Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մարտի 7ին նախատեսուած են ընտրութիւններ, այդ թւում՝ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամների, որոնց մասնակցում է նաեւ հայազգի Կարօ Թորոսեանը: Նա իր թեկնածութիւնն է առաջադրել 7րդ ընտրատարածքից, որ ներառում է Սան Ֆերնանդօ հովիտի հիւսիսարեւելեան հատուածը, ներառեալ՝ Սանլենդ-Թահանգա, Փաքոյիմա, Լէյք Վիու Թերըս, Շեդօ Հիլզ, Միշըն Հիլզ, Նորթ Հիլզ եւ Սիլմար շրջանները: Թորոսեանը տարիներ շարունակ քաղաքական-հասարակական աշխոյժ գործունէութիւն է ծաւալել, շուրջ եօթը տարի է գլխաւորում է Լոս Անջելեսի քաղաքապետարանի Ծրագրաւորման եւ շրջակայ միջավայրի հարցերով բաժինը, միաժամանակ գործուն մասնակցութիւն է ունեցել համահայկական նշանակութեան հարցերում:
«Ասպարէզ»ին տրուած հարցազրոյցում, Կարօ Թորոսեանը հաւաստիացրեց, որ քաջատեղեակ է Լոս Անջելեսի քաղխորհրդի 7րդ ընտրաշրջանում առկայ խնդիրներին ու մարտահրաւէրներին, եւ ունի դրանց լուծման ու յաղթահարման յստակ ծրագրեր: Նա նաեւ վստահեցրեց, որ լաւագոյնս կը ներկայացնի հայ համայնքի ձայնը՝ Լոս Անջելեսի քաղաքապետարանում: Կարօ Թորոսեանի աշխատանքային անցեալն ու իրականացումները լաւագոյն ապացոյցն են նրա հնարաւորութիւններին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կարօ՛, դուք աշխատանքային մեծ փորձառութիւն ունէք քաղաքական եւ հասարակական ոլորտներում: Որտեղի՞ց է սկսուել ձեր ուղին:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- Քաղաքականութեան նկատմամբ հետաքրքրութիւնս սկսուեց աւագ դպրոցում սովորելիս, Փօլ Գրիգորեանի հետ հանդիպումից յետոյ: Նա, այդ ժամանակ, մասնակցում էր Կալիֆորնիայի խորհրդարանի ընտրութիւններին, եւ «Գրանտ Հայ Սքուլ»ում Հայ ուսանողական միութեան անդամների հետ հանդիպման ժամանակ, նա քաջալերում էր մեզ քաղաքացիական ներգրաւուածութիւն ունենալ: Ամերիկահայ գործչի հետ հանդիպումը մեծ ազդեցութիւն ունեցաւ ինձ վրայ, եւ նրա նախընտրական արշաւին մասնակցութեամբ՝ սկսուեց իմ մուտքը քաղաքականութիւն: Այնուհետեւ, մասնակցել եմ բազմաթիւ այլ գործիչների քարոզարշաւներին, այդ թւում՝ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի, Գլենդելի քաղաքապետարանի գանձապահ Րաֆֆի Մանուկեանի, Կրթական միացեալ խորհրդի փոխնախագահ Նայիրի Նահապետեանի եւ այլոց: Աշխատել եմ Վաշինգտոն Դի.Սի.ում սենատոր Էդվարդ Քենեդիի համար՝ ԱՄՆ Ծերակոյտի Առողջութեան ու կրթութեան հարցով աշխատանքային եւ կենսաթոշակների յանձնախմբում: Միաժամանակ, UCLA համալսարանում սովորելու ընթացքում, ձեռնարկներ եմ կազմակերպել հայկական ուսանողական խմբի հետ՝ իրազեկելով Հայոց Ցեղասպանութեան եւ Հայ Դատի մասին: Կրթութիւնս շարունակել եմ Փոմոնայում, Կալիֆորնիայի Պոլիտեխնիկական համալսարանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ձեռբքերումներ էք ունեցել հայ համայնքի համար ձեր գործունէութեան ընթացքում:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- Փօլ Գրիգորեանի հետ աշխատելու ընթացքում, կարողացանք համաձայնագիր կնքել Լոս Անջելեսի ու Արցախի Շուշի քաղաքի միջեւ, ըստ որի՝ այս քաղաքները դարձան քոյր քաղաքներ: 2013 թուականին մասնակցել եմ Կալիֆորնիայի մի քանի խորհրդարանականների եւ Լոս Անջելեսի քաղխորհրդի պատուիրակութեան ճանաչողական այցի կազմակերպմանը՝ Հայաստան եւ Արցախ: Այդ այցն ու համաձայնագիրը ենթադրում են Լոս Անջելեսի կողմից Արցախի ճանաչումը: Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին նուիրուած՝ Լոս Անջելես քաղաքի տարբեր