
Թուրք գրող Աբդուլլահ Գազելը «Աքբեզ. Վերջին Բերդը» վէպում պատմել է իր ծննդավայր Հաթայ նահանգի Աքբեզ գիւղից հայերին տեղահանելու մասին:
Ըստ Haberturk-ի՝ յայտնելով, որ գրքից ստացած եկամուտը նուիրելու է Աքբեզի նախակրթարանին, հեղինակն ասել է. «Անատոլիայի ամէն կողմում տարածուած իմպերիալիստական կրակը հասել է նաեւ իմ գիւղ: Ուսումնասիրել եմ տեղահանումից առաջ՝ 1900ական թուականների սկզբին տեղի ունեցածները: Այդ օրերի կենդանի վկաների՝ մեր գիւղի բնակիչների հետ եմ խօսել ու գրառումներ արել: Այս գրքում, որը ես համարում եմ կենդանի ժառանգութիւն, ցանկանում եմ պատմել տարիներ շարունակ չդադարող իմպերիալիստական խաղերի մասին»:
Գազելը գրքում պատմել է, որ հայ ազգականների հետքերով գնալիս հասել է մինչեւ Բէյրութ եւ ներկայացրել նրանց հետ հանդիպումը: «Գրքի շապիկին մի շատ հետաքրքիր լուսանկար կայ: Ձախ կողմի կինը հօրաքոյրս է՝ Սուլթանը, իսկ նրա կողքին հայրս՝ Քուշօ Մեմեթը: Ոտքի կանգնած տղամարդը հօրեղբայրս է՝ Ներսէսը, իսկ նրա մօտ կանգնած կինը՝ նրա կին Սուլթանը: Հօրեղբայրս ու նրա կինը հայ են, քրիստոնեայ, իսկ հայրս եւ հօրաքոյրս մուսուլման են: Այս տարօրինակ պատմութեան գլխաւոր հերոսը պապս՝ Հալիլ աղան է, ով 1900ականների սկզբին հայ կնոջ հետ է ամուսնացել, ով ունեցել է երկու որդի՝ Պետրոսն ու Ներսէսը: Այդ ժամանակ երեխայ եղած հօրեղբայրներս ապրել են պապիս տանը՝ պահպանելով իրենց կրօնը: Այսինքն՝ քրիստոնեայ եւ մուսուլման բոլոր բարեկամներս տարիներ շարունակ մեր տանն են ապրել»:
Գազելը նշել է, որ 1909 թուականի Ադանայի դէպքերի ժամանակ էլ, 1915 թուականի հայերի տեղահանութեան ընթացքում էլ գիւղում ոչինչ տեղի չի ունեցել:
«Գիւղի մուսուլման եւ քրիստոնեայ բնակչութիւնը, միմեանց գրկելով, թոյլ չեն տուել, որ նման դէպքեր տեղի ունենան: Հայերն սկսել են արտագաղթել, երբ ֆրանսիացիներն են եկել: Ես տարիներ շարունակ իմ հայ ազգականներին փնտռեցի եւ Բէյրութում վերջապէս գտայ նրանց, որից յետոյ այս ցնցող պատմութիւնները ցանկացայ ներկայացնել պատմական լոյսի ներքոյ», ասել է Գազելը:
Նա յայտնել է գրքից ստացած գումարը նախակրթարանին նուի-րելու պատճառը՝ ասելով, որ 1901 թուականին մի շարք պետական պաշտօնեաներ եկել են գիւղ եւ Աբդուլ Համիդ 2րդի գահակալութեան 25ամեակի առթիւ ցանկացել են գիւղում դպրոց կառուցել, սակայն գիւղում դպրոց կառուցելը պէտք է տեւեր մէկ տարի:
«Երբ պապս դա լսել է, իր առանձնատունը նուիրաբերել է դպրոցին: Այդ դպրոցն արդէն մօտ 100 տարի է՝ ծառայում է մեր գիւղին եւ մեր ընտանիքի համար կարեւոր նշանակութիւն ունի», ասել է Գազելը: