ԶՐՈՅՑ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ, Կապիտան
Զօրամասի հրամանատար, փոխ-գնդապետ Մարտին Ջհանգիրեանը ապրիլեան պատերազմից յետոյ պարգեւատրուել է «Մարտական խա»չ երկրորդ աստիճանի շքանշանով: Սա նրա երկրորդ պատերազմն է. առաջինի ժամանակ էլ տանկային ստորաբաժանման հրամանատար էր:
Հրադադարի երկրորդ օրն էր, երբ առաջնագծում հանդիպեցի հրամանատարին: Նա դեռ չէր արժանացել «Մարտական խա»չ երկրորդ աստիճանի շքանշանի: Զրուցելու յարմար տեղ էինք փնտռում: Փոխգնդապետը արագ քայլեց դէպի մօտակայ բաց տարածութիւնը: Նստեց գետնին՝ խոտերի մէջ, ինձ էլ նոյնն առաջարկելով:
– Պատահական տեղ չենք նս-տել,- ասաց,- մարտական գործողութիւնները ծաւալուել են այ՝ հէնց այստեղ, այս տարածքում: Հէնց այստեղից (ցոյց է տալիս մեր նստած տեղը) հակառակորդի տանկ ենք խոցել:
– Պատերազմը յանկարծակի՞ սկսուեց,- հարցնում եմ:
– Պատերազմը միշտ էլ յանկարծակի է սկսւում,- պատասխանում է.- Ապրիլի 2ն էր: Ստացանք համապատասխան ազդանշան ու խնդիր՝ վերացնել հակառակորդի ունեցած մասնակի յաջողութեան հետեւանքները հարաւ-արեւելեան ուղղութեամբ եւ կասեցնել վերջինիս յետագայ առաջխաղացումը: Մշտական տեղակայման վայրից՝ հրետակոծութեան ներքոյ, կարողացանք մեծ տարածութեան վրայ երթ իրականացնել: Մեզ յաջողուեց կարճ ժամանակամիջոցում դուրս բերել զրահատեխնիկան եւ ընթացքից մտնել մարտական գործողութիւնների դաշտ: Ի հարկէ, սա բարձր կազմակերպուածութեան արդիւնք էր: Բարենպաստ դիրքեր զբաղեցրինք գրաւուած եւ դեռեւս պաշտպանուող մարտական դիրքերի թիկունքային մասում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ո՞րն էր ձեր առաջնային խնդիրը:
ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐԵԱՆ.- Մի խնդիր ունէինք՝ խոցել յարձակուող հակառակորդի ստորաբաժանումները: Պատճառեցինք կենդանի ուժի զգալի կորուստ, նաեւ շարքից հանեցինք հրետանային միջոցներ, խոցեցինք դիրքեր, ինչն էլ մարտի յետագայ ընթացքը բեկեց յօգուտ մեզ: Նաեւ տանկային ստորաբաժանումների գրագէտ գործողութիւնների արդիւնքում ձախողուեցին հակառակորդի գերազանցող ուժերի յարձակումը եւ առաջխաղացումը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ձեր ղեկավարած ստորաբաժանումներն առաջին անգամ էին գործում այս տարածքում: Անծանօթ տեղանքը չբարդացրե՞ց խնդիրը:
ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐԵԱՆ.- Տեղանքը խորթ էր, բայց բոլորս էլ արագ կողմնորոշուեցինք, առանձին-առանձին որոշում կայացրինք՝ դիրքերի փոփոխութիւն, նշանակէտերի դիտարկում… Հիմնականում ճիշդ ընտրութիւն կատարեցինք: Ապահովեցինք կրակային հզօրութիւն եւ շարժունակութիւն, ինչը ամենակարեւորն էր ստեղծուած իրավիճակում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Շարքից հանել էք հակառակորդի ՀՄՄ-3, ինչպէս նաեւ 5 միաւոր տանկ, այդ թւում՝ Տ-90, որի անխոցելիութեան մասին շատ էր խօսւում…
ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐԵԱՆ.- Թէ ինչպէս մարտի ընթացքը բեկեցինք յօգուտ մեզ։ Ցանկացած դասի ռազմական տեխնիկա էլ խոցելի է: Տ-90ն էլ բացառութիւն չէ, յատկապէս, եթէ այն ճիշդ չի օգտագործւում: Համեմատելով այս եւ անցած պատերազմը՝ կարող եմ ասել, որ այն ժամանակ հակառակորդի տանկիստները լաւ էին աշխատում, իսկ այս անգամ նրանք չկարողացան նոյնիսկ մեր տանկերից մէկը շարքից հանել: Հարաւ-արեւելեան ուղղութիւնում հակառակորդը տանկով տանկ չի խոցել: Ունեցանք ցաւալի կորուստներ: Մեր կորուստները հիմնականում հակառակորդի հեռահար ղեկավարուող ջերմային զէնքերից էին:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- «Որտե՞ղ են հակառակորդի խոցուած տանկերը». պատերազմական այդ եւ յետագայ օրերին այս հարցը շատ հնչեց:
ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐԵԱՆ.- Այդ տանկերը խոցուել են նրանց բնագծում, նրանք չեն հատել մեր սահմանը, ուստի եւ կարողացան ետ քաշել: Եթէ մենք անցնէինք հակայարձակման կամ մխրճուէինք թշնամու մարտակարգերի խորքը, կը բերէինք, բայց մեր խնդիրը պաշտպանութիւնը չթուլացնելն էր:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Պարոն փոխգնդապետ, ի՞նչ հետեւութիւն արեցիք ապրիլեան պատերազմից:
ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐԵԱՆ.- Պէտք է «ուժեղացնենք» մեր տանկերը: Տանկի գլխաւոր առաւելութիւններից մէկն էլ նրա պաշտպանուածութեան բարձր աստիճանն է: Այդ դէպքում է այն ծառայում իր բուն նպատակին: Նաեւ պէտք է զարգացնենք տանկային պարկը, քանի որ դասական պատերազմում այն եղել է, կայ եւ դեռեւս երկար ժամանակ կը լինի ինչպէս ցամաքային զօրքերի, այնպէս էլ ամբողջ զինուած ուժերի հարուածային հզօրութեան կարեւորագոյն բաղադրիչը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Շնորհակալ եմ զրոյցի համար: Ձեր սպային ու զինուորին անփորձանք ծառայութիւն եմ մաղթում:
ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐԵԱՆ.- Ես գոհ եմ իմ անձնակազմից, ստորաբաժանումների պատրաստուածութեան աստիճանից՝ յատկապէս առաջին անգամ պատերազմում յայտնուած 19-20 տարեկան զինուորից: Իւրաքանչիւր զինուոր ինքն էր ուզում մտնել մարտադաշտ եւ կռուել, ինքն էր ուզում գործի դնել զրահատեխնիկան՝ մէկը միւսին հերթ չտալով: Շնորհակալ եմ նաեւ բոլոր սպաներին, յատկապէս իմ տեղակալ, Արցախեան պատերազմի մասնակից, մայոր Արթուր Յովսէփեանին, վաշտի եւ դասակի հրամանատարներ, հարազատ եղբայրներ Արման եւ Ռոման Ադամեաններին: Վերը նշուած 3 զինծառայողները Ապրիլի 2ից 3ն ընթացող մարտական գործողութիւնների ժամանակ, շրջանցելով գրաւուած մարտական դիրքը, թիկունքից շեշտակի հարուածով կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը՝ վնասազերծելով եւ ոչնչացնելով հակառակորդի 2 միաւոր տանկ, պատճառելով նաեւ կենդանի ուժի զգալի կորուստներ (պարգեւատրուել են «Մարտական խա»չ երկրորդ աստիճանի շքանշանով- Շ. Ս.): Խոնարհումս զոհուած հերոս տղաներին, մեր լաւագոյն երիտասարդ հրամանատար, աւագ լէյտենանտ Բենիամին Եղոյեանին:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ.-Շնորհակալութիւն քաջութեան եւ անձնազոհութեան համար: