ԼԻԼԻԹ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքացիութիւնից հրաժարուողների թիւը աւելացել է շուրջ 4 անգամ: Ոստիկանութեան տուեալներով, եթէ 2012 թուականին Հայաստանի անձնագրից հրաժարուել էին մօտ 550ը, ապա 2014ին այդ թիւը հասել է 2180ի:
Ոստիկանութիւնում ասում են, որ պատճառը ռուսական օրէնսդրութեան վերջին փոփոխութիւններն են, որոնք պարտադրում են հրաժարուել այլ երկրի քաղաքացիութիւնից՝ Ռուսաստանի քաղաքացիութիւն ստանալու համար: Թէեւ յստակ տուեալներ չկան, բայց հրաժարուողների մի մասն էլ ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի մասնակիցներն են, որոնք ընտանիքով մշտական բնակութեան են մեկնում Ռուսաստանի Դաշնութիւն:
Հայաստանում 2007 թուականից գործող եւ ժամանակաւորապէս փակուած գրասենեակը այս տարեսկզբից կրկին սկսել է դիմումներ ընդունել Հայաստանի քաղաքացիներից: «Ազատութեան» այցելութեան պահին Հայաստանի տարբեր ծայրերից եկած մարդիկ կային գրասենեակի մօտ:
28ամեայ Գէորգ Յակոբեանը երկրորդ անգամ էր դիմում՝ յոյս ունենալով, որ այս անգամ կը յաջողուի ծնողների եւ կնոջ հետ Ռուսաստան տեղափոխուել:
«Ես ստեղ ոչ մի կոպեկ չեմ աշխատում, հազիւ գազի, ջրի, լոյսի փողն է հերիքում: Եթէ դրսից եկամուտ չունենաս, ստեղ ապրելը հնարաւոր չէ: Վրաստանից առեւտուր եմ անում, վատն էն է, որ էնտեղից ինչ որ մի բան բերում ես, տամոժնին (մաքսատունը-Խմբ.) չի թողնում անցկացնես, ասում են՝ սա սրա բիզնեսն է, հնարաւորութիւն չեն տալիս, որ գոնէ ժողովուրդը առեւտրով կարողանայ ընտանիք պահի», ասաց Յակոբեանը:
Առատաշէն գիւղի մի բնակիչ էլ, ով նոյնպէս ուզում էր մշտական բնակութիւն հաստատել Ռուսաստանում, ասաց, որ հողագործութեամբ չի կարողանում եկամուտ ունենալ եւ ընտանիք պահել, պարտքերն էլ տարէցտարի աւելանում են. «Վարկ ենք վերցնում, ապրում ենք, տարին 2000 դոլար աւելանում է: 30 դրամով պամիդոր (լոլիկ-Խմբ.) եմ վաճառում, ինչքա՞ն պէտք է վաճառես, որ հողի, ջրի հարկ տաս, տրակտորիստին տաս, վերջում պարտքերը բաժանում ես, պիտի տոկոսով փող վերցնես, որ ձմեռը ապրես: Գարունը նորից հողի վրայ էշութիւն ենք անում, նորից սկսում ենք պարտքերը փակել, նորից աւելանում, անընդհատ աճ է տալիս»:
Երեւանի բնակիչ Արայիկ Ղազարեանը հինգերորդ անգամ դիմելուց յետոյ ի վերջոյ դրական պատասխան է ստացել: Գնալու է Խաբարովսկ:
«Պայմանագրի համաձայն՝ որպէս վարորդ են գրանցել: Հանրակացարան, աշխատանք, լրիւ սոցծախսերը իրենց վրայ է, մինչեւ անգամ 2-3 ամիս յետոյ քաղաքացիութիւն, որից յետոյ կ՛երեւայ ոնց կը լինի, էլի», ասում էր Ղազարեանը՝ յաւելելով, որ այստեղ եւս վարորդ է աշխատել, բայց ստացած աշխատավարձով միան առօրեայ ծախսերն է հոգացել: Ռուսաստանում հնարաւորութիւնները աւելի մեծ են, ասում է:
2007 թուականից մինչ այսօր այս ծրագրով աւելի քան 6000 հայաստանցի է Ռուսաստան տեղափոխուելու հնարաւորութիւն ստացել: Նոյնատիպ մի ծրագրով էլ մօտ 2000 հայաստանցի 2002-2011 թուականներին մեկնել է Կանադա:
Թէեւ Հայաստանում որեւէ պետական մարմին չունի վիճակագրութիւն, թէ տարեկան քանի ընտանիք է մեկնում այս կամ այն երկիր մշտական բնակութեան, սակայն իւրաքանչիւր տարի Ազգային վիճակագրական ծառայութեան հաշուարկներով մեկնող եւ չվերադարձող մարդկանց թիւը մօտ 40 հազար է կազմում:
ՄԱԿի բնակչութիւն հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետեանն ասում է, որ եթէ ոչինչ չփոխուի, մօտ 10 տարի յետոյ ժողովրդագրական վիճակը էլ աւելի կը վատթարանայ:
«Ունենք մօտաւորապէս 2.5 միլիոնից մի քիչ պակաս բնակչութիւն Հայաստանում, աւելի մեծ տոկոս է կազմում մեծահասակ տարիքի բնակչութիւնը», ասաց Հայրապետեանը:
Ծնելիութեան ցուցանիշը եւս տարիներ շարունակ գրեթէ նոյն է մնում՝ մէկ վերարտադրողական տարիքի կինը անգամ երկու երեխայ չի ունենում:
Հայաստանի կառավարութիւնը, մասնաւորապէս, նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի կողմից իրականացուող «Հայրենակիցներ» ծրագիրը: Գարիկ Հայրապետեանը, սակայն, որեւէ քննադատութիւն այս ծրագրերի վերաբերեալ արդարացի չի համարում եւ կարծում է, որ Հայաստանի կառավարութիւնը պէտք է այնպիսի պայմաններ ապահովի, որպէսզի ընտանիքները չցանկանան դիմել նման ծրագրերի:
«Խնդիրը մեզ մօտ է, մեր դաշտում է, մենք պէտք է այդ խնդիրը լուծենք, դա չպէտք է կապուած լինի այլ երկրներում իրականացուող քաղաքականութեան հետ: Նոյն յաջողութեամբ գոյութիւն ունի նաեւ ԱՄՆի «Գրին քարտ»ի խաղարկութիւնը, հաստատ տարեկան մի քանի հարիւր ընտանիք ստանում է եւ տեղափոխւում է Միացեալ Նահանգներ», ասաց ՄԱԿի ներկայացուցիչը:
«Ազատութիւն»