ԱԶՆԻՒ ՊԱՐՈՆԵԱՆ
Փետրուարի 21ը ԵՈՒՆԵՍԿՕի կողմից յայտարարուել է մայրենի լեզուի օր: Այս կապակցութեամբ Պուշկինօ քաղաքի «Ստրոյիտել» մշակոյթի տանը կազմակերպուել էր մրցոյթ-փառատօն «Իմ հոգու երկիր» խորագրով:
Տօնական մթնոլորտն ապահովել էին դահլիճում ներկայ Պուշկինօ շրջանի տարբեր ազգերի ներկացուցիչները՝ ազգային հագուստներով, բեմում ցուցադրուել է ազգային տարազներով տիկնիկներ, որոնց հեղինակն է Մոսկուայի մարզի Միտիշի քաղաքի Հրեաների ազգամշակութային կազմակերպութեան նախագահ Էկատերինա Իւանովնան:
Միջոցառման բացման խօսքում Բարեկամութեան միջազգային տան նախագահ Իւլեա Լեւինան ասաց. «Լեզուն իւրաքանչիւր ազգի համար այն կարեւորագոյն մասնիկն է, որը պէտք է պահպանուի իւրաքանչիւր մարդու կողմից որպէս սրբութիւն: Լեզուն ազգի պահպանման ամենակարեւոր գրաւականն է»:
Բեմից հնչեցին տարբեր ազգերի պօէտների բանաստեղծութիւններ ուզբեկերէն, թաթարերէն, ուկրաիներէն, ռուսերէն, հայերէն, մոլդովերէն, բելառուսերէն եւ այլ լեզուներով:
Իրենց գեղեցիկ ասմունքով եւ ոսկեղենիկ հայերենով ներկաներին հիացրեցին Պուշկինոյի մարզի եւ Իւանտէեւկա քաղաքի «Արգիշտ» հայկական մէկօրեայ դպրոցի սաները: Նրանք ասմունքեցին Ե?Չարենցի, Համօ Սահեանի, Յովհաննէս Շիրազի, Վահան Տէրեանի բանաստեղծութիւնները: Աշակերտներն արտասանեցին նաեւ Յովհաննէս Թումանեանի բանաստեղծութիւնները՝ շնորհաւորելով հայ մեծ բանաստեղծի ծննդեան օրը:
Շնորհաւորելով մասնակիցներին եւ շնորհակալութիւն յայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ ժիւրիի անդամ, «Արգիշտ» հայկական կիրակնօրեայ դպրոցի տնօրէն Ազնիւ Պարոնեանը նշեց. «Ռուսաստանում բնակւում են բազմաթիւ ազգեր, եւ ամէն մի ազգի նպատակն է պահել եւ պահպանել իր լեզուն, մշակոյթը, կրօնը: Մի քանի տարի է՝ այս օրը տօնական ենք դարձրել: Այսպիսի միջոցառումները մեզ համար շատ կարեւոր են, որովհետեւ հայ ժողովուրդը Հայաստանից դուրս ամէնուր ազգային փոքրամասնութիւն է, ինչպէս մնացած ազգերը՝ իրենց հայրենիքներից դուրս: Մենք՝ հայերս, աշխատում ենք մեր ժառանգած մայրենի լեզուն, մշակոյթը եւ աւանդոյթները պահել եւ փոխանցել մեծացող սերնդին, որ ապրում եւ մեծանում է իր հայրենիքից դուրս՝ համայնքների, կիրակնօրեայ դպրոցների, մշակութային կենտրոնների եւ այսպիսի միջոցառումների միջոցով: Մենք պէտք է լինենք միասնական եւ համատեղ ջանքերով խաղաղ մթնոլորտ ստեղծենք մեր երկրորդ հայրենիքում՝ Ռուսաստանում, չտարբերելով ազգութիւն եւ կրօն: Այսօրուայ միջոցառումը կրկին անգամ համոզեց մեզ՝ ներկաներիս, որ բոլորիս նպատակը մէկն է՝ գտնուելով հայենիքից հեռու՝ պահպանել, փոխանցել մեր լեզուն եւ մշակոյթը», եզրափակեց Ազնիւ Պարոնեանը:
Միջոցառումը կազմակերպուել էր Մոսկուայի մարզի պետական մանկական գրադարանի, Պուշկինոյի քաղաքապետարանի եւ Պուշկինօ շրջանի Բարեկամութեան միջազգային տան ազգամշակութային կազմակերպութիւնների աջակցութեամբ:
Այսօրինակ միջոցառումները շարունակական բնոյթ են կրելու (Մարտի 21ին միջոցառմանը կը միանան Մոսկուայի մարզի բոլոր ազգամշակութային կազմակերպութիւնները):