
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ
1936թ. Յուլիսի 11ին Խանջեանի դիակը Թիֆլիսից Երեւան բերին: Երեւանի կայարանում մեծ բազմութեան էր հաւաքուել: Կայարանից մինչեւ քաղաք տանող ճանապարհը փակուած էր միլիցիոներների խիտ շղթայով: (Խանջեանի դիակին դիմաւորել պաշտօնապէս թոյլատրուած էր միայն Կենտկոմի եւ Կենտգործկոմի անդամներին): Որպէս Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի: Երբ Խանջեանին բերող վագոնը մօտեցաւ կառամատոյցին, Խանջեանի զինակիցներն ու մօտիկ մարդիկ մտան վագոն եւ ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից: Խիստ սրտաճմլիկ Էր դագաղի կափարիչին տեսնել Խանջեանի անբաժան գլխարկ-կեպին:
Կայարանից մինչեւ Խանջեանի առանձնատունը, որ գտնւում Էր Հրազդանի ձախ ափին, դագաղը տարւում էր ուսերի վրայ: Համարեա հինգ րոպէն մէկ փոխւում Էին դագաղն իրենց ուսերին կրողները: Ժողովուրդը ամէն կերպ աշխատում Էր պատռել միլիցիայի շղթան եւ հետեւել Խանջեանի դագաղին, բայց միլիցիոները հարուածում եւ ետ էին մղում նրանց: Ես ականատես եղայ մի սրտառուչ դէպքի: Ակադեմիկոս Յովսէփ Օրբելին մօտեցաւ միլիցիոներներից մէկին, գրպանից հանեց Խորհրդային Միութեան Կենտգործկոմի անդամութեան տոմսը եւ ասաց. «Կեանքումս երբեք չեմ օգտագործել Կենտկոմի անդամութեան իրաւունքները, թոյլ տուէք անցնել եւ գնալ դագաղի ետեւից»:
Միլիցիոներները ձգուած պատուի առան եւ ճանապարհ բացեցին մեծանուն գիտնականի համար: Նա դագաղին հասնելով փոխարինեց մէկին, դագաղին ամրացած փայտը դնելով իր ուսերին: Դագաղի ետեւից քայլում էինք ես եւ Չարենցը, երբ մօտեցանք Խանջեանի առանձնատան դարպասներին, Չարենցն ասաց. «Ա՛յ տղայ, Ալազա՛ն, «նեուժելի» (միթէ-Խմբ.) Խանջեանի նման «բոեւոյ» (պայքարող-Խմբ.) մարդը կարող էր իրեն խփել, չէ, էստեղ մի գաղտնիք կայ, որը վաղ թէ ուշ կը պարզուի»: Եւ պարզուեց:
Դագաղը դրուեց աոանձնատան դահլիճում: Խանջեանի անձնական բժիշկ Սաղեանը եւ յայտնի վիրաբոյժ ՄիրզաԱւագեանը, տեսնելով Խանջեանի զոյգ քունքերի վէրքերը, կասկածանքով ասել են, որ այդ վէրքերը ինքնասպանի վէրքեր չեն, այլ մէկն ու մէկի ձեռքով նա սպանուած է: Այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետուեցին: Սաղեանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Աւագեանը բանտում մահացաւ դիզենտերիա հիւանդութիւնից:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ «Պլոկ»էն