ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Արուեստի գործիչների արտայայտման ընդհանուր հարթակ՝ սա է «Արուեստագիր» www.arvestagir.am մշակութային հանդէսի հիմնադիրների ցանկութիւնը: Երիտասարդական, առողջ, անվախ գաղափար, որն արուեստաբաններ Յասմիկ Բարխուդարեանը եւ Հեղինէ Խաչատրեանը իրականացրին 2014 թուականին: Հայկական առցանց հանդէսների նախորդ ձախողուած փորձերին հակառակ ստեղծուեց «Արուեստագիր»ը՝ եւ այն էլ միայն կամաւորական սկզբունքով, երիտասարդների ջանքերով՝ կայքի ֆիզիկական ստեղծումից սկսած մինչեւ յօդուածների պատրաստումն ու տեղադրումը:
ՀԱՐՑ.- Որտեղի՞ց այդ համարձակութիւնը, հարցս ուղղում եմ Յասմիկին, նախապէս իմանալով, որ լաւագոյն գաղափարները ծնւում են ինքնաբուխ՝ առանց պարտաւորութեան:
ՅԱՍՄԻԿ ԲԱՐԽՈՒԴԱՐԵԱՆ.- Ուսանող ժամանակ որոշեցինք, աւարտելուց յետոյ՝ առանց կասկածելու անցանք գործի», ասում է նա։ «Մի օր մեր ընկերներին մէկտեղ հաւաքեցինք ու հարցրինք, թէ այսպիսի միտք ունենք, դուք մեզ հե՞տ էք: Բոլորը միաբերան համաձայնեցին… ամենահետաքրքիրը, որ կասկած չկար ոչ մէկի մէջ… Երբեմն իսկապէս դժուար է ժամանակ գտնել ու կամաւորական աշխատանք կատարել: Սակայն մէկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբուած լինելը մեզ ուժ է տալիս: Իսկ գաղափարը արուեստն է, մշակոյթը ու յատկապէս՝ հայկական մշակոյթն ուսումնասիրելու ու տարածելու մղումը:

Կամաւորական սկզբունքով, ըստ ցանկութեան համախմբուած երիտասարդների արտայայտման կերպն անշուշտ անկեղծութիւնն է, արուեստի հանդէպ սերն էլ՝ որոշիչ: Այս սկզբունքով աշխատանքը համացանցում արդէն մեծ թուով հետեւորդներ ունի, համակիրներ, բայց դեռեւս՝ ոչ հովանաւորներ: Ոգեւորութիւնը դրանից, ի հարկէ, չի տուժում: Հանդէսում աշխատում են երիտասարդ արուեստաբաններ, հնագէտներ, ճարտարապետներ ու կինոգէտներ, ովքեր ձգտում են նոր հայեացք նետել հայ հին ու միջնադարեան արուեստի ուսումնասիրութեանը, ինչպէս նաեւ ժամանակակից հայ արուեստին:
ՀԵՂԻՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Կամաւորական սկզբունքը ինքնըստինքեան եղաւ: Ես եւ Յասմիկը սովորելու ընթացքում արդէն գիտէինք, որ մեր մասնագիտութեամբ աշխատանք գտնելը դժուար է լինելու եւ որոշեցինք մեր սէրը դէպի արուեստն արտայայտել մեր իսկ ստեղծած աշխատանքում: Մեր ընկերները մեզ հետ համակարծիք էին (հեղինակների մեծ մասը, ինչպէս եւ մենք, ԵՊՀ Հայ արուեստի պատմութեան ու տեսութեան ամբիոնի շրջանաւարտներ են): Ստեղծուեց մի հարթակ, որտեղ բոլորս խօսում ենք մի լեզուով եւ դրանից թէ՛ կրթական եւ թէ հոգեւոր բաւարարուածութիւն ենք ստանում, ինչը նիւթական արժէքից աւելին է. ես դրանում աւելի ու աւելի եմ համոզւում: Նշեմ նաեւ, որ մեզ յաճախ գրում են, թէ կը ցանկանան իրենց յօդուածը տեղադրել մեր կայքում եւ իմանալով, որ աշխատանքը կամաւորական է, միեւնոյնն է՝ համաձայնւում են. սա չի կարող մեզ չուրախացնել: Դա խօսում է մեր երիտասարդների հոգեւոր արժէքների մասին մտածելու ու արտայայտուելու ցանկութեան մասին՝ հակառակ բոլոր պնդումներին, թէ նոր սերունդը գնալով հեռանում է մշակոյթից, արուեստից»։
«Արուեստագիր» (www.arvestagir.am) առցանց մշակութային հանդէսի նպատակը ի սկզբանէ հետեւեալն էր. խթանել, տարածել հայ մշակոյթը, նպաստել հայ արուեստի զարգացմանն ու դրա ուսումնասիրութեանը, միեւնոյն ժամանակ հետամուտ լինել հայաստանեան եւ համաշխարհային մշակութային անցուդարձին եւ ներկայացնել այն ընթերցողին: Միեւնոյն ժամանակ հարթակ տրամադրել երիտասարդ ուսումնասիրողներին՝ իրենց գիտական եւ հանրամատչելի յօդուածները, մտքերն ու յուզող հարցերը հանրայնացնելու համար: Կարեւոր նպատակներից է նաեւ հայ երիտասարդ տաղանդաւոր արուեստագէտների յայտնաբերումն ու նրանց արուեստասէր հասարակութեանը ներկայացնելը:
«Ներկայ ժամանակաշրջանում նպաստաւոր պայմաններ են ստեղծուել եղած բացթողումները լրացնելու եւ հայ արուեստի ուսումնասիրութեան մէջ նոր մօտեցումներ կիրառելու համար։ Այժմ, երբ խորհրդային տարիներին ձեւաւորուած արուեստաբանութեան սկզբունքները մեծապէս սպառել են իրենց եւ կորցրել արդիականութիւնը, երբ անկախութեան առաջին տարիներին կատարուած փորձերը մասամբ են յաջողուել, եւ երբ մեր օրերում չկայ արուեստի դասակարգման ու արխիւացման յստակ ձեւաւորուած համակարգ եւ սկզբունք, անհրաժեշտութիւն է առաջանում ստեղծել արուեստաբանական նոր հարթակներ: Մշակոյթի այլ ասպարէզներում թերացումները նոյնպէս նկատելի են, եւ կարիք է առաջանում միաւորուել ընդհանուր գաղափարի շուրջ», ասւում է «Արուեստագիր»ի մանիֆեստում։

«Արուեստագիր» առցանց մշակութային հանդէսում տեղ են գտնում յօդուածներ ու էսսէներ, հարցազրոյցներ ու մշակոյթի աշխարհի նորութիւններ, գրքեր ու արխիւային նիւթեր, լուսանկարներ ու տեսագրութիւններ:
«Արուեստագիրը» այժմ կոչ է անում մշակոյթի տարբեր ոլորտների նուիրեալներին՝ ուղարկել յօդուածներ ու նիւթեր, տեղեկացնել գալիք մշակութային իրադարձութիւնների մասին (էլ.հասցէ՝ info@arvestagir.am), անդամակցել՝ հարստացնելով «Արուեստագիր»ի արխիւը եւ ծառայեցնել այն ընդհանուր նպատակի:
info@arvestagir.am
Հրաշալի աշխատանք եք ձեռնարկել։Անհամեմատ դժվար,բայց ոգեվորող մի աշխատանք որի հաջողությանը վստահ եմ ամբողջությամբ։Ձեզ ամենայն բարիք և անհատնում հաջողություններ։