«Դիլիջան»ի՝ նախորդ տարի մեկնարկած տասերորդ համերգաշրջանը յոբելեանական է, միաժամանակ՝ նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին: Սա առիթ է դարձել երաժշտական ղեկավար Մովսէս Պօղոսեանի համար եւս մէկ անգամ համախմբելու երաժշտարուեստի հայ եւ այլազգի համաշխարհային մեծութիւնների:
Յունուարեան համերգը հերթական անգամ առանձնայատուկ է տաղանդաւոր երաժիշտների մասնակցութեամբ. ջութակահար Մովսէս Պօղոսեանը, դաշնակահար Արթուր Աւանեսովը, ջութակահար Վարդի Մանուէլեանը, ալտահար Խուան Միգել Հերնանդեսն ու թաւջութակահար Քարէն Ուզունեանը կը կատարեն Մանսուրեանի, Աւանեսովի, Էնեսկուի, Մենդելսոնի ստեղծագործութիւններից:
«Լարք» երաժշտական ընկերակցութեան անդամների կողմից 2005 թուականին հիմնադրուած «Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշարի ստեղծման նպատակն էր հայկական դասական երաժշտութիւնը ներկայացնել միջազգային հանրութեանը, հայրենիքից հեռու վառ պահել ազգային մշակութային ժառանգութիւնը, միաժամանակ՝ կատարել այլազգի դասականների ու ժամանակակիցների գործեր: Գաղափարը կարճ ժամանակում իրականացաւ, եւ աւելին՝ «Դիլիջան» համերգաշարը հանդիսականների ու քննադատների կողմից ճանաչուել է որպէս Լոս Անջելեսի ամենահեղինակաւոր նուագախմբերից:
«Դիլիջան»ի համերգներն անց են կացւում «Զիփեր» համերգային կենտրոնի «Քոլբըրն» սրահում, որը համարւում է քաղաքի կամերային երաժշտութեան լաւագոյն համերգասրահը: «Դիլիջան»ի Յունուարի 18ի համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել
http://dilijan.larkmusicalsociety.com/tickets.php
կամ http://www.itsmyseat.com/events/491503.html կայքէջերից:
«Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշարի կատարումներն ունկնդրելու համար կարող էք այցելել հետեւեալ կայքէջ՝ https://www.youtube.com/channel/UC4i1dZ_17iSeURgU9GvLr_w:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.