«ՖՈՐԲՍ».- Դուք չէք թաքցնում, որ «Տաշիրը» հայկական ընկերութիւն է: Որքա՞ն համախմբուած է հայկական Սփիւռքը Ռուսաստանում, դուք միմեանց օգնո՞ւմ էք:
ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Մենք օգնում ենք միմեանց եւ աջակցում, երբ կարիք կայ, բայց գլխաւորը՝ երբեք չենք խանգարում: Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ իմ ընտանիքով, իմ երեխաներով եւ ստեղծածս բիզնեսով: Մենք փոքր, բայց շատ հպարտ եւ իմաստուն ազգ ենք: Երբեք ոչ ոքի չենք տրորել, այլ հակառակը՝ միշտ փորձել ենք եւ փորձում ենք գոյատեւել՝ միաժամանակ պահպանելով մեր ինքնատիպութիւնն ու բացառիկութիւնը: Ժամանակները, ի հարկէ, փոխուել են, խօսքն ուղղակի ֆիզիքական պահպանման մասին չէ, սակայն իրադրութիւնները տարբեր են լինում: Մեր համախմբուածութիւնը թոյլ է տալիս շատ բան անել ինչպէս բիզնեսում, այնպէս էլ կեանքում: Ամէն ինչ կառուցւում է վստահութեան վրայ, այդ իսկ պատճառով էլ մեզ ոչ ոք երբեք չի խաբել, եւ մենք նոյնպէս: Երբեւէ որեւէ դատ չի եղել: Գործարարները, որոնք այս բոլոր տարիների ընթացքում գոյատեւել են, հասկանում են, թէ բիզնեսում որքան կարեւոր է խօսքը: Միւսները պարզապէս չեն գոյատեւել:
«ՖՈՐԲՍ».- Կա՞ն մարդիկ, որոնց դուք կարող էք փոխանցել գործերը:
ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Կան եւ նրանք արդէն սկսում են կառավարել բիզնեսը: Ես ունեմ երկու որդի՝ 16 եւ 22 տարեկան, եւ դուստր, որը 22 տարեկան է: Կրտսեր որդիս սովորում է ինստիտուտում, իսկ աւագը պատասխանատու է ընկերութիւնում կոմերցիոն անշարժ գոյքի կառավարման համար: Դուստրս աստիճանաբար ներգրաւուում է ընտանեկան բիզնեսում: Ինձ համար ինքնին ենթադրելի էր, որ երեխաներս կը ներգրաւուեն բիզնեսում: Նրանք դա գիտէին եւ որ կարեւորն է՝ ցանկանում էին դա: Այլ կերպ չէր էլ կարող լինել. նրանցից ոչ մէկն անգամ վերացականօրէն չէր պատկերացնում իր ապագան այլ տեղում: Նրանք ի սկզբանէ գիտակցել են՝ ինչով են զբաղուելու:
«ՖՈՐԲՍ».- Դուք նրանց խի՞ստ էք դաստիարակել:
ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Կարծում եմ՝ նրանց ճիշդ եմ դաստիարակել. մանկութիւնից ստեղծուել էր համապատասխան միջավայր: Երես չեմ տուել: Բացի այդ՝ առկայ է գեների գործօնը: Երեխաներս ինձ են նման ամէն ինչում: Ես երբեք չեմ սիրել գիշերային կեանքը, իսկ աշխատանքը, հակառակը, ինձ ոգեշնչում էր: Այժմ նայում եմ նրանց. նրանք էլ են այդպիսին:
«ՖՈՐԲՍ».- Իսկ ձե՞զ ինչպէս են դաստիարակել, դուք ի՞նչ ընտանիքից էք:
ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Հայրս ողջ կեանքը նուիրել է երեխաների դաստիարակութեանը: Նա մանկավարժ է եղել եւ դպրոցի տնօրէնի պաշտօնում աւելի քան 50 տարի մաթեմատիկա է դասաւանդել, մայրս անգլերէն է դասաւանդել: Կիրթ եւ շատ աշխատասէր ընտանիք. ես նրանցից շատ բան եմ ընդօրինակել: Ծնողներս ինձ համար ստեղծել են առանձնայատուկ միջավայր, պատանեկութիւնից բացատրել են, որ կեանքում գլխաւորը պարկեշտ մարդ լինելն ու խոստումը կատարելն է:
«ՖՈՐԲՍ».- Դուք այժմ «Տաշիր» ընկերութիւնների խմբի միա՞կ սեփականատէրն էք, թէ ձեր երեխաներն արդէն մասնաբաժին են ստանում բիզնեսում:
ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Ես խմբի միակ սեփականատէրն եմ երեխաներիս հետ: Մեր բիզնեսն ընտանեկան է:
«ՖՈՐԲՍ».- Բայց իրաւաբանօրէն դա ինչպէ՞ս է ձեւակերպուած: Գրանցամատեանում կա՞ն գրանցումներ:
ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Նրանք նոր-նոր են դուրս եկել ասպարէզ, այդ իսկ պատճառով շատ շուտով այդ գրանցումները կը լինեն:
«ՖՈՐԲՍ».- Ո՞ր պահին էք ձեզ հարուստ մարդ զգացել:
ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Այդպիսի պահ չի եղել: Ես զբօսանաւեր կամ հազուագիւտ կտաւներ չունեմ: Ի հարկէ, ինձ շքեղութիւնը դուր է գալիս, բայց ես երբեք դրանից չեմ կառչել եւ դա պաշտամունք չեմ դարձնում: Ամէն բան պարզ է. հաւանում եմ ինքնաթիռը, գնում եմ: Բայց ոչ ասելու համար, որ ես այն ունեմ: Գլխաւորն այլ բան է, եւ դա ինձ աւելի է ոգեշնչում. ես զբաղւում եմ իմ գործով: Ինձ համար շատ աւելի կարեւոր է ոչ մի տեղ չձախողել, չկանգնել տեղում եւ քիչ-քիչ, բայց յամառօրէն առաջ գնալ: