Անցեալ շաբաթ Նոր Հարաւային Ուելս նահանգը ունեցաւ նոր վարչապետ: Ստանձնելով Լիբերալ կուսակցութեան ղեկավարի պաշտօնը եւ Մայք Բերդից վերցնելով իշխանութիւնը՝ Գլեդիս Բերեջիկլեանը կը դառնայ երկրորդ կինը, ով կը ղեկավարի Աւստրալիայի ամենամեծ նահանգը: Այս մասին ABC News լրատուական կայքում հրապարակուած յօդուածում գրում է լրագրող Ալանա Չետզերը՝ անդրադառնալով հայ Գլեդիս Բերեջիկլեանի՝ Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի վարչապետի պաշտօնը ստանձնելուն:
Հեղինակը նշում է, որ սա կարեւոր իրադարձութիւն է նրանց համար, ովքեր պայքարում են գենդերային հաւասարութեան համար, սակայն նրա՝ վարչապետի պաշտօնին ընտրուելը իր մութ կողմերն ունի, հաշուի առնելով այն փաստը թէ ինչպէս է լինում, որ ծանր պայմաններում գտնուող նահանգի կառավարման բեռը ընկնում է կնոջ, այլ ոչ թէ տղամարդի ուսերին:
Կատարուած ուսումնասիրութիւնը եւ պատմական օրինակները ցոյց են տալիս, որ երբ երկրի ղեկավարութիւնը կամ ձեռնարկութիւնները յայտնւում են ծանր պայմաններում, նրանք ղեկավարութիւնը վստահում են կնոջը կամ այլ փոքրամասնութեան ներկայացուցիչներին:
Հեղինակը նշում է, որ ԱՄՆում կատարուած հետազօտութիւնը ցոյց է տուել, որ սեւամորթները աւելի յաճախ են ղեկավարման առաջարկներ ստացել ընկերութիւններից այն ժամանակ, երբ դրանք ճգնաժամային պայմաններում են գտնուել:
Այս երեւոյթը հեղինակը համեմատում է ապակէ ժայռը քանդելու հետ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կինը նման պայմաններում իշխանութեան գլուխ է անցնում:
«Եւ նման անկայուն ժամանակներում կանանց՝ ղեկավար պաշտօն ստանձնելը ցոյց է տալիս, որ նրանք գալիս են ստեղծուած խառնաշփոթը վերացնելու համար եւ որը շատ յաճախ նրանց չի յաջողւում», գրում է հեղինակը:
Լրագրողը ներկայացնում է այլ յայտնի կանանց օրինկները, ովքեր ղեկավար պաշտօն են ստանձնել նմանատիպ պայմաններում՝ Թերեզա Մէյ, æուլիա Գիլարդ, Մարիսա Մայեր, եւ այլք:
«Այն փաստը որ մինչ այժմ կանայք ոչ յաճախ են ղեկավար պաշտօններ զբաղեցնում, ցոյց է տալիս, որ նրանք հազուադէպ են յաջողութեան հասնում, երբ կան այլ տարբերակներ, որոնք համապատասխանում են ղեկավարի՝ պատմականօրէն ընդունուած կերպարին. հարուստ, քրիստոնեայ, սպիտակամորդ տղամարդ:
Ի հեճուկս այն բոլոր պնդումներին, թէ սեքսիզմը վերացել է, եւ կինն ու տղամարդը հաւասար հնարաւորութիւններ ունեն այժմ, իշխանութեան ղեկը ստանձնած կինը շարունակում է լինել բացայայտ սեքսիզմի օրինակ: Վարչապետ ընտրուելուց յետոյ առաջին մամլոյ ասուլիսի ժամանակ Գլեդիսին հարցրեցին, թէ արդեօք նա մտածել էր, որ իր ընտրուելու հաւանականութիւնը քիչ է, քանի որ նա ամուսնացած չէ եւ երեխաներ չունի:
Տղամարդկանց նման հարցեր պարզապէս չեն տալիս, ոչ էլ նոյնիսկ լրագրողների կամ հասարակութեան մտքով անցնում է մտածել այդ մասին», գրում է Ալանա Չետզերը:
Հեղինակը աւելացնում է, որ եթէ կանայք շարունակուեն համարուել ռիսկային տարբերակներ այն ժամանակ, երբ երկրում ճգնաժամային պայմաններ են, ապա հասարակութիւնը կը դիմի կանանց ղեկավարման ներուժի օգնութեանը միայն այն ժամանակ երբ «հաւաքարարի» կարիք լինի:
«ՓԱՆՈՐԱՄԱ»