ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Դեռեւս հնագոյն ժամանակներում, Հայաստան աշխարհն ունեցել է այնպիսի թագաւորներ, ովքեր օժտուած են եղել մարդկային հզօր նկարագրի եւ առաքինութեան գծերով՝ խիզախութիւն, արդարամտութիւն, վեհանձնութիւն, հայրենասիրութիւն, նուիրուածութիւն իր ժողովրդին:
Վերջերս, համացանցի կայքէջերից մէկում հանդիպեցի հետաքրքրական մի աշխատութեան՝ «Իրաւակարգի 1500ամեայ Ակունքներն Արցախում» խորագրով (հեղինակ՝ Կիմ Ղահրամանեան): Գրքում լուսաբանուած են 5րդ դարում Արցախի թագաւոր Վաչագան Բարեպաշտի կողմից հիմնուած սահմանադրութեան դերն ու հանգամանքները Արցախում իրաւական գիտակցութեան ձեւաւորման գործում:
Վաչագան թագաւորը, որպէս իմաստուն ղեկավար, մեծ բարենորոգումներ է իրականացրել երկրում՝ կառուցելով եկեղեցիներ եւ դպրոցներ, պայքարել է աղանդաւորութեան դէմ, ձգտել է երկրում հաստատել արդարացի օրէնքներ հասարակութեան բոլոր խաւերի համար: Պատմական աղբիւրների հաւաստմամբ, Վաչագան թագաւորի վրայ մեծ է եղել ազդեցութիւնը Ներսէս Մեծ կաթողիկոսի,ով նոյնպէս ակնառու իրագործումներ էր իրականացրել դեռեւս մէկ ու կէս դար առաջ: Վաչագան թագաւորի իրագործումներից հեղինակը յիշատակում է քաղաքական նշանակութիւն ունեցող նրա նշանաւոր գործը, որ կոչւում է «Աղուանից Արքայ Վաչագանի Կանոնական Սահմանադրութիւնը»: Օրէնքների ժողովածուի սոյն գիրքը ստեղծուել է հասարակութեան բոլոր խաւերի միջեւ հակասութիւնների վերացման եւ փոխյարաբերութիւնների կարգաւորման միջոցով պետութեան իրաւական հիմքերն ամրապնդելու նպատակով: Այս ուսումնասիրութեան կցուած սահմանադրութեան մէջ նշուած են մի շարք կանոններ, ինչպէս՝ ժողովրդի կողմից եկեղեցուն եւ քահանային նուէրներ տալու կարգը, իւրաքանչիւրից իր ունեցուածքի համեմատ հարկ գանձելու, ինչպէս նաեւ յանցագործութիւնների համար պատիժներ սահմանելու, ամուսնութեան վերաբերեալ եւ այլ օրէնքներ:
Աղանդների դէմ պայքարելու, ինչպէս նաեւ՝ Հայաստանի ինքնուրոյնութիւնը խոչնդոտող արգելքների դէմն առնելու, երկրում կարգ ու կանոն հաստատելու միտումով արուած քայլերից մէկն էլ սոյն սահմանադրութեան ստեղծումն էր. դրանում է այդ փաստաթղթի կարեւորութիւը: Դեռեւս 5րդ դարում, թագաւորի կողմից նման նախաձեռնութիւնը խօսում է նրա, որպէս բարձրակարգ պետական գործչի՝ խելքի, արդարամտութեան եւ այլ արժանիքների մասին:
Մեր նախնիների գործունէութեան հետեւելը այսօր էլ կարող է օգտակար լինել մեր հայրենիքի եւ ժողովրդի համար: Բարգաւաճ հայրենիք ունենալու համար, կարեւոր է նաեւ՝ իր իրաւունքները պաշտպանող եւ հայրենիքի եւ պետութեան հանդէպ իր պարտականութիւնների համար պատրաստ եւ գիտակից քաղաքացիներ հասցնել, սկսելով ամենափոքր քայլերից: Նման քայլերից մէկը կարող է լինել քաղաքացիների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին առանձին կանոնների մշակումը: Սահմանադրական օրէնքների փոփոխութիւնը պէտք է ծառայի առաջին հերթին ժողովրդի կեանքը բարելաւելուն, որովհետեւ ժողովուրդը պետութեան կարեւոր յենարանն է, այն պէտք է լաւ պահպանել, որպէսզի երկիրը բարգաւաճի: Հայաստանի այսօրուայ իշխանաւորները կարծէք մոռացել են ժողովրդին, չարաշահելով նրա համբերութիւնը, կորցրել են նաեւ չափի զգացումը: Կարեւոր է, որ պետութեան ղեկին նստեն հայրենասէր, իրենց երկրի ու ժողովրդի կարիքների հարցերով մտահոգ ղեկավարներ:
Իր նախնիների օրինակին հետեւելով, Արցախի Հանրապետութիւնը այսօր էլ շարունակում է գնալ պետականակերտման եւ տնտեսական բարգաւաճման ուղիով: Ընթերցողի ուշադրութեանն ենք ուզում յանձնել հեղինակի հետեւեալ ուշագրաւ հաստատումը «Իրաւակարգի 1500ամեայ Ակունքներն Արցախում» գրքից. «Աւելի քան քսան տարի է, ինչ ԼՂՀն կարողանում է պաշտպանել իր սահմանները, վերականգնել տնտեսութիւնը եւ օր-օրի կառուցում, ամրապնդում է նոր տիպի իրաւական պետութիւն: Եւ այդ բոլոր գործընթացների մէջ առկայ է 1500 տարի առաջ արմատաւորուած սահմանադրական գիտակցութիւնը»:
Ժողովուրդ եւ ղեկավարութիւն արդիւնաւէտ համագործակցութեամբ երկիրը բարգաւաճման հասցնելու ուղղութեամբ տարուող համընդհանուր ճիգերի մասին է վերոնշեալ վկայութիւնը: Պետութիւն եւ ժողովուրդ համերաշխ գործակցութիւնը մեծ խթան կարող է հանդիսանալ ապագայում հզօր հայրենիք ունենալու համար: Մեր նախնիների օրինակը այդ է պատգամում ներկայ եւ գալիք սերունդներին: