ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Քալիֆորնիայի Ազգային վարժարանների Ասմունքի մրցոյթ-փառատօնն այս տարի եւս իրականութիւն դարձաւ մեծ յաջողութեամբ: Դա էին վկայում մասնակից հայ պատանիների ոգեւորութիւնն ու պատրաստուածութիւնը, ուսուցիչների խանդավառութիւնն ու գնահատող խմբի անդամների կարծիքը: Վահան եւ Անոյշ Շամլեան, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս, Սրբոց Նահատակաց Ֆերահեան, Մեսրոպեան Ազգային վարժարանների, Սրբոց Նահատակաց Մարի Գապայեան Ազգային նախակրթարանի, Հայ Քոյրերու վարժարանի եւ Դաւթեան Մարիամեան կրթական հաստատութեան նախակրթարանի, միջնակարգ եւ աւագ դպրոցների աշակերտներն երկու օր շարունակ ասմունքեցին հայ նահատակ գրողների եւ 20րդ դարի բանաստեղծների ստեղծագործութիւններից: Այնքան զգացողութիւն կար մասնակից շուրջ քառասուն ամերիկահայ պատանիներից իւրաքանչիւրի խօսքում, այնքան համոզիչ էին նրանց ապրումներն ու Սէրն առ հայրենիք ու հայ ազգ, որ եւս մէկ անգամ հաւաստեցին՝ թէկուզ Հայաստանից հեռու, բայց նոյն զօրութիւնն ունի ոգին հայի, որ աննկուն է մեր կամքն ու անկոտրում՝ ստեղծագործ ուժը: Ամերիկահայ նոր սերունդը վերստին հաստատեց մեր ազգի յաւիտենական լինելու ճշմարտութիւնը: Մայիսի 2ին եւ 3ին, հայ աշակերտները ոչ միայն մրցում էին, նաեւ՝ մշակութային, գրական գեղեցիկ տօն պարգեւեցին ներկաներին:
«Այս մրցոյթ-փառատօնն անցկացնելու հիմնական նպատակն էր միջոց ստեղծել, որ մեր հայ աշակերտներն առաւել մերձենան հայ գրականութեանը, նաեւ՝ ասմունքի միջոցով հաղորդակցուեն համայնքի հետ: Ասմունքն արուեստի այն ժանրն է, որ ե՛ւ լեզուի վարժանք է, ե՛ւ պատանիներին հնարաւորութիւն է տալիս ճանաչելու եւ բացայայտելու մեր հանճարեղ բանաստեղծներին, մեր պատմութիւնը, մեր մշակոյթը», ձեռնարկի բացման խօսքում նշեց մրցոյթ-փառատօնի կազմակերպչական խորհրդի անդամ, Արեւմտեան թեմի Ազգային վարչութեան փոխատենապետ Տիգրան Պապիկեանը:
Երկրորդ տարին անցկացուող Քալիֆորնիայի Ասմունքի մրցոյթ-փառատօնն այս տարի նուիրուած էր նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին, եւ մասնակիցների ներկայացրած երկու բանաստեղծութիւններից մէկը նահատակ գրողների գործերից էր, երկրորդը՝ հայութեան ու հայրենիքի վերածնունդը խորհրդանշող բանաստեղծութիւն: Ուսուցիչներն ու աշակերտները մեծ պատասխանատուութեամբ էին պատրաստուել մրցոյթին, ինչը նկատեցին նաեւ գնահատող խմբի անդամներն ու հանդիսատեսը: «Երբ զրուցում էի մասնակիցներից մի քանիսի հետ, նկատեցի, որ ուղղակի չեն ասմունքել, այլ իրենց արտասանած բանաստեղծութիւնը խորութեամբ են ըմբռնել: Սա նշանակում է, որ մեր նահատակներն այսօր մեզ հետ են, վերապրեցին մեր մանուկների միջոցով, եւ անմահ են, քանզի կ՛ապրեն իւրաքանչիւր պատանու հոգում», նշեց ձեռնարկին ներկայ մտաւորական, Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի դիւանապետ, Սարգիս Մահսէրէճեանը:
«Յաղթանակի գիշերն է այս տօնական. Հա՛րս, եղ լեցուր ճրագին: Պիտի դառնայ կռիւէն տըղաս յաղթական. Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին». Դանիէլ Վարուժանի, Սիամանթոյի, Պարոյր Սեւակի, Եղիշէ Չարենցի, Յովհաննէս Շիրազի, Վիլեամ Սարոյեանի եւ այլ մեծանուն բանաստեղծների շունչն էր թեւածում երկու օր, ժամեր շարունակ, Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարանի սրահում: Տարբեր տարիքի մանուկներն ու պատանիները, ոչ միայն յուզմունքով սպասում էին իրենց կատարման պահին, նաեւ՝ մեծ ուշադրութեամբ ունկնդրում էին հասակակիցներին: «Սփիւռքում հայ մնալու համար լրացուցիչ ճիգերի կարիք ունենք, եւ այս փառատօնն իսկապէս մեծ առաքելութիւն է իրականացնում: Նախեւառաջ բացառիկ առիթ է ստեղծում իւրաքանչիւր հայ երեխայի համար մէկ անգամ եւս ճանաչելու իր ինքնութիւնը, գիտակից լինելու իր պատկանելիութեանը: Երկորդը, մեր հայ բանաստեղծների միջոցով կարողանում են պեղել մեր ոսկեղնիկ լեզուն՝ հարուստ բառագանձով, արեւահամ խօսքով, Սեւակի «Եղիցի Լոյսով», Մեծարենցի ու Տէրեանի քնարով, այն լեզուն, որով իսկապէս կարող են հպարտանալ: Այո, հայ մնալու միակ գրաւականը մեր հայ լեզուն է, եւ տեղին եմ համարում մեր պատանիներին եւս մէկ անգամ յիշեցնել Ստեփան Զօրեանի խօսքը, որ «լեզուն իրօք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհում եւ ոչ մի հարստութիւն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կէս մարդ է, չիմացողը՝ թշուառ, ծառից ընկած մի տերեւ, որ տարուբերւում է ամէն մի պատահական քամուց», իր խօսքում նշեց գնահատող խորհրդի անդամ, «Լարք» երաժշտանոցի փոխտնօրէնուհի Թագուհի Արզումանեանը: Մրցոյթի կարեւորութեան եւ հայ լեզուի ու մշակոյթի պահպանման անհրաժեշտութեան մասին մասնակիցներին դիմեցին նաեւ գնահատող խմբի միւս անդամները, որ ճանաչուած մտաւորականներ են ու արհեստավարժներ՝ դերասանուհի Շաքէ Թուխմանեանը, դերասան, ասմունքող Գրեգ Օգարեանը, «Ասպարէզ» թերթի խմբագրական կազմի անդամ, սցենարիստ Ճորճ Ատուրեանը, ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղի «Կարմիր կակա»չ նախագծի ղեկավար, արուեստագէտ Էդիկ Բալայեանը:
Ասմունքի փառատօնին գեղեցիկ անակնկալ էին պատրաստել ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարանի սաները, որոնից մի քանիսը նախորդ տարուայ մրցոյթի մասնակիցներ էին: «Այս փառատօնը երկու առումով է շատ գնահատելի, նախ, որ տարբեր վարժարաններից այսքան աշակերտներ քով-քովի են գալիս հայ բանաստեղծութեան շուրջ, եւ շատ կարեւոր է, որ փորձառութիւն են ձեռք բերում, համարձակութիւն՝ ասմունքելով նման ականաւոր ժիւրիի անդամների եւ հանդիսատեսի առջեւ», իր կարծիքը յայտնեց Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի հայ գրականութեան եւ պատմութեան ուսուցչուհի Թամար Սէրայտարեանը:
Քալիֆորնիայի Ազգային վարժարանների Ասմունքի մրցոյթ-փառատօնը նաեւ լաւագոյն առիթ էր պատանիների համար նոր ծանօթութիւններ հաստատելու: «Երկրորդ տարին է մասնակցում եմ փառատօնին, եւ ուրախ եմ, որ կարողանում եմ գտնել հասակակիցներիս, ովքեր սիրում են հայոց լեզուն ու գրականութիւնը: Իմ համար կարեւոր չէ մրցակցելը, այլ՝ մասնակցութիւնը, որ ներկայացնենք, թէ որքան ենք ճանաչում մեր մշակոյթը, կիսուենք մեր իմացութեամբ եւ հետաքրքրութիւններով», խոստովանեց Շամլեան վարժարանի 8րդ դասարանի աշակերտ Արա Եակուբեանը:
Մրցութային առաջին օրը ելոյթ ունեցան միջնակարգի 6րդ, 7րդ եւ 8րդ դասարանների աշակերտները, երկրորդ օրը՝ նախակրթարանի 4րդ եւ 5րդ դասարանների եւ աւագ դպրոցի 9, 10, 11 եւ 12րդ դասարանների սաները: Ուրախալի էր, որ մրցոյթին մասնակցում էին ամերիկեան հանրային դպրոցներից Դաւթեան-Մարիամեան կրթական հաստատութիւն յաճախող աշակերտներ, ովքեր իրենց ասմունքի հմտութիւններով չէին զիջում հայկական վարժարանների սաներին:
Մրցոյթի արդիւնքները կը յայտարարուեն մրցանակաբաշխութեան համար նախատեսուած ձեռնարկի ժամանակ, որ տեղի կ՛ունենայ Մայիսի վերջին: Մինչ այդ, բոլոր մասնակիցներին տրուեցին նուէրներ Ազգային առաջնորդարանի կողմից՝ Կարօ Պետրոսեանի «Հայեցի Կրթութիւն Եւ Ճանապարհ» եւ «Հայաստանեայց Եկեղեցու Տօներ Եւ Ազգային Աւանդութիւներ» գրքերը, «Աղօթագիրք», Ժագ Յակոբեանի «Գոյնզգոյն»ը: Մանուկների ու պատանիների համար կրկին հաճելի անակնկալ էր պատրաստել նաեւ Armenian eBooks նախաձեռնութիւնը՝ նուիրելով հայերէն ելեկտրոնային գրքեր iTunes-ից՝ Յովհաննէս Թումանեանի սիրուած եօթ հեքիաթները նոր նկարազարդումով:
«Գոհունակ եւ շնորհակալ ենք ուսուցիչներին, ովքեր խրախուսեցին աշակերտներին՝ պատրաստելով նրանց այս մրցութեանը, եւ մասնակիցներին՝ իրենց ջանքերի համար», ամփոփեց կազմակերպչական խորհրդի անդամ Միհրան Թումաջեանը:
Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներն առիթ կ՛ունենան մասնակցելու Շուշիում Օգոստոսին նախատեսուած Ասմունքի համահայկական փառատօնին: Արցախում արդէն չորրորդ տարին անցկացուող այս ձեռնարկին մասնակցում են մի քանի երկրներից՝ Իրանից, Ռուսաստանից, Լիբա-նանից, Վրաստանից, Հայաստանից եւ Արցախից հայ պատանիներ ու երիտասարդներ:
Քալիֆորնիայի Ազգային վարժարանների Ասմունքի մրցոյթ-փառատօնն անցկացուեց Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի հովանաւորութեամբ, կազմակերպիչներն էին՝ Ազգային վարժարանների Խնամակալ մարմինը, «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցի տնօրէնութիւնը, «Ասպարէզ» օրաթերթն ու «Հորիզոն» հեռատեսիլը: Փառատօնի կազմակերպչական խորհրդի անդամներն էին Տիգրան Պապիկեանը, Ալէք Բաղդասարեանը, Միհրան Թումաջեանն ու Նանէ Աւագեանը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.