ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՓԻՒՌՔԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ
NEWS.am STYLE-ը զրուցել է Հայաստանում Սփիւռքի առաջին գործարար Կարպիս Թիթիզեանի հետ, ում համար՝ «Հայրենիք, հայրենասիրութիւն… սրանք այնպիսի արժէքներ են, որոնք կան իւրաքնչիւր մարդու մօտ, որոնք չեն ճանաչում տարածութիւն եւ ժամանակ: Աշխարհի որ ծայրում էլ անհատը գտնուի, մէկ է, նա իր սրտում միշտ պահում է Հայրենիքի կարօտը»:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Ծնուած լինելով Հայաստանից դուրս, որտեղի՞ց ձեզ այսքան հայասիրութիւն, հայրենասիրութիւն:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Ինձ շատ դուր եկաւ, որ հայասիրութիւնն ու հայրենասիրութիւնն առանձնացրել էք: Դրանք առաջին հայեացքից գուցէ նոյնն են թւում, բայց իրականում շատ տարբեր զգացողութիւններ են առաջացնում: Ես ծնուել ու մեծացել եմ Բէյրութում՝ Լիբանանում: Լիբանանը մեր Սփիւռքի մայրաքաղաքն է ինձ համար: Այս պատճառով ես հէնց այսպիսին եմ մեծացել: Ես անգամ պատանեկան միութիւնների, սկաուտական հաւաքների կազմում էի ընդգրկուած: Դա կենսակերպ եւ դաստիարակութիւն էր: Գիտէք, ես չունեմ այս հարցի պատասխանը: Ես չգիտեմ՝ որտեղից ձեր ասած հայրենասիրութիւնն ու հայասիրութիւնը: Պարզապէս ես այսպէս եմ մեծացել, կեանքը, ընտանիքս, շրջապատս այդպէս է կառուցել իմ արժէքային համակարգը: Ես ցաւում եմ իմ հայրենիքի համար, ուրախանում ամէն մի մանրուքով, յուզւում ամէն մի ձախողումից կամ յաղթանակից՝ լինի դա սպորտի, մշակոյթի, թէ քաղաքական ոլորտներում:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Ի՞նչն է ձեզ ոգեշնչում, քաջալերում, որ ԱՄՆում ապրելով մնաք այսքան հայ:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Կապ չունի՝ մարդ որտեղ է ապրում, եթէ նա ապրում է իր հայրենիքի ցաւով, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Հայաստանում միայն ապրի: Կամ հակառակը՝ երբ մարդն հայրենասէր չէ, նա կարող է այդպիսին լինել նաեւ իր հայրենիքի սրտում: Միշտ էլ Սփիւռքում մեզ՝ հայերիս համար առաջնային հարցը հայապահպանութիւնն ու յաջորդ սերունդների մէջ հայրենասիրութիւն սերմանելն է: Մենք մշտապէս ապրել ենք ազատ, անկախ Հայաստան տեսնելու յոյսով ու Ցեղասպանութեան ընդունման պահանջով: Դա է մեզ իրար կողքի միասնական պահել:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Խօսէք ձեր ընտանիքի մասին, արդեօք երեխաների մէջ սերմանե՞լ էք հայ լինելու պատիւը, գիտակցութիւնը:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Ես ու կինս մեր դստերը հէնց այս տրամաբանութեամբ ենք մեծացրել: Միաժամանակ դա արհեստական եւ ստիպողական չի եղել: Դա պարզապէս գալիս է ընտանիքի մթնոլորտից, աշխարհայեացից: Դուստրս երբեմն ինձ զարմացնում է հայրենիքի նկատմամբ սրտացաւութեամբ: Աղջիկս՝ Նազանը, յաճախում է Ազգային վարժարան, հէնց այս պատճառով է նա մշտապէս ծանօթ Հայ Դատի խնդիրներին: Ես էլ եմ այդ նոյն ոգով մեծացել: Զաւակները միշտ նման են լինում ծնողներին եւ կրկնում են նրանց օրինակները:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Սկզբում տուրիստական գործակալութիւն, յետոյ արուեստ, ինչո՞ւ ընտրեցիք մշակոյթի ոլորտը:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Զբաղուելով բիզնեսային գործունէութեամբ, ղեկավարելով Հայաստանում եւ Լոս Անջելեսում ամենայայտնի հայկական տուրիստական գործակալութիւններից մէկը՝ «Լեւոն Թրաւըլ»ը, ես մշտապէս հետաքրքրուած եմ եղել նաեւ արուեստով: Դա պարզապէս մի օր չի եղել, երբ ես արթնացել եմ ու որոշել համերգներ կամ մշակութային միջոցառումներ կազմակերպել: Իմ շրջապատն է մշտապէս մշակութային եղել: Իմ մտերիմ ընկերները եւս, հաւանաբար, ազդեցութիւն են ունեցել՝ Հրանդ Թոխատեանը, Միքայէլ Պօղոսեանը, Արթուր Գրիգորեանը եւ այլք: Ես հէնց այդ տարիներից փորձել եմ մշտապէս օգնել Հայաստանում եւ Սփիւռքում ապրող մեր մշակութային գործիչներին:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Խօսէք Global Arts-ի մասին:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Global Arts-ի կարեւորագոյն գաղափարախօսութիւնը հայկական մշակոյթի քարոզումն է, դրան աջակցելը, այն պահպանելը, երիտասարդ տաղանդներին քաջալերելը: Մենք մի շարք միջոցառումներ ենք այս տարիների ընթացքում իրականացրել՝ ինչպէս լեգենդար Յուլիօ Իգլեսիասի, Եանիի համերգները Հայաստանում, այնպէս էլ World Armenian Entertainment Awards-ը, կամ մի շարք հեղինակաւոր համերգներ Միացեալ Նահանգներում: Մեզ յաջողուել է ոչ միայն դիմագրաւել ոլորտի դժուարութիւններին, այլեւ դառնալ առաջինը:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Որքանով տեղեակ եմ առաջիկայում նախատեսուած է մրցանակաբաշխութիւն: Ե՞րբ է այն կայանալու:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Մրցանակաբաշխութիւնը կայանալու է Մայիսի 9ին, հեղինակաւոր «The Show» դահլիճում՝ նախորդ տարուայ նման: Մրցանակաբաշխութեան խորհրդի կազմում հեղինակաւոր մշակոյթի գործիչներ են, մեդիայի աշխատակիցներ եւ ոլորտի այլ մասնագէտներ: Անուանակարգերն ու դրանց յաղթողները որոշւում են ամիսների ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրութիւնների միջոցով: Որպէս նորութիւն, կարելի է հաւանաբար նշել, որ այս տարի էլ աւելի մեծ թուով բացառիկ հիւրեր ենք ունենալու ու նմանը չունեցող շօու է նախատեսւում:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Ներկայումս բազմաթիւ երիտասարդ երգիչներ ցանկանում են շփուել ձեզ հետ: Որո՞նք են այն կարեւոր յատկանիշները, որոնց առկայութեան դէպքում արտիստը կը յայտնուի ձեր ուշադրութեան կենտրոնում:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Միանշանակ տաղանդի առկայութիւնը: Մենք առաջնորդւում ենք տաղանդով, միաժամանակ կարեւոր է նաեւ արդիականութիւնը, մատուցման ձեւը: Երբ մարդ տաղանդով է օժտուած, ապա կարող է չանհանգստանալ. մի օր նրան հաստատ կը նկատեն: Շատերն են ինձ դիմում, ցաւօք, ես այդքան մեծ հնարաւորութիւններ չունեմ բոլորին օգնելու: Երանի կարողանայինք օգնել բոլոր տաղանդներին:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Դուք երկկողմանի բարի գործ էք կատարում:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Այո, մենք փորձում ենք Սփիւռքում պահպանել հայրենիքի ոգին ու մթնոլորտը: Նաեւ ժամանակակից փոփ կատարողների դէպքում լսարանին հնարաւորութիւն տալ ծանօթանալու, վայելելու հայկական ժամանակակից փոփ մշակոյթը: Միաժամանակ հայ արուեստագէտներն էլ նոր բեմերի, նոր լսարանի կարիք ունեն: Դժուարութիւններ այս առումով առանձնապէս չեն լինում: Ամէն ինչ հնարաւոր է հարթել: Մենք ստեղծել են համերգային չափանիշներ, որոնք գնալով էլ աւելի են կատարելագործւում իւրաքանչիւր տարի:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Դուք յաղթող հայի կերպար էք, ինչպէ՞ս է դա ստացւում ձեզ մօտ:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Անկախ ամէն ինչից, իւրաքանչիւր հայի մէջ էլ կարելի է նկատել յաղթողի կերպարը, պարզապէս պէտք է այն բացայայտել: Շնորհակալ եմ գնահատականի համար: Կը փորձեմ որքան հնարաւոր է օգտակար լինել հայրենիքիս:
ՄԵԼԻՆԷ ՏՈՆՈՅԵԱՆ.- Կարպիս Թիթիզեանի՝ դեռեւս անկատար երազանքը:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Երազում եմ հայրենիքս լիութեան, ծաղկունքի ու պայծառ ապագային հաւատացող մարդկանցով լի տեսնել: