ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Յունիսի 2ին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամների միաձայն որոշմամբ Գլենդելն ու Գիւմրին դարձան քոյր քաղաքներ: Նախաձեռնութիւնը պատկանում է քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանեանին, ում խօսքերով երկու քաղաքները շատ ընդհանրութիւններ ունեն, ինչն ինքնին արդիւնաւէտ համագործակցութեան լաւ հիմք է: Երկու քաղաքների միջեւ յարաբերութիւնները սերտացնելու որոշումն, ըստ Սինանեանի, նաեւ Գիւմրին զօրացնելու նպատակով է. «Գիւմրին մշտապէս պատմական եւ մշակութային մեծ դեր ու նշանակութիւն է ունեցել մեր ազգի համար: Լինելով Հայաստանի երկրորդ քաղաքը, Գիւմրին այսօր չունի անցեալի հզօրութիւնը: Քաղաքի նախկին փառքը վերականգնելու առումով, կարեւոր է տնտեսութեան զարգացումը, եւ այս ճանապարհին մեծ խթան կարող է հանդիսանալ նաեւ զբօսաշրջութիւնը: Ամէն տարի Հայաստան այցելելիս, անպայման լինում եմ Գիւմրիում, եւ այցելելով ճաշասրահ, կամ որեւէ գնում կատարելով՝ այսպիսով իմ փոքրիկ ներդրումն եմ ունենում», պատմում է Սինանեանը: Հերթական այցի ժամանակ, Զարեհ Սինանեանը հանդիպում է Գիւմրիի քաղաքապետ Սամուէլ Բալասանեանին, պաշտօնեաները հանդիպում են նաեւ Գլենդելում: Քոյր քաղաքների մասին վերջնական որոշումը կայացւում է 2014թ.ին տեղի ունեցած համատեղ քննարկումների արդիւնքում:
«Ասպարէզ»ի հետ զրոյցում, Զարեհ Սինանեանը տեղեկացրեց, որ առաջիկայ շաբաթներին մասնաւոր այցով գտնուելու է Հայաստանում, եւ Գիւմրիում, քաղաքապետի հետ միասին պաշտօնապէս կը ստորագրուեն համագործակցութեան մասին փաստաթղթերը: «Յուսով եմ, որ այս քայլին անմիջապէս կը յաջորդեն կոնկրետ ծրագրեր: Դրանք կարող են լինել տարբեր ոլորտներում՝ մշակութային, կրթական, մարզական, հնարաւոր են փորձի փոխանակման ծրագրեր: Եթէ լինի նախաձեռնութիւն, ցանկութիւն եւ քաղաքական կամք՝ շատ բաներ կարելի է անել», համոզած է Զարեհ Սինանեանը:
Յունիսի 2ի քաղխորհրդի նիստում, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարեանն էլ գոհունակութիւն յայտնեց քոյր քաղաքների կարգավիճակի հաստատման առիթով՝ նշելով, որ աղէտալի երկրաշարժից յետոյ Գիւմրին վերագտնում է իր տեղը որպէս արուեստի եւ մշակոյթի կենտրոն:
Գլենդել քաղաքի մենեջեր Դեն Բելլն էլ յոյս յայտնեց, որ առաւել կ՛աշխուժանայ Գլենդելում բնակուող գիւմրեցիների կապն իրենց հայրենակիցների հետ. «Գիւմրիի հետ քոյր քաղաք ծրագրի մեկնարկը մեզ համար կարեւոր է. մենք հայկական մեծ համայնք ունենք Գլենդելում եւ սերտ կապեր՝ Հայաստանի հետ: Գլենդելը եւ Գիւմրին շատ նման են միմեանց, նախեւառաջ՝ բնակչութեան թուով: Այս ծրագիրը նաեւ Գլենդելում ապրող գիւմրեցիներին կը կամրջի հայրենի քաղաքի հետ: Մենք արդէն մեծ փորձ ունենք քոյր քաղաքների ծրագիր իմաստով՝ Մեքսիկայի, Ճապոնիայի, Հարաւային Կորէայի հետ: Յոյս ունենք՝ այդ փորձն առաւել հարստացնել հայկական երկրորդ քաղաքի հետ գործակցութեամբ», նշել է Բելլը:
Գլեդնելի եւ Գիւմրիի քոյր քաղաքներ դառնալու նախաձեռնութիւնն իրականութիւն է դարձել նաեւ Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոսութեան մասնակցութեամբ. «Հայաստանում բարձր են գնահատում եւ խրախուսում ապակենտրոնացուած համագործակցութեան դերը տնտեսութեան զարգացման գործում: Այս գործակցութիւնը կարող է շատ լաւ արդիւնքներ տալ: Գլենդելը հարուստ փորձ է կուտակել քաղաքային տնտեսութեան զարգացման գործում, յատկապէս բարձր տեխնոլոգիաների ոլորտում, եւ այն կարող է օգտակար լինել Գիւմրիի համար, որն այսօր թերեւս դեռ ունի ոլորտներ, որոնք բարելաւման կարիք ունեն: Երկու քաղաքների միջեւ փոխշահաւէտ համագործակցութիւնը լրացուցիչ խթան կը հանդիսանայ Գլենդելի եւ Գիւմրիի համայնքների կայուն զարգացման համար», ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսի տեղակալ Վալերի Մկրտումեանը:
Նշենք, որ Գիւմրին հայկական երկրորդ քոյր քաղաքն է Գլենդելի հետ՝ Կապանից յետոյ: