«Մեծ խանդավառութեամբ Արցախի ժողովուրդը 1991թ. Յունուարի 28ին մասնակցեց համապետական ընտրութեանը՝ ակնկալելով կառուցելու պետութիւն, որը պիտի գործէր յանուն Միացեալ Հայաստանի: Արցախի 81 ընտրատարածքներից ընտրուեց 51 պատգամաւոր, որից 48ը Յունուարի 8ին մասնակցեցին Գերագոյն Խորհրդի անդրանիկ նիստին:
Յիշում եմ, մի քանի օր շարունակ Արցախի ՀՅԴ կոմիտէութիւնում ընթանում էին քննարկումներ՝ վստահ լինելով, որ անդրանիկ նիստում ԳԽ նախագահ է ընտրուելու Դաշնակցական թեկնածուն: Յունուարի 7ին կոմիտէն միաձայն որոշեց՝ ՀՅԴ թեկնածուն Արթուր Մկրտչեանն է: Անդրանիկ նիստում առաջադրուեց 5 թեկնածու, որից 3ը ինքնիրեն բացակայ յայտարարեց, մրցակցութիւնը շարունակուեց ՀՅԴ թեկնածու Արթուր Մկրտչեանի եւ «միւսների» թեկնածու Լէոնարդ Պետրոսեանի միջեւ:
Համաձայն քուէարկութեան արդիւքների՝ 11 հոգի ձեռնպահ էր քուէարկել , 6ը՝ Լէոնարդ Պետրոսեանի օգտին, եւ 31ը՝ Արթուր Մկրտչեանի օգտին: Ընտրութիւնները անցան երկրորդ փուլ, շարունակուեցին առաջադրումները, բայց, այնու ամենայնիւ, ձայների պարզ մեծամասնութեամբ՝ 42 ձայնով, Գերագոյն խորհրդի նախագահ ընտրուեց Արթուր Մկրտչեանը:
ՀՅԴն գիտակցելով առկայ դրութիւնը Արցախի ողջ սահմանների երկայնքով, գիտակցելով արցախցու առաջ ծառացած ծանր, անյաղթահարելի խնդիրները՝ հպարտութեամբ ստանձնեց պատասխանատուութիւն: Օրեր յետոյ, երբ ես արդէն Արթուր Մկրտչեանի խորհրդականն էի, նկատելի էր նրա շուրջ ստեղծուած ինտրիգը (սադրանքը-ԽՄԲ.), որը կառավարւում էր ՀՀ օրուայ իշխանութեան կողմից:
Յիշում եմ Արթուր Մկրտչեանի եւ Վալերի Բալայեանի առաջին այցը Հայաստան, երբ ես նրանց դիմաւորեցի, խօսքերն աւելորդ էին՝ ամէն ինչ հասկանալի էր ինձ համար: Այս է ճշմարտութիւնը եւ ուրիշ շատ-շատ բաներ:
23 տարի անց ես շնորհակալութիւն եմ յայտնում նրանց, ովքեր վստահեցին այդ օրերին Արցախում գործող միակ կուսկացութեանը, շնորհակալութիւն իմ հարազատ կուսակցութեան երէկուայ եւ այսօրուայ ներկայացուցիչներին՝ Արթուր Մկրտչեանին, Ժաննա Գալստեանին, Վլադիկ Յակոբեանին, Վալերի Բալայեանին, Իգոր Մուրադեանին, Շահէն Մեղրեանին, Աշոտ Սարգսեանին, Վիգէն Շիրինեանին, Վալերի Ղազարեանին, Վիգէն Գրիգորեանին, Շահէն Յովասափեանին, Սերգէյ Չալեանին, Գուրգէն Անտոնեանին, Գէորգի Պետրոսեանին, Ֆելիքս Գաբրիէլեանին, Լեւոն Մելիք-Շահնազարեանին, Մաքսիմ Միրզոյեանին, Սլաւիկ Աղաբալեանին, Համլէտ Գրիգորեանին, Վալերի Ալեքսանեանին, Կամօ Բարսեղեանին եւ շատ-շատերին: Ցաւօք, նրանցից շատ-շատերը այլեւս մեզ հետ չեն:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.