ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՑԱՆՑ»Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱԳԱՀ, ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ, ԲԱՐԵՐԱՐ ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստան-Սփիւռք տնտեսական յարաբերութիւնների զարգացման ու տարբեր երկրների հայ գործարարների միջեւ առեւտրային կապերի հաստատման նպատակով ստեղծուած «Համահայկական առեւտրային ցանց»ի՝ ՀԱՑ, չորրորդ համաժողովում ամրագրուել են այս կազմակերպութեան առաջիկայ ծրագրերը: Մայիսի 9-13ը Հայաստանում եւ Արցախում անցկացուած տարաբնոյթ հանդիպումների ընթացքում 13 երկրներից հայ գործարարներ ծանօթացել են հայրենիքում առկայ ներդրումային հնարաւորութիւններին, քննարկել համագործակցութեան ձեւեր: «Համահայկական առեւտրային ցանց»ի նոր նախագահ է ընտրուել ամերիկահայ գործարար, բարերար Ալէք Բաղդասարեանը: «Հայրենիքում բիզնեսի ստեղծումը մի շարք հարցեր է լուծում՝ նպաստում է տնտեսութեան զարգացմանը, ստեղծւում են աշխատատեղեր, որ իր հերթին արտագաղթը կանխելու լաւագոյն ձեւերից է, միաժամանակ սփիւռքահայ ներդրողն ունենում է շահոյ»չ, հաւաստիացնում է նորանշանակ նախագահը: Այս նպատակներով էր, որ 90ականներից սկսած, Ալէք Բաղդասարեանը տարաբնոյթ գործունէութիւն է ծաւալում Հայաստանում եւ Արցախում, միաժամանակ ներգրաւուելով բարեգործական նախաձեռնութիւններում, որոնք ուղղուած են հայրենիքի զարգացմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Բաղդասարեան, «Համահայկական առեւտրային ցանց»ի համաժողովի ընթացքում մասնաւորապէս ի՞նչ հարցեր քննարկուեցին:
ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ.- Նախ նշեմ, որ այս տարի համաժողովին մասնակցում էին գործարարներ Հայաստանից, Արցախից, Ռումինիայից, Լիբանանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ամերիկայից, Բելգիայից, Արգենտինայից, Յունաստանից, Կանադայից ու Աւստրալիայից: Մասնակիցներից շատերը իրենց երկրներում գործող առեւտրային պալատների ներկայացուցիչներ են կամ ունեն սեփական ընկերութիւններ եւ որոշ չափով գործունէութիւն են ծաւալում Հայաստանում: Համաժողովի ընթացքում ուսումնասիրում էինք մեր ունեցած ռեսուրսներն ու հնարաւորութիւնները, որոնց հիման վրայ կարող ենք մշակել համապատասխան ծրագրեր: Համաժողովի մի քանի օրերին, ունեցանք ընդգրկուն ծրագիր, այցելեցինք Արցախ:
Մայիսի 12ին տեղի ունեցաւ ՀԱՑի Գործարար համաժողովը Երեւանում, որտեղ ելոյթներ ունեցան ՀՀ սփիւռքի նախարարը, Կանադայի պատուիրակութեան ներկայացուցիչ Վահրամ Փիրջանեանը: Եւրասիական տնտեսական միութեան եւ միջազգային այլ միութիւնների միջոցով Հայաստանի նոր հնարաւորութիւնների մասին զեկոյց ներկայացրեց ՀՀ գիւղնախարար Սերգօ Կարապետեանը: Համաժողովի ընթացքում մի շարք բանախօսներ հանդէս եկան տարբեր թեմաներով: ՀԱՑի գործադիր խորհրդի անդամ Հրաչ Կասպարը կարեւորեց հաղորդակցութեան աշխուժացումը, «Գրանթ Թորնթոն» ընկերութեան ղեկավարներից Մայքլ Թրիբալօն ներկայացրեց աշխարհի փոփոխուող տնտեսական տարածքում առկայ նոր հնարաւորութիւնները, Արգենտինայից Անա Քրիստինա Շիրինեանն էլ խօսեց համաշխարհային շուկայում հայերի դերի մասին: Հանդէս եկաւ նաեւ Հայ-իրանական առեւտրի պալատի նախագահ Լեւոն Ահարոնեանը: Ես էլ ներկայացրի Արցախում գործարարների համար առկայ հնարաւորութիւնները: Հայաստանի տարբեր նախարարութիւնների բարձրաստիճան ներկայացուցիչներ խօսեցին Հայաստանում հարկային բարեփոխումների եւ բիզնես միջավայրը գրաւիչ դարձնելու ուղղութեամբ տարուող աշխատաների մասին, մի քանի գործարարներ ներկայացրին իրենց փորձառութիւնը, փորձագէտներն էլ ընդգծեցին յատկապէս մի քանի ոլորտ, որոնք շատ նպաստաւոր կարող են լինել թէ՛ երկրի, թէ՛ ներդրողների համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԷԱՆ.- Մասնաւորապէս ո՞ր ոլորտների մասին է խօսքը:
ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ.- Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ Հայաստանը մեծ յաջողութիւններ ունի տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում եւ ճանաչուած է ողջ աշխարհում: Ունենք բարձրորակ հայ մասնագէտներ, որոնք աշխատում են միջազգային հեղինակաւոր ընկերութիւնների համար, որոնք արդիւնքում իրենց գրասենեակներն են հիմնում Հայաստանում: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ ՏՏ ոլորտը զարգանում է նաեւ շրջաններում՝ Գիւմրիում, Վանաձորում, նաեւ Արցախում: Գործում են նաեւ կրթական կենտրոններ, որտեղ պատրաստւում են նոր մասնագէտներ: Ներդրումների համար բազմաթիւ հնարաւորութիւններ կան գիւղատնտեսութեան ոլորտում, եւ այստեղ բաւական յաջողուած է գինեգործութիւնը: Մասնաւորապէս, Արցախի կառավարութիւնն առաջարկում է բազմաթիւ արտօնութիւններ հողագործութեան, անասնապահութեան համար:
Համաժողովի ընթացքում, օրինակ քննարկուեցին Հայաստանի հնարաւորութիւնները՝ ելնելով համաշխարհային իրավիճակից: Մենք տնտեսական նոյն միութեան մէջ ենք Ռուսաստանի հետ, որի նկատմամբ ներկայում գործում են տնտեսական պատժամիջոցներ, Իրանը նոյնպէս ունի նման խնդիրներ: Օրինակ, Կանադայի ներկայացուցիչները խօսում էին այն մասին, թէ ինչպէս կարելի է խոզի միս ներմուծել Հայաստան, փաթեթաւորել եւ վաճառել Ռուսաստանում, ինչպէս Իրանից ներմուծուած հումքով Հայաստանում կարելի է պահածոներ պատրաստել եւ արտահանել տարբեր երկրներ:
Եւս մէկ կարեւոր ոլորտ է զբօսաշրջութիւնը, որտեղ բազմաթիւ հնարաւորութիւններ կան: Միայն մենք չէ, որ հիանում ենք Հայաստանի, Արցախի պատմական, տեսարժան վայրերով: Այդ մասին գրում են աշխարհի հեղինակաւոր պարբերականները՝ մեր երկիրը ներառելով զբօսաշրջութեան համար լաւագոյն վայրերի ցանկում: Պէտք է կարողանանք օգտուել այս հանգամանքից եւ շեշտը դնել ոլորտի զարգացման վրայ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Բաղդասարեան, հաշուի առնելով հայրենիքում առկայ հնարաւորութիւնները, պէտք է ընդգծել նաեւ փաստը, որ Հայաստանում ներդրողների համար առկայ են եղել նաեւ խոչընդոտներ, որոնք բազմաթիւ հիասթափութիւնների առիթ են տուել:
ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ.- Իրականում, շատ են դէպքերը, երբ սփիւռքահայ գործարարները փորձել են գործ հիմնել՝ օգտուելով միայն բարեկամի կամ ընկերոջ խորհրդից, ովքեր մանրամասն տեղեկացուած չեն լինում տուեալ ոլորտից: Սա, ի հարկէ, արհեստավարժ մօտեցում չէ եւ կարող է ձախողման պատճառ դառնալ: Ես միշտ ասում եմ, որ բիզնեսը յաջողելու համար, անկախ թէ որ երկրում էք գործելու, կարեւոր նախապայման է մանրամասն ծանօթանալ տուեալ երկրի հարկային, իրաւական դաշտին, ունենալ մանրամասն մշակուած գործառնական ծրագիր եւ դիմել փաստաբանների, խորհրդատու անձերի կամ կազմակերպութիւնների, ինչպիսիք են օրինակ «Ամերիակ»ը, «Գրանդ Թորնթոն»ը: Այսինքն, նոյն Ամերիկայում, իւրաքանչիւր գործ սկսելու դէպքում, մենք մանրամասն հաշուարկում ենք իւրաքանչիւր քայլը, եւ Հայաստանում էլ պէտք է լինի նոյն վերաբերմունքը: Եթէ յարգում ես օրէնքները եւ գործում ես արդար պայմաններով, որեւէ խնդիր չի առաջանայ:
Ես խօսում եմ նաեւ սեփական փորձից ելնելով: 1999թ.ին Երեւանում բացեցի ԱՄՆում գործող իմ IIG ընկերութեան մասնաճիւղը, որ զբաղւում է համակարգչային ծրագրաւորմամբ: Հայ աշխատակիցներս բազմաթիւ ծրագրեր են իրականացրել ամերիկեան ընկերութիւնների համար: Միաժամանակ, մեր ընկերութիւնում՝ կրթել ենք, ինչի արդիւնքում մեր մասնագէտներն անհատական գործ են սկսել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Բաղդասարեան, դուք նաեւ ներդրում ունէք Արցախի, մասնաւորապէս Շուշիի զարգացման գործում:
ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ.- Արցախում իմ փորձառութիւնը եղել է շատ յաջող: Ես «Աւան Շուշի» ընկերութեան բաժնետէրերից եմ, եւ մենք ունենք հիւրանոց, շուկան, բաղնիքը: Վերականգնման ծրագիրը սկ-սեցինք ութ տարի առաջ: Իմ փորձառութիւնը Արցախի կառավարութեան հետ շատ յաջող է՝ նախագահի, վարչապետի հետ, իրենք շատ տեղեակ են, պատրաստ են աջակցելու իւրաքանչիւր հարցում: Արցախի կառավարութիւնը ունի շատ յարմար առաջարկներ ներդրումների համար՝ թէ՛ հարկային արտօնութիւններ տալ, թէ՛ տրամադրել տարածքներ հողագործութեան համար: Արաքսաւանում, օրինակ, որ Արաքսի ափին է, կարելի է զբաղուել գինեգործութեամբ կամ գորգի գործարան հիմնել: Վստահ եմ, եթէ ներդրումներ կատարել ցանկացողները նախապէս ուսումնասիրեն բիզնես դաշտը, հարկային, իրաւական ոլորտները, անհրաժեշտութեան դէպքում էլ դիմեն խորհրդատուական ընկերութիւնների, ապա Արցախում կարող են շահաւէտ բիզնես ունենալ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախում ձեր ներդրումները տարբեր ձեւով են արտայայտւում, եւ մշակութային առումով, Շուշիում անցկացուող Ասմունքի համահայկական փառատօնն արդէն դարձել է տօնական օր քաղաքի օրացոյցում:
ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ.- Շուշին եղել է տարածաշրջանի մշակութային կենտրոն: Քաղաքի երբեմնի փառքը վերականգնելու նպատակով էր, որ նախաձեռնեցի Ասմունքի փառատօնը: Այն նաեւ լուծում էր մէկ այլ հարց՝ զբօսաշրջութեան զարգացումն այս ուղղութեամբ: Ձեռնարկը դարձաւ աւանդոյթ, մասնակիցների աշխարհագրութիւնն ընդլայնուեց, եւ այս տարի մի քանի երկրներից, այդ թւում ԱՄՆից, երեք տարիքային խմբերի հայ աշակերտներ կը մասնակցեն Շուշիի փառատօն-մրցոյթին: Այս երեխաները նախապէս մասնակցում են իրենց երկրներում անցկացուող մրցոյթին, եւ յաղթողները գալիս են Արցախ: Սա նաեւ հրաշալի առիթ է հայ մշակոյթի շուրջ համախմբելու Հայաստանի, Արցախի, æաւախքի եւ սփիւռքահայ երեխաներին: Նրանք ծանօթանում են միմեանց եւ միասին նաեւ շրջում հայրենիքում: Այս ծրագրին աջակցում են ՀՀ սփիւռքի, Արցախի կրթութեան նախարարութիւնը եւ մեր հայ մտաւորականները, ովքեր աջակցում են այս նախաձեռնութեանը, նաեւ որպէս գնահատող խմբի անդամներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Բաղդասարեան, ձեր հետ զրոյցները մշտապէս ոգեւորիչ են եւ ամէն անգամ նոր մտքերի ու գործողութիւնների խթան են դառնում: Ձեր խօսքը մշտապէս գործ է, եւ ձեր անձը՝ հայրենիքի մասին մտածող իւրաքանչիւր անհատի համար լաւագոյն օրինակ: Շնորհակալութիւն ձեր գործունէութեան համար: Ինչպէ՞ս կարելի է տեղեկանալ հնարաւորութիւնների մասին եւ միանալ ձեր ծրագրերին:
ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ.- Սփիւռքում մեծ ներուժ կայ: Ես հաւատում եմ, որ ամէն հայ կարող է շատ մեծ դեր ունենալ Հայաստանի, Արցախի ու Ջաւախքի կեանքում, եթէ Հայաստանն ու հայ ազգը մաս կազմեն իւրաքանչիւրիս առօրեային: Ծրագրերը բազմաթիւ են, եւ վստահեցնում եմ, որ ներգրաւուելով հայրենիքի զօրացման գործում՝ հոգեկան մեծ բաւարարութիւն կը ստանաք: Պէտք է նաեւ առաջնորդուել այն մտայնութեամբ, որ հայրենիքում ներդրումը մի շարք հարցեր է լուծում՝ առաջին հերթին նպաստելով տնտեսութեան զարգացմանը: Նշեմ, որ ՀԱՑի շրջանակներում, նաեւ սեփական փորձառութեանս արդիւնքում, առաջարկում եմ մանրամասն խորհրդատուութիւն այն մարդկանց համար, ովքեր կը ցանկանան գործ սկսել Հայաստանում եւ Արցախում: Ծրագրեր կան մշակուած նաեւ այն անհատների համար, ովքեր ունենալով ցանկութիւն, չունեն հնարաւորութիւն երկար ժամանակով գտնուելու Հայաստանում, անձամբ հետեւելու իրենց բիզնեսին: Մենք պատրաստ ենք լսելու բոլորին եւ աշխատելու իւրաքանչիւր առաջարկի շուրջ:
Յ.Գ.- Հայ կրթական հիմնարկութեան շրջանակներում, Ալէք Բաղդասարեանը մասնակցել է Հայաստանում եւ Արցախում բազմաթիւ դպրոցների վերանորոգմանը, կրթական ծրագրերի իրականացմանը: «Ոչինչ այնքան հաճոյք չի պատճառում, որքան պահը, երբ տեսնում ես հայրենակիցներիդ ոգեւորութիւնը իւրաքանչիւր յաջողուած ծրագրից», նշում է մեծ բարերարը: Բարեգործական գործունէութեան շրջանակներում, Բաղդասարեանը մշտապէս աջակցում է հայրենիքի եւ Սփիւռքի կազմակերպութիւններին, անհատներին: