
ՄՈՍԿՈՒԱ, «ՏԱՍՍ».- «Ռուսաստանի Դաշնութեան Պետդուման Դեկտեմբերի 10ին վաւերացրել է Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Այդ որոշումը պատգամաւորներն ընդունել են միաձայն», տեղեկացնում է «ՏԱՍՍ»ը:
Պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի նախագահների կողմից ստորագրուել է Եւրասիական բարձրագոյն տնտեսական խորհրդի Հոկտեմբերի 10ի նիստում: Այն բազային փաստաթուղթ է, որը բովանդակում Է ՌԴի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանաւորուածութիւնները ԵՏՄին Հայաստանի միանալու պայմանների վերաբերեալ եւ նպատակամղուած է ընդհանուր Միութեան գործունէութեան իրաւական հիմքի ձեւաւորմանը:
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ԵՏՄի լիիրաւ անդամ է դառնում պայմանագրի ուժի մէջ մտնելու պահից, այսինքն՝ մասնակից բոլոր երկրներում վաւերացման ընթացակարգերի աւարտից յետոյ, բայց 2015 թուականի Յունուարի 1ից ոչ շուտ:
Ինչպէս Պետդումայի ամբիոնից յայտարարել է պալատի ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահ Լէոնիդ Սլուցկին, Եւրասիական միութեանը Հայաստանի միանալը պատմական իրադարձութիւն է ԵՏՄի ստեղծման ճանապարհին: «Հայաստանն առաւելագոյն կամք դրսեւորեց զարգացման եւրոպական ուղիով ընթանալու համար: Դա պատմական որոշում է ԵՏՄի ամբողջ կառոյցի ձեւաւորման առումով», ընդգծել է նա:
Սլուցկու խօսքով՝ պայմանագիրը բովանդակում է վեց յօդուած եւ հինգ հաւելուած, որոնք «ամբողջութեամբ լուծում են հարցերի ամբողջ համալիրը, այդ թւում՝ ընդհանուր սահմանի բացակայութեան»:
Նա նաեւ յայտնել է, որ մինչեւ Դեկտեմբերի վերջը այդ պայմանագրի վաւերացման հարցը պէտք է քննարկուի Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում: Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը 2014 թուականի Մայիսի 29ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եւրասիական տնտեսական միութեան մասին, որն ուժի մէջ կը մտնի 2015 թուականի Յունուարի 1ից: