ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Դիւանագիտական տարբեր աղբիւրներից մեր ստացած տեղեկութիւնների համաձայն՝ Ռուսաստանը փորձում է ղարաբաղեան կարգաւորման միջանկեալ լուծում գտնել եւ յորդորել կողմերին, որպէսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:
Մասնաւորապէս, Վլադիմիր Պուտինն ու Սերգէյ Լաւրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարութեանը ծանօթացրել են ռուսական այդ պլանին, որը, ամբողջութեամբ նորութիւն չէ, նոր մօտեցում չէ, բայց որոշակի տարբերութիւններ ունի նախկինում ներկայացուած առաջարկներից: Այդ առաջարկութիւնը աւելի մօտ է 1997ի փուլային տարբերակին:
Ղարաբաղեան կարգաւորման Պուտինի պլանը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.
Առաջին. հայկական ուժերը հետ են քաշւում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, æեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,
Երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկեալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան կազմ, բայց նաեւ չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտայայտութեան ճանապարհով:
Մեր տեղեկութիւններով՝ Մադրիդեան փաստաթղթում եւ նրանից ածանցեալ Կազանեան առաջարկներում ամրագրուած Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի իրացումը դուրս չի մնացել փաթեթից, սակայն հանրաքուէի, պլեբեսցիտի (ժողովրդային որոշումի-Խմբ.) կամ կամարտայայտութիւն անցկացումը թողնւում է անորոշ ապագայի:
Ադրբեջանը համաձայն է տարածքների վերադարձ-կարգավիճակի յստակեցում բանաձեւին, սակայն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է, թէկուզ ձեւական, մնայ Ադրբեջանի, աւելի ճիշդ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, քանի որ չի կարող փոխել Ադրբեջանի սահմանադրութիւնը: Եթէ Ադրբեջանը համաձայնութիւն տա Կազանի առաջարկներին, ապա նախ պէտք է փոխի երկրի սահմանադրութիւնը, քանի որ, բոլորի համար ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի անցկացումը նշանակում է Արցախի անկախութիւն: Ադրբեջանի այսօրուայ սահմանադրութեան համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարւում:
Այսպիսով, Բաքուի համար անընդունելի է Մադրիդեան փաստաթղթի կամ դրանից ածանցեալ Կազանի առաջարկի այն ձեւակերպումը, ըստ որի հանրաքուէի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու եւ կարող է թոյլ տալ իւրաքանչիւր կարգավիճակի հնարաւորութիւն:
Հայաստանը չի համաձայնւում Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այդ պատճառով՝ ռուսական կողմը նոր մօտեցում է որդեգրել՝ հինգ շրջանի դիմաց միջանկեալ աւելի ամուր կարգավիճակ, քան ամրագրուած է Մադրիդեան փաստաթղթում:
Բացի այդ, Պուտինի առաջարկներում անորոշ ժամանակով մոռացութեան են տրւում Քարվաճառի եւ Լաչինի շրջանների վերադարձի մասին ձեւակերպումները: