ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Դեկտեմբերի 10ին Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի մշակոյթի տան դահլիճում տեղի ունեցաւ միջոցառում՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան օրուան:
Միջոցառումը կազմակերպել էր Շահումեանի շրջանի մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնը: Միջոցառման հաղորդավար Կարինէ Սողոմոնեանը նախ խօսեց օրուայ խորհրդից, ներկայացրեց Արցախի ժողովրդի անցած բարդ ուղին ու անկախութիւն ձեռք բերելու ճանապարհը: Ներկայացուեց Սահմանադրութիւնը՝ որպէս ժողովրդավարական երկրի հիմնաքար: Կարինէ Սողոմոնեանը ներկայացրեց Սահմանադրութեան կառուցածքը, յօդուածները, առանձնացրեց կարեւորագոյն կէտերը: Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ընդունուել է 2006թ., համաժողովրդական հանրաքուէի միջոցով:
«Սահմանադրութիւնը մեր երկրի մայր օրէնքն է, մեր արժանապատիւ կեանքի գրաւականը», ընդգծեց հաղորդավարն իր խօսքում՝ յաւելելով, որ ԼՂՀ Սահմանադրութիւնն ունի 12 գլուխ եւ 142 յօդուած, որոնց միջոցով սահմանւում են մեր երկրի քաղաքացիների հիմնական իրաւունքներն ու պարտականութիւնները:
Միջոցառման ընթացքում ելոյթ ունեցաւ Շահումեանի շրջանի մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնի ժողգործիքների համոյթը՝ կատարելով հայրենասիրական երգեր: Ելոյթ ունեցան նաեւ կենտրոնի պարի երկու խմբակների սաները՝ կատարելով ազգային ու ժամանակակից պարեր:
Թամարա Գրիգորեան, թղթակից «Արարատ» հիմնադրամի կողմից