հատուածներում հարիւր նոր ծառ տնկուեց, ի յիշատակ Եղեռնի։ Քաղաքապետարանը նաեւ մեծապէս աջակցում է Ապրիլի 24ին անցկացուող քայլարշաւներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞ւ որոշեցիք ձեր թեկնածութիւնն առաջադրել քաղխորհրդի անդամի պաշտօնում:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- 2009 թուականից աշխատում եմ Լոս Անջելեսի քաղաքապետարանում, որպէս Փօլ Գրիգորեանի աշխատակազմի Ծրագրաւորման եւ շրջակայ միջավայրի հարցերով բաժնի տնօրէն: Իմ գործունէութիւնը ներառում է քաղաքում անվտանգ կանաչ գօտիների ստեղծում, տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում: Ես ամենափորձառու թեկնածուն եմ, քաջատեղեակ եմ քաղաքում առկայ խնդիրներին եւ առաջարկում եմ յստակ լուծումներ: Առաջին օրուանից կ՛անցնեմ աշխատանքի՝ ըստ իմ նախընտրական ծրագրումս ներկայացրած առաջնահերթութիւններին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են ձեր ծրագրային առաջնահերթութիւնները:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- Ընտրատարածքում, որտեղից առաջադրուել եմ՝ Լոս Անջելեսի 7րդ շրջանում, եւ ընդհանրապէս Լոս Անջելես քաղաքում ամենամեծ խնդիրներից մէկը անօթեւանների հարցն է: Ներկայում, քաղաքում կայ շուրջ 45 հազար անօթեւան մարդ, ովքեր գիշերում են հիմնականում փողոցներում: Մենք չեն կարող թոյլ տալ, որ այս հարցը այսպէս մնայ. պէտք է առաջնային կերպով լուծում գտնենք եւ բնակարաններ կառուցենք անտունիների համար: Կարճաժամկէտ հատուածում նախատեսում ենք ստեղծել ժամանակաւոր կացարաններ, որպէսզի ոչ ոք փողոցում չմնայ: Փօլ Գրիգորեանի գրասենեակում այս ուղղութեամբ աշխատանքներ սկսել ենք արդէն:
Յաջորդ հիմնախնդիրը ոստիկանների սակաւութիւնն է: Օրինակ՝ Ֆութհիլի ոստիկանական բաժանմունքում, որ սպասարկում է եօթը շրջանների, միայն չորս ոստիկան է, որ դաշտային ծառայութիւն են իրականացնում. մնացածն աշխատում են գրասենեակից: Յանցագործութիւնների թիւը նուազեցնելու եւ անվտանգութեան մակարդակը բարձրացնելու համար, անհրաժեշտ է աւելացնել դրսում աշխատող ոստիկանների թիւը:
7րդ ընտրատարածքում կարիք կայ նաեւ կանաչ տարածքների, ինչպէս նաեւ՝ գործող այգիներում մաքրութեան ու ապահովութեան: Պէտք է ստեղծենք անվտանգ խաղահրապարակներ երեխաների համար, եւ մեր շրջանը վերածենք ընտանիքների համար խաղաղ գօտու: Իմ ներկայի պաշտօնում, իմ նախաձեռնութեամբ՝ երկու այգիներ են ստեղծուել, մէկը՝ Ֆուլթըն եւ Վանովեն փողոցների անկիւնում, միւսը՝ Շերմընուէյ եւ Հեզըլթին փողոցներում. մէկ այգի էլ նոր է կառուցւում Լորըլ Քենեընի շրջակայքում: Այս ամէնը կարողացել ենք իրականացնել՝ առանց քաղաքապետարանի բիւջէի, Դաշնային գումարներով եւ կառուցապատողի, ում՝ որպէս տուեալ տարածքում բնակարաններ ստեղծելու պայման առաջադրուեց այգի ստեղծել քաղաքի համար:
Նախատեսում եմ նաեւ ակտիւօրէն աշխատել նոր բիզնեսներ ներգրաւելու եւ աշխատատեղիներ ստեղծելու ուղղութեամբ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Փաստօրէն, դուք մեծ փորձառութիւն ունէք քաղաքապետարանում աշխատանքի եւ տիրապետում էք մեխանիզմների, որոնց միջոցով առաւել արդիւնաւէտ կարող էք բաւարարել շրջանի պահանջները: Իսկ ինչպէ՞ս է ընթանում ձեր նախընտրական արշաւը:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- Արդէն մի քանի շաբաթ է, մենք ամէն օր հեռաձայնում ենք 7րդ շրջանում բնակուող մեր հայ բնակիչներին՝ տեղեկացնելու ընտրութիւններին, իմ առաջադրման ու ծրագրերի մասին: Կարողացել ենք արձանագրել հինգ հարիւր նոր հայ քաղաքացիների, որ կարողանան մասնակցել ընտրութիւններին: Թող ներեն մեր հայրենակիցները, եթէ ինչ որ կերպ անհանգստացնում ենք իրենց հեռախօսազանգերով. ուղղակի այս ընտրութիւնները չափազա՛նց կարեւոր են. իմ յաղթանակի դէպքում, մենք Լոս Անջելեսի քաղխորհրդում կ՛ունենանք երկրորդ ձայն:
