարծիքին է նաեւ PicsArt ընկերութեան համահիմնադիր եւ գործադիր տնօրէն Յովհաննէս Աւոյեանը: Նրա հիմնադրած Pics-Art-ը, որը 350 միլիոն օգտատէր ունեցող լուսանկարների ֆոտօխմբագրման, կոլաժների պատրաստման առաջատար յաւելուած եւ սոցիալական ցանց է, նոյնպէս կիրառում է արհեստական բանականութիւնն իր յաւելուածում:
Ըստ Աւոյեանի՝ արհեստական բանականութիւնը երկար ժամանակ համարւում էր «մեռած գիտութիւն», բայց վերջին շրջանում այն վերածնունդ է ապրում՝ մեծ դեր ու գործածութիւն ունենալով ամենատարբեր ոլորտներում, սկսած առօրեայ կեանքից մինչեւ մասնագիտական աշխատանք: Ոլորտի կարեւորութիւնը շեշտում է թէկուզ այն, որ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում է արուել այս ոլորտի սթարթափ ընկերութիւններում, եւ այդ ներդրումների ծաւալը տարէցտարի աճում է:
Մի շարք փորձագէտներ արհեստական բանականութեան դարաշրջանը համեմատում են էլեկտրականութեան բացայայտման շրջանի հետ, ինչը 19րդ դարում արդիւնաբերական յեղափոխութեան հիմնական ուժը դարձաւ:
Արհեստական բանականութիւնը նոյնպէս փոխում է մեր կեանքը, տնտեսութիւնը: Այն կարող է կիրառուել գրեթէ բոլոր բնագաւառներում եւ նպաստել արտադրողականութեան ու կեանքի որակի աճին: Ուստի, ըստ մեր զրուցակցի, այն երկրներն ու ընկերութիւնները, որոնք ներդնում են արհեստական ինտելեկտը իրենց գործունէութեան մէջ, ապագայում կը լինեն առաւել մրցունակ:
Ըստ Աւոյեանի՝ Հայաստանը մրցակցային առաւելութիւն ձեռք բերելու համար պէտք է պատրաստի արհեստական ինտելեկտի մասնագէտներ եւ ներդնի արհեստական ինտելեկտը տարբեր ոլորտներում: Պետութիւնը եւ մասնաւոր սեկտորը պէտք է յստակ քայլեր ձեռնարկեն այս ուղղութեամբ: Աւելին՝ պէտք է գործել հէնց հիմա:
«Այս ոլորտը նոր է: Իսկ մենք մեծ ռեսուրսներ եւ ներուժ ունենք բնական գիտութիւնների եւ մաթեմատիկայի ոլորտում: Այժմ ճիշդ պահն է այդ ներուժը ուղղել արհեստական բանականութեան ոլորտի զարգացմանը, ինչը համաշխարհային շուկայում մրցունակ լինելու մեր միակ հնարաւորութիւնն է», նշել է Աւոյեան:
Աւոյեան առաջարկում է զարգացնել ոլորտը՝ ստեղծելով մասնագիտացուած դպրոցներ եւ կրթական ծրագրեր, խրախուսելով ՏՏ ոլորտի հայկական ընկերութիւնները, ինչը Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելու բացառիկ հնարաւորութիւն կը ստեղծի: Այդպիսով մենք կը դառնանք արհեստական բանականութեան ոլորտի համաշխարհային առաջատար:
Հայաստանում կան ընկերութիւններ, որոնք նպաստում են արհեստական ինտելեկտի զարգացմանը: Մասնաւորապէս, PicsArt-ն ակտիւօրէն մասնակցում է Հայաստանում այս ոլորտի ձեւաւորմանը, իրականացնում մի շարք դասընթացներ, աշխատում կրթական հաստատութիւնների հետ:
Օրինակ՝ անցած շաբաթ PicsArt-ը արտերկրից ոլորտի ճանաչուած դասախօսներ էր հրաւիրել, որոնք հայ մասնագէտների հետ մէկ շաբաթ արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման վերաբերեալ խորացուած դասընթացներ են անցկացրել: Մինչ այդ PicsArt-ը Microsoft ընկերութեան հետ համատեղ անցկացրեց արհեստական ինտելեկտի հաքաթոն:
Պարոն Աւոյեանը նշում է, որ PicsArt-ը պատրաստ է Հայաստանում արհեստական բանականութեան տեխնոլոգիաների եւ նոր հմտութիւնների ներդրման շարժիչ ուժը լինել, օգնել զարգացնել ոլորտը եւ Հայաստանը դարձնել մրցունակ: Ներբեռնէք PicsArt յաւելուածը iOS, Android եւ Windows հեռախօսների համար: