Ազգային-հասարակական գործիչ Նազար Նազարեանը ծնուել է 1936 թուի Դեկտեմբեր 26ին, Հաֆթգել, Պարսկաստան։
Ծնողները՝ Ներսէս եւ Ծաղիկ Նազարեանները, ունեցել են չորս զաւակներ՝ Անժէլը, Նազարը, Սարգիսն ու Յարութիւնը։
Նա տարրական ուսումն ստանում է ծննդավայրում, ապա փոխադրուելով Թեհրան՝ հօրեղբօր մօտ, շարունակում եւ աւարտում է Հայոց Ազգային միջնակարգ Քուշեշ Դաւթեան դպրոցը։
1958 թուին, ընտանիքը տեղափոխւում է Թեհրան, ուր արդէն Նազարը պաշտօնավարում էր Հայոց Ազգային Սահակեան դպրոցում։
1967 թուին, Նազարն ամուսնանում է օրիորդ Եղեգ Կիրակոսեանի հետ եւ կազմում իր օջախը. ունենում են երկու արու զաւակ՝ Սեւադան ու Սեւակը։
Նազարը Թեհրան գալուն պէս, մասնակցում է «Ալիք»ի պատանեկան հաւաքներին, որտեղից եւ զինուորագրւում է որպէս շարքային գաղափարական ընկեր ՀՅԴին, եւ այնուհետեւ, ըստ իր փորձառութեան՝ վարում զանազան համապատասխան գործունէութիւն։
Միեւնոյն ժամանակ նա անդամակցում է Արարատ մարզամշակութային կազմակերպութեան թատերական բաժանմունքին եւ կերպարում մի քանի դերեր՝ «Տէրն ու Ծառան», «Քաջ Նազար» եւ ուրիշ։
Ի դէպ, 1994 թուի Օգոստոս 20ին, երբ Գլենդէյլ Հայ Սքուլի սրահում արարատականները տօնում էին Թեհրանի ՀՄԱԿի Յիսուն ամեակը, նազարը Լոս Անճըլըսում էր, միւս թատերական պատկերների կողքին, որպէս անխօս եւ անցողիկ կերպար ստանձնեց «Քաջ Նազար»ի դերը, որը յուշեր արթնացրեց բոլորի մօտ։
Նոյն թուին ամուսնացաւ իր աւագ որդին՝ Սեւադան, օրիորդ Մարիէտ Դաւթեանի հետ կազմեց իր հարազատ օջախը, հետագայում բախտաւորուելով երկու խելացի, մարզիկ եւ հայրենասէր դուստրերով՝ Ալին եւ Անի։
Թեհրանում 30 տարի իր ուսանողական եւ տեսչական պարտականութիւնները պարտ եւ պատշած կատարելուց յետոյ հանգստեան կոչուեց։ Սակայն, լուսաւորութեան նախարարութեան կողմից կրկին հրաւիրուեց պաշտօնավարելու տնօրէնի (տեսչի) հանգամանքով՝ Հայ կաթողիկէ Ալիշան դպրոցում։
1994 թուին, Ուսուցչական միութեան կողմից մեծապէս գնահատուեց, որպէս վաստակաւոր ուսուցիչ եւ տնօրէն։
2009 թուին, երբ կրտսեր որդին էլ էր ԱՄՆում, Նազարեան ամոլը որոշեց տեղափոխուել եւ միանալ զաւակներին ու թոռներին։
ԱՄՆ հաստատուելուց յետոյ, նա միացաւ իր շրջանի գաղափարական ընկերներին։
Լոս Անջելոսում, Նազարը հանդիպեց միւս հարազատներին, ընկերներին, հեռու-մօտիկ ծանօթներին, ամուսնացրեց կրտսեր որդուն՝ օրիորդ Ալենուշ Բադաւեանի հետ, եւ ունեցան թոռնիկ Դերիկ անունով։
Նա միշտ կարօտով էր յիշում ծննդավայրն ու Թեհրանը, ուր թողել էր քրոջը, փոքր եղբօրը եւ նրանց ընտանիքները։
Նրա բնաւորութեան առանձնայատկութիւններն էին՝ սիրող ա-մուսին էր, գուրգուրացող հայր եւ մեծ հայր։ Արտակարգ պարտաճանաչ էր, աշխատասէր, զուսպ իրատես էր, ու անգամ իր նկատողութիւնները կատարում էր անվրդով շեշտով։ Հարազատասէր էր ու ընկերասէր. սիրում էր կեանքը եւ հպարտանում էր հարազատների յաջողութիւններով։
Վերջերս, նրա առողջական վիճակը խախտւում է, փոխադրւում է հիւանդանոց. բուժումներն արդիւնք չեն տալիս, եւ հազիւ 80ամեակը բոլորած՝ կեանքի անիւը դադարում է դառնալուց… Եւ 2017 թուի Յունուարի 6ին, երեկոյեան ժամի 5։30ին կնքում է իր մահկանացուն՝ St. Joseph հիւանդանոցում։