ԱԼՖՐԷԴ ՀԱՒԱՆ
40 օրեր առաջ հողին յանձնեցինք մի յարգուած ու սիրուած անձնաւորութեան, որի ամբողջ կեանքը եղել է սէր եւ նուիրում հանդէպ իր պաշտած ընտանիքին, հարազատներին ու ծանօթներին: Այդ անձը իրանահայ Յովհաննէս (Յովիկ) Բաղումեանն էր. ազնիւ ու գիտակից, ընկերասէր եւ հայրենասէր մի մարդ, որ իր կարելիութեան սահմաններում, փորձեց օգտակար լինել բոլորին: Լաւ եւ օրինակելի ամուսին եղաւ նա, եւ իր նուիրումը չմնաց իր ընտանիքի սահմաններից ներս: Նրա օգնութիւնը հայրենիքին եւ ունեցած ներդրումները վկան են Յովիկի հայրենասէր ու ազգասէր նկարագրի:
Յովհաննէս Բաղումեանը ծնուել էր 1935 թուականի Մարտի 30ին, Իրանի հայահոծ Փերիա շրջանի Սանգիբարան գիւղում: Պատանի տարիքում ընտանիքը տեղափոխւում է Սպահան (Նոր æուղա), եւ Յովիկն իր տարրական ու միջնակարգ կրթութիւնն ստանում է Նոր æուղայում: Երկու տարի աշխատելուց յետոյ, որոշում է բարձրագոյն կրթութիւն ստանալ, եւ այդ նպատակով, 1958 թուականին գալիս է Միացեալ Նահանգներ: Յովիկին ճանաչողները մտահոգուած էին, թէ այդ ազնիւ ու համեստ երիտասարդը ինչպէս կը կարողանայ ապրել եւ գոյատեւել ԱՄՆում: Բայց Յովիկը յաղթահարելով շատ դժուարութիւններ ու մեծ նեղութիւնով կարողանում է աւարտել բարձրագոյնը ու վկայուել որպէս երկրաբանութեան ճարտարագէտ: Նա հաստատուել էր ԱՄՆի Եութա նահանգի Սալթ-Լէյք քաղաքում, եւ յաճախել «Եութա» համալսարանը՝ ստանալով դոկտոր, պրոֆեսորի կոչում:
Յովիկը կառչած էր իր սկզ-բունքներին եւ ուզում էր ընտանիք կազմել հայի հետ: Նա վերադառնում է Իրան եւ ամուսնանում օրիորդ Հիլիոն Մեսրոպեանի հետ, ու կրկին վերադառնում ԱՄՆ՝ հաստատուելով Եութայի Սալթ-Լէյք քաղաք: Զոյգը բախտաւորւում է երկու զաւակով՝ Մայքըլ եւ Այիդա: Զաւակներին ամուսնացնելով ունենում է 5 թոռնիկներ:
Կեանքն յաջող էր ԱՄՆում, բայց Յովիկը սիրում էր իր ծննդավայրը, ու տեսնելով որ Իրանում կայ իր մասնագիտական աշխատանքի պահանջը, որոշում է ընտանիքով վերադառնալ Իրան: 1975 թուակաին Թեհրանում էր, բայց չորս տարի անց՝ 1979 թուականին, Յովհաննէսն արդէն վերջնականապէս հաստատուեց Միացեալ Նահանգներ՝ այն քաղաքում, ուր ուսանել էր: Եութայում գրանցում է իր անձնական ընկերութիւնը՝ Delta Geotechnical Consultants, Inc., An environmental and geotechnical engineering firm, and Earth-core, Inc.։ Յովիկը ձեռներէցութեամբ եւ յաջողութեամբ ղեկավարեց իր ընկերութիւնը, եւ իր աշխատանքի շնորհիւ մեծ ճանաչում ձեռք բերեց Եութա նահանգում: Նա յարգուեց ու սիրուեց իրեն հետ աշխատողների, գործակիցների, նահանգային տարբեր հաստատութիւնների ու ղեկավարութեան կողմից: Բոլորը՝ անխտիր, ինչ ազգից էլ որ լինէին, յարգում էին Յովիկին ու պատկառանք ունէին նրա նկատմամբ:
Յովհաննէս Բաղումեանը հպարտ էր իր ազգութեամբ ու հայ լինելու համար: Իր բնակած քաղաքում հայերի թիւը քիչ էր ու չկար հայկական որեւէ միութիւն: Յովիկի ջանքերով քաղաքում ստեղծուեց «Հայ մշակութային միութիւն», որի շուրջ համախմբուեց հայութիւնը: Նա ուշադիր ու ջերմ էր միութիւն այցելած ցանկացած հայի նկատմամբ, եւ փորձում էր օգտակար լինել բոլորին՝ քաղաքում հաստատուելու ուղղութեամբ նրանց դժուարութիւնները հարթելու գծով: Յովիկի աջակցութեան շնորհիւ, իր ազգականներից ու ծանօթներից շատերը կարողացան հիմնաւոր աշխատանք գտնել նոր միջավայրում եւ գործի ասպարէզում յաջողութիւնների հասնել: Յովիկին ճանաչողները երախտապարտ էին իրեն, ու մեծ սէր ու յարգանք ունէին նրա նկատմամբ:
Հայաստանի ահաւոր երկրաշարժից ու անկախանալուց յետոյ, Յովիկն այցելեց Հայաստան, եւ միշտ բարոյական ու նիւթական ներդրում ունեցաւ հայրենիքում: Նրա փափաքն էր, որ իր թոռնիկները մկրտուէին Հայաստանում, եւ այդ նպատակով, յառաջիկայ ամռանը նրանք պիտի գնային Հայաստան: Վստահ եմ, որ նրա կինն ու զաւակները կը կատարեն Յովիկի այդ ցանկութիւնը:
Հետաքրքիր զուգադիպութեամբ, Յովհաննէս Բաղումեանը վախճանուեց Սուրբ Յովհաննու տօնի օրը, որ իր անուանակոչութեան տօնն էր: Եութա նահանգի Սալթ-Լէյք քաղաքում չկայ հայկական եկեղեցի ու ծխատէր հայ քահանայ: Յովիկի թաղման կրօնական արարողութիւնը կատարելու համար, Գլենդելից Սալթ-Լէյք գնաց Կոմիտաս քահանան, եւ Յովիկի դին ամփոփուեց քաղաքի գերեզմանատանը:
Եթէ կայ ծնունդ եւ սկիզբ, կայ նաեւ վախճան: Դա օրէնքն է կեանքի: Եւ հազար յարգանք այն մարդուն, ով կարողացաւ իր ապրած կեանքն արժեւորել լաւ գործերով ու աշխատանքով՝ թողնելով բարի անուն եւ համբաւ: Յովհաննէս Բաղումեանը մէկն էր իմ ճանաչած այն մարդկանցից, ով իր կեանքն ապրեց արժանավայել եւ օգտակար, թողնելով բարի յիշատակ իրենից:
Յարգանք իր վաստակին ու անմոռաց յիշատակին: