
ԲԱՔՈՒ, «Փանորամա».- Ադրբեջանի Տնտեսական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, տնտեսագէտ Գուբադ Իբադօղլուն ուշագրաւ փաստեր է վերհանել, որոնք առնչւում են արտերկրից Ադրբեջան ապրանքների ներկրման ժամանակ մեքենայութիւնների հետ՝ միաժամանակ ներկայացնելով դրանք առաւել ակնյայտօրէն պատկերող աղիւսակ: Ինչպէս տեղեկացնում է ադրբեջանական Minval.az տեղեկատուական պորտալը, այս մասին կարելի է կարդալ Իբադօղլուի ֆէյսբուքեան էջում:
Նիւթում նշուած է, որ Իբադօղլուն գրել է, թէ հաշուարկներն արուել են Ադրբեջանի 15 հիմնական առեւտրային գործընկերների ներկրման վերաբերեալ տուեալների վրայ: «Ըստ տուեալների՝ 2008-2013թթ. ընդգրկող ժամանակահատուածում մեր պաշտօնական վիճակագրական տուեալների ու հակադիր կողմերի տուեալների տարբերութիւնը վերջին 6 տարիների ընթացքում կազմում է 21.58 մլրդ. դոլար», նշել է նա:
«Այն մարդկանց մեծ մասը, որոնք արտերկրից ապրանքների մեծ ծաւալ են ներմուծում, բարձրաստիճան պաշտօնեաներ են ու օլիգարխներ: Նրանք շղթայական են իրականացնում այս գործընթացը՝ մի քանի անգամ նուազեցնելով ներկրուող ապրանքների զանգուածը, արժէքն ու չափերը: Օրինակ՝ ռուսական մաքսատանը գրանցուած ապրանքը, որը 100 տոննա է կշռում, ադրբեջանական մաքսակէտը գրանցում է որպէս 20 տոննա: Այս պարագայում չեն վճարւում անհրաժեշտ մաքսերն ու տուրքերը», նշում է պորտալը՝ յաւելելով, թէ վերջին տարիների ընթացքում ամենախոշոր մեքենայութիւններն իրականացուել են Չինաստանից, ՌԴից ու Թուրքիայից ապրանքներ ներկրելիս:
Իր հերթին ադրբեջանական Musavat.com կայքը, եւս անդրադառնալով Իբադօղլուի աղիւսակին ու վերլուծելով այն, նկատում է, որ ըստ դրա՝ Ադրբեջանի Մաքսային կոմիտէի մեքենայութիւնների պատճառով 2003-2013թթ. պետբիւջէից անհետացել է 23 մլրդ. մանաթ՝ ընդգծելով, թէ կրկին համաձայն այդ աղիւսակի՝ 2008-2013թթ. երկրի բիւջէն կորցրել է 10 մլրդ. դոլար, որը յայտնուել է անհատների գրպաններում:
Տնտեսագէտը կարծում է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանն Ադրբեջանի չանդամակցելու պատճառներից մէկն էլ դա է, քանի որ դրան անդամակցութիւնը պահանջում է մաքսային գործարքների թափանցիկութիւն, ինչն Ադրբեջանում բացակայում է:
–