Իմ նախընտրական գրասենեակը պատրաստ է ամէն տեսակի օգնութիւն տրամադրել հայ համայնքին՝ ծանօթացնել քուէաթերթիկին, օգնել լրացնելու այն… ընտրութիւնների օրն էլ մենք կ՛ապահովենք հասնել ընտրատեղամաս եւ կատարել ընտրութիւն: Միաժամանակ, իւրաքանչիւր հարցի կը պատասխանենք հետեւեալ հեռախօսահամարով՝ 818 920-8575:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ընտրութիւններին մնացել են հաշուած օրեր: Ի՞նչպէս կարող է հայ համայնքն աջակցել ձեզ:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- Առաջին հերթին, ակնկալում եմ 7րդ ընտրաշրջանի բնակիչների մասնակցութիւնը ընտրութիւններին. քուէաթերթիկում իմ անունը 72 համարի ներքոյ է: Արշաւի այս պահին, կարիք ունենք կամաւորների, ովքեր կ՛օգնեն մեզ հեռաձայնելու ընտրողներին եւ այցելելու նրանց տները: Յատկապէս երիտասարդների համար, ովքեր հետաքրքրուած են քաղաքականութեամբ, սա նաեւ լաւ առիթ է, ինչպէս տարիներ առաջ ես սկսեցի Փօլ Գրիգորեանի նախընտրական արշաւին մասնակցելով, եւ այսօր արդէն ինքս եմ առաջադրւում: Քաղաքական ոլորտում, իւրաքանչիւր հայի յաջողութիւն յաղթանակ է համայնքի՛ համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեզ իրենց աջակցութի՞ւնն են յայտնել տարբեր կազմակերպութիւններ, պաշտօնեաներ ու Լոս Անջելեսի բնակիչներ:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- Շատ զգացուած եմ, որ ստացել եմ Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի աջակցութիւնը, նաեւ՝ Կալիֆորնիայի խորհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոյի, Ներկայացուցիչների տան անդամ Ադրին Նազարեանի, Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Փօլ Գրիգորեանի, Գլենդելի քաղաքապետարանի գանձապահ Րաֆֆի Մանուկեանի, Գլենդելի Միացեալ կրթաշրջանի անդամ Նայիրի Նահապետեանի եւ ոչ հայ այլ պաշտօնեաների ու քաղաքացիների, ովքեր սիրով նաեւ օգնում են իմ արշաւին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ընտրութիւնների հետ կապուած ձեր կոչը՝ հայ համայնքին:
ԿԱՐՕ ԹՈՐՈՍԵԱՆ.- Լոս Անջելեսի քաղխորհրդում 7րդ ընտրաշրջանը ներկայացնելու համար, ներկայում պայքարում է 20 թեկնածու, որոնցից ես միա՛կ հայն եմ: Բացի նրանից, ես լաւագոյնս կը ներկայացնեմ հայ համայնքի շահերը, նաեւ՝ քաղաքապետարանում երկարատեւ աշխատանքային փորձով ամենատեղեկացուածն եմ քաղաքի խնդիրներին: Յաղթանակի դէպքում, ես կը լինեմ երկրորդ հայը՝ 15 անդամ ունեցող քաղխորհրդում, ինչն աւելի կը դիւրացնի մեր ազգային շահերի արծարծումն ու առկայ հարցերի արդիւնաւէտ լուծումը Լոս Անջելեսի քաղաքապետարանում:
Յորդորում եմ իմ հայրենակիցներին անպայմա՛ն մասնակցել Մարտի 7ի ընտրութիւններին եւ իրենց քուէներով հնարաւորութիւն տալ ինձ՝ զօրացնելու հայերի ձայնը Լոս Անջելեսում:
Տեղեկանք.- Կարօ Թորոսեանը, կնոջ եւ երկու երեխաների հետ բնակւում է Թահանգայում: Նա ծանօթ է շրջանին, աշխատել է նաեւ որպէս թաղային խորհրդի անդամ: Թորոսեանի հանրային ծառայութիւնը մշտապէս դրական արդիւնք է ունեցել Հովիտի բնակիչների համար, երբ աշխատել է կանաչ տարածքները պահպանելու, լքուած տարածքները քաղաքային այգիների վերածելու, արուարձանները վերակենդանացնելու եւ պատմական կառոյցները պաշտպանելու ուղղութեամբ: