«ՓանԱրմինիըն».- ՌԴում անբարենպաստ տնտեսական իրավիճակի պատճառով միգրանտների մի մասը կարող է վերադառնալ, դրամական փոխանցումներն էլ՝ կրճատուել
2014ի Նոյեմբերի տուեալներով Ռուսաստանում ՀՀ 514,500 քաղաքացի կայ: Ընդ որում, ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայութեան, այդ երկրում գտնուող Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնութիւնը՝ մօտ 431,000ը 18-59 տարեկան է:
Հայաստանից մեկնած միգրանտների մեծ մասը՝ 303,000ը, տղամարդիկ են: Մօտ 131,000ը՝ կանայք են, ընդհանուր թուի 57.5 հազարն անչափահասներ են, գրեթէ 33.000ը՝ 60ն անց տղամարդիկ:
Հոկտեմբերի սկզբի տուեալների համեմատ (մօտ 529,000) ՌԴ ժամանած Հայաստանի քաղաքացիների թիւը նուազել է: Այն ժամանակ ՌԴում կար 18-59 տարեկան 318,000 տղամարդ եւ 136,000 կին: 2014ի սկզբին, ըստ ՌԴ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու Մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ հրապարակած տուեալների, երկրում կար ՌԴ մօտ 503,000 քաղաքացի:
Վերոնշեալ թիւը ներառում է ՌԴում գտնուող բոլոր քաղաքացիներին, այդ թւում, սեզոնային աշխատանքի, գործարար նպատակներով, ուսումնառութեան կամ հանգստի մեկնած քաղաքացիներին եւ, հակառակը, չի ներառում հայազգի ՌԴ քաղաքացիներին: Որոշ լրացուցիչ տուեալներ է յայտնում ՀՀ Պետական միգրացիոն ծառայութիւնը՝ Ռուսաստանի ԴՄԾին յղումով: Այդպէս, 2014ի առաջին կիսամեակի տուեալներով, 14.7 հազար քաղաքացի ՌԴում ստացել է ժամանակաւոր կացութեան թոյլտուութիւն, 10.1 հազարը՝ բնակուելու: Ուստի, հաշուի առնելով նախորդ տարիները, 2014ի կէսի տուեալներով Ռուսաստանում ապրում էր ՀՀ մօտ 94,000 քաղաքացի, բացի այդ, եւս 10,000ը ՌԴ քաղաքացիութիւն են ստացել 2014ի Յունուար-Յունիսին:
ՌԴում Հայաստանի քաղաքացիների քանակը կարող է աճել, հաշուի առնելով առաջիկայ տարիների համար մեր երկրում ակնկալուող տնտեսական աճի համեստ ցուցանիշները, անդամակցումը ԵՏՄին, ընդհանուր աշխատաշուկայի ձեւաւորումը եւ ՀՀ քաղաքացիների համար մի շարք արտօնութիւնները: Սակայն, Ռուսաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակի պատճառով միգրանտների մի մասը կարող է վերադառնալ, իսկ դրամական փոխանցումները՝ կր-ճատուել, ինչպէս դա եղաւ 2008-2009թթ. ճգնաժամի ժամանակ: ՌԴ տնտեսութեան աճի տեմպերի դանդաղումն ու ռուբլու արժէզրկումն արդէն յանգեցրել են դրամական փոխանցումների աճի տեմպերի նուազեցմանը՝ Յունուար-Սեպտեմբերին մասնաւոր կարգով Հայաստան է փոխանցուել 1.323 մլրդ. դոլար, որից 1.1 միլիարդը Ռուսաստանից: Աճը կազմել է 0.36 տոկոս: Ընդ որում, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, եթէ ռուսական արժոյթը չարժէզրկուէր, դրամական փոխանցումների աճը 9 ամսում կը կազմէր 8 տոկոս:
Աւելի բարուոք չէ վիճակը նաեւ հարեւան երկրներում: Չնայած պաշտօնական Բաքուի մշտական զեկոյցներին տնտեսական ծաղկման մասին, Ադրբեջանի քաղաքացիների քանակը ՌԴում նոյնիսկ աւելի մեծ է: Նոյեմբերի սկզբի տուեալներով, Ռուսաստանում Ադրբեջանի մօտ 610,000 քաղաքացի կար, որից 494,000ը, գրեթէ նոյնքան, որքան ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիւն է, 18-59 տարեկան մարդիկ են՝ 350,000 տղամարդ եւ 144,000 կին: Ընդ որում, դրամական փոխանցումներն արտերկրից ֆինանսական էական աղբիւր են Ադրբեջանի բնակչութեան համար: Ըստ ABC.az-ի, 2012ին մասնաւոր դրամական փոխանցումներն աճել են 4 տոկոսով՝ հասնելով 1.837 մլրդ. դոլարի: Համեմատութեան համար, դա համարժէք էր տնտեսութեան մէջ արտաքին ներդրումների 43.7 տոկոսին՝ 4.2 մլրդ. դոլար: Ըստ «Էխօ»ի, 2013ին Ռուսաստանից Ադրբեջան է փոխանցուել 1.34 մլրդ. դոլար, ինչը 8.92 տոկոսով աւելի է, քան 2012ին (1.230 մլրդ. դոլար):
Այլ է իրավիճակը Վրաստանի պարագայում, քանի որ ՌԴում Վրաստանի ընդամէնը մօտ 30.000 քաղաքացի կայ: Պէտք է հաշուի առնել վրաց-ռուսական բարդ յարաբերութիւնները եւ այն գործօնը, որ Վրաստանի քաղաքացիներին մուտքի արտօնագիր է պահանջւում Ռուսաստան մեկնելու համար: Դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութիւնը երկրների միջեւ եւ բարդութիւնները ՌԴում գտնուելու առումով չեն նպաստում այդ երկրում Վրաստանի քաղաքացիների քանակի աճին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.