Քալիֆորնիայի Ազգային վարժարանների Ասմունքի մրցոյթ-փառատօնն այս տարի կ՛անցկացուի Մայիսի 2ին եւ 3ին: Արդէն երկրորդ տարին անցկացուող մշակութային այս աննախադէպ ձեռնարկին, երեք խմբերի՝ 4-5, 6-7 դասարանների եւ աւագ դպրոցի աշակերտները ներկայացնում են արեւելահայ ու արեւմտահայ բանաստեղծների ստեղծագործութիւններ: «Կազմակերպիչների միտքն էր եւս մէկ առիթ ստեղծել հայ պատանիների համար՝ մերձենալու իրենց ազգային մշակոյթին: Ասմունքը մշակոյթի հիմնական բաղադրիչներից է, մշակոյթն էլ լեզուի միջոցով է պահպանւում, որ մեր ինքնութեան հիմնասիւնն է: Մենք ցանկանում ենք քաջալերել ասմունքը հայկական կրթօջախներում», նշում է Ասմունքի փառատօնի կազմակերպչական խորհրդի անդամ, Արեւմտեան թեմի Ազգային վարչութեան փոխատենապետ Տիգրան Պապիկեանը: Այս տարի փառատօնն անդրադառնալու է նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին: Ըստ այդմ, ըստ կազմակերպիչների, մասնակիցները կ՛ասմունքեն մէկ բանաստեղծութիւն նահատակ գրողներից, եւ մէկը՝ որը կը խորհրդանշի հայ ազգի վերածնունդը: Ձեռնարկն այս տարի կ՛անցկացուի Շամլեան Ազգային վարժարանի սրահում, որին մասնակցելու են շուրջ 50 աշակերտներ մի քանի դպրոցներից: «Այս տարի, պայմանաւորուած համայնքում Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած բազմաթիւ ձեռնարկներով, որոշ վարժարաններ զբաղուածութեան պատճառով գուցէ չկարողանան մասնակցել փառատօնին, սակայն կարեւորը, որ ձեռնարկը կայանալու է, եւ յուսով ենք, առաւել ընդգրկուն է դառնալու յաջորդ տարիներին», նշում է կազմակերպչական խորհրդի անդամ Միհրան Թումաջեանը:
2014թ.ին Քալիֆորնիայի Ազգային վարժարանների Ասմունքի առաջին մրցոյթ-փառատօնն աննախադէպ էր մի շարք առումներով. առաջին անգամ հարաւային Քալիֆորնիայի տասնմէկ հայկական վարժարանների տարբեր տարիքային խմբերի աշակերտներ միաւորուել էին հայոց լեզուի ու գրականութեան շուրջ, եւ ձգտումը առաւել գեղեցիկի վերծանումն էր, քան՝ պայքարը մրցանակային տեղի համար: Ասմունքի առաջին մրցոյթը, վստահաբար կարելի է փաստել, որ կայացաւ. այդ էին վկայում ամերիկահայ պատանիների ու երիտասարդների խանդավառութիւնը, մի քանի ժամ շարունակ լեցուն դահլիճում հանդիսականների ոգեւորութիւնն ու գնահատականները, մրցոյթից յետոյ համայնքի արձագանգը: Առաւել ուրախալի է, որ Քալիֆորնիայի Ասմունքի փառատօնն անցկացւում է երկրորդ տարին, ինչը նշանակում է, որ հայ մշակոյթին նուիրուած այս ձեռնարկը խոստանում է դառնալ աւանդոյթ: Նշենք, որ ձեռնարկն անցկացուեց ԱՄ Նահանգների Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի հովանաւորութեամբ, կազմակերպիչներն էին՝ Ազգային վարժարանների Խնամակալ մարմինը, «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցի տնօրէնութիւնը, «Ասպարէզ» օրաթերթն ու «Հորիզոն» հեռատեսիլը:
Քալիֆորնիայի Ասմունքի առաջին փառատօնի յաղթողներից մի քանիսը մասնակցեցին ամէն տարի Շուշիում անցկացուող Ասմունքի համահայկական մրցոյթ-փառատօնին եւ վերադարձել էին մեծ տպաւորութիւններով:
Նախատեսւում է, որ այս տարուայ մրցոյթի յաղթողները եւս կը մասնակցեն Շուշիի փառատօնին, որի հիմնադիրն է «Աւան Շուշի Փլազա» ընկերութեան բաժնետէրերի նախագահ, բարերար Ալէք Բաղդասարեանը: Փառատօնի ստեղծման նրա նպատակն էր համահայկական ձեռնարկի միջոցով նպաստել Շուշիի մշակութային կեանքի աշխուժացմանն ու սփիւռքահայ երիտասարդներին համախմբել հայ գրականութեան շուրջ: Արդէն չորս տարի անցկացուող այս փառատօնին մասնակցում են մի քանի երկրներից՝ ԱՄՆից, Իրանից, Ռուսաստանից, Բէյրութից, Վրաստանից, Հայաստանից եւ Արցախից հայ պատանիներ ու երիտասարդներ: «Այնպէս ենք կազմում ծրագիրը, որ մասնակիցները լաւագոյն յուշերով վերադառնան թէ՛ մրցոյթից, թէ՛ հայրենիքից: Մի քանի օր տեւող ձեռնարկի ընթացքում, փորձում ենք նաեւ մեր պատանիներին ծանօթացնել հայրենիքին, տարբեր շրջագայութիւնների միջոցով», նշում է Բաղդասարեանը, ով հանդիսանում է նաեւ Քալիֆորնիայի Ասմունքի փառատօնի խորհրդի անդամ:
Նշենք, որ ցանկացողները կարող են մասնակցել Մայիսի 2ին եւ 3ին նախատեսուած փառատօնին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.