ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Երեւում է, ԵԱՀԿ միջազգային միջնորդները լրջօրէն մտադիր են ինտենսիւացնելու ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղուած ջանքերը, ապա եւ վերակենդանացնելու բանակցային գործընթացը:
Ու թէեւ ամառն աւանդաբար համարւում է արձակուրդների շրջան, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ առաջիկայ ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանգիստ չի սպասւում:
Ադրբեջանի ապրիլեան ագրեսիան, որն սպառնում էր վերածուել լուրջ աղէտի, միջազգային միջնորդներին ստիպեց նկատելիօրէն ակտիւացնել խաղաղարար գործընթացը: Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հակամարտութեան սրումից յետոյ առաջին հանդիպմանը Յունիսին հետեւեցին նոյն ձեւաչափով բանակցութիւնները Սանկտ Պետերբուրգում, որոնցում ձեռք բերուեցին պայմանաւորուածութիւններ հրադադարի ռեժիմը պահպանելու, շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանն ուղղուած միջոցների ձեռնարկման շուրջ: Ֆրանսիայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնութեամբ հանդէս եկաւ եւ Փարիզը, որը, հաւանաբար, մտադիր է իր առաջարկները մտցնել՝ ի յաւելումն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի, թէեւ, խոստովանենք, դժուար է ենթադրել, թէ ինչ նոր բան դրանք կարող են պարունակել:
Մի խօսքով, միջնորդների ակտիւացումն ակնյայտ է, եւ այդ համատեքստում առանձնայատուկ նշանակութիւն է ձեռք բերում ԵԱՀԿ գործող նախագահի՝ ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի առաջիկայ այցը տարածաշրջան: Հարկ է նկատել, որ ԶԼՄներում, յղում անելով ԵԱՀԿ մամուլի ծառայութեանը, հաղորդւում էր, որ Շթայնմայերը մտադիր է այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, ինչը, ի դէպ, նրանից առաջ այդ եւրակազմակերպութեան ղեկավարներից ոչ մէկը չէր արել: Սակայն աւելի ուշ այդ տեղեկատուութիւնը չհաստատուեց. ԵԱՀԿ ղեկավարի հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ կ՛անցնի Երեւանում: Եթէ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի այցն Արցախ կայանար, այն իրենով կը նշանաւորէր արատաւոր այն կարծրատիպի կոտրուելը, երբ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների գլխաւոր գործող անձերն իրենց իրաւունք էին վերապահում որոշելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը՝ ժամանակ չգտնելով անգամ այցելելու եւ լսելու այստեղ ապրող քաղաքացիների կարծիքը: Որպէս հետեւանք՝ Շթայնմայերի այցը կը նշանակէր նաեւ բանակցային գործընթացի տրամաբանութեան յաղթանակ, որում՝ հակամարտութեան երեք կողմերի մասին Բուդապեշտի 1994թ. Դեկտեմբերի գագաթնաժողովի պաշտօնական փաստաթղթերի համաձայն, պարտադիր պէտք է մասնակցի Լեռնային Ղարաբաղը: Ի դէպ, օրերս Մինսկի խմբի ամերիկեան համանախագահ æէյմս Ուորլիքը յայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարեւոր են համարում, որ «Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը ներկայացուած լինի»: Աւաղ, Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը նոյնպէս գերի մնաց վերը յիշատակուած կարծրատիպին: Բայց եթէ ամէն դէպքում նա կը հանդիպի ԼՂՀ ղեկավարութեան հետ, ի՞նչն է խանգարում նրան անել դա հէնց Լեռնային Ղարաբաղում՝ իրադարձութիւնների էպիկենտրոնում (մակակեդրոնին մէջ-Խմբ.):
Ի հարկէ, ներկայումս միջնորդներն իրենց առջեւ յատուկ խնդիր չեն դնում վերականգնելու քաղաքական լիարժէք բանակցութիւնները՝ այն թողնելով ապագայի համար: Գլխաւորն այժմ կողմերի շփման գծում կայունութեան ապահովման համար պայմաններ ստեղծելն է հակամարտութեան յետագայ երկարաժամկէտ կարգաւորման նպատակով: Մինսկի խմբի համանախագահները տուեալ խնդրի լուծումը տեսնում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի առաքելութեան ընդլայնման մէջ միջազգային լրացուցիչ դիտորդներ ներգրաւելու համար, ինչպէս նաեւ շփման գծում իրավիճակի մոնիթորինգի (մշտադիտարկումի-Խմբ.) մեխանիզմի ստեղծման մէջ: Ինչպէս արդէն նշուեց, հէնց այս հարցերը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում քննարկումների առարկայ դարձան, եւ առաւել հաւանական է, տուեալ փուլում միջնորդների ջանքերն ուղղուած կը լինեն դրանց շուրջ որոշումների մշակման եւ գործադրման հետ: Միանգամայն ակնյայտ է, որ այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցութիւնը պէտք է նպաստի պայմանաւորուածութիւնների իրական ձեռքբերմանը: Եւ մեծ հաւանականութեամբ կարելի է պնդել, որ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի այցը տարածաշրջան կը հետապնդի եւ այդ նպատակը:
Բայց այստեղ կը ցանկանայինք հետեւեալն ասել: Դեռեւս ապրիլեան քառօրեայ պատերազմից առաջ æէյմս Ուորլիքը հանդէս էր եկել շփման գծում մոնիթորինգի համակարգ ներդնելու առաջարկով, սակայն Ադրբեջանն այդ նախաձեռնութիւնը մերժել էր՝ իր հրաժարումը պատճառաբանելով «հակամարտութեան պահածոյացման սպառնալիքով»: Իսկ վերջերս æէյմս Ուորլիքը նշեց, որ «կողմերը շարունակում են հաւատարիմ մնալ վստահութեան մեխանիզմների ձեւաւորման ապահովմանը, այդ թւում ԵԱՀԿ հետաքննութեան մեխանիզմի ստեղծման հարցին»: Թւում է՝ ամէն ինչ առաւել քան բարենպաստ է, եթէ չլինէր մի «բայց»: Բանն այն է, որ սանկտպետերբուրգեան գագաթնաժողովից յետոյ Իլհամ Ալիեւն ադրբեջանցի զինուորականների հետ հանդիպմանը բառացիօրէն յայտարարեց. «Միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի կիրառման որեւէ անհրաժեշտութիւն չկայ: Եթէ դրա տակ հասկացւում է հակամարտութեան «սառեցումը» եւ շփման գծում ինչ որ լրացուցիչ միջոցների ձեռնարկումը, Ադրբեջանն, ի հարկէ, չի գնայ այդ քայլին: Այսինքն, եւ այդ պայմանը չընդունուեց»:
Ադրբեջանում կեղծիքը վաղուց է բարձրացուած պետական քաղաքականութեան աստիճանի: Ակնյայտ է, որ երկու ճշմարտութիւններ չեն լինում. Ալիեւը կա՛մ խաբել է միջնորդներին՝ իր համաձայնութիւնը տալով միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանը, կա՛մ խաբում է սեփական ժողովրդին՝ խեղաթիւրելով վիեննեան եւ պետերբուրգեան պայմանաւորուածութիւնների էութիւնը: Ու պաշտօնական Բաքուն կը շարունակի խաբել այնքան ժամանակ, քանի դեռ խիստ պատասխան չի ստանայ միջազգային նոյն այդ միջնորդներից, ովքեր պէտք է կոշտ կերպով մատնացոյց անեն Ադրբեջանին այն, որ վստահելի յարաբերութիւններն ու, առաւել եւս, կարգաւորման գործընթացը կեղծիքի վրայ կառուցելն անթոյլատրելի է:
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ՝ «